ԲՀԿ-ն պարտավոր է ստանձնել «երրորդ ուժի» առաքելությունը

ԲՀԿ-ն պարտավոր է ստանձնել «երրորդ ուժի» առաքելությունը
Վերջին ամիսներին քաղաքական բեմահարթակում հիմնական  խաղացողների՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ պարբերաբար  տարաբնույթ սցենարներ են ծնվում: Դիցուք հիմա էլ մոտ մեկ շաբաթ է, ինչ շրջանառվում է, թե «Բարգավաճ Հայաստանը» համաձայնության է եկել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել կոալիցիայի հետ համամասնական ցուցակով: Ի դեպ, ուշագրավ է, որ կուսակցությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է սա:



Մինչդեռ դրանից առաջ այս ճամբարից կտրուկ հայտարարվում էր առանձին ցուցակով գնալու մասին: Ավելին, մոտ երկու շաբաթվա ընթացքում մեկը մյուսի հետեւից ԲՀԿ-ական կամ ԲՀԿ-ամերձ «թմրամոլ» անձանց ձերբակալությունների շրջանում ԲՀԿ պատգամավորներն անգամ չդիմացան եւ աղաղակեցին, թե «վհուկների որս» եւ «ինկվիզիցիոն գործընթացներ» են սկսվել ԲՀԿ-ականների դեմ:



Նկատենք, որ մյուս կողմից էլ ԲՀԿ-ն օդում կախված է թողել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջինիս քաղաքագիտական վերլուծության միջոցով համագործակցության առաջարկը եւ լռում է այդ մասին: Մինչ ընտրություններ դեռ էլի շատ ջրեր կհոսեն, հետեւաբար պետք չէ բացառել, որ կարող են նախընտրական անհավանական դաշինքներ ստեղծվել: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին խնդրեցինք վերլուծել հավանական սցենարները եւ դրանց հետեւանքները:



- Պարոն Հովհաննիսյան, եթե ԲՀԿ-ն առանձին նախընտրական ցուցակով մասնակցի 2012 թվականի ԱԺ ընտրություններին, ի՞նչ նախընտրական զարգացումներ են սպասվում, այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի ուժերի հարաբերակցությունը նորընտիր խորհրդարանում:



- Քաղաքագիտական տեխնոլոգիաների տեսանկյունից խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի ինքնուրույն՝ սեփական ընտրական ցուցակով մասնակցելու հարցը ոչ միայն ԲՀԿ-ի կենսունակությունը վերահաստատելու այլընտրանք չունեցող միջոց է, այլեւ շատ ավելի ընդգրկուն, տվյալ կուսակցության հետաքրքրությունների նեղ շրջանակից դուրս եկող կարեւորագույն խնդիր: Եթե հաշվի առնենք այն, որ մեզանում օրախնդիր է դարձել քաղաքական պլյուրալիզմի (բազմազանության) երաշխավորումը, ինչը կպահանջի ձեւավորված եւ ՀՀԿ-ի գերիշխանության տեսքով ներկայացող քաղաքական մենաշնորհի հաղթահարում, ապա ակնհայտ է՝ ինքնուրույն ցուցակով ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցության հարցը ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ մեր ողջ քաղաքական սպեկտորի (դաշտի) լինել-չլինելու հիմնահարցն է: Դուք ինձ առաջարկում եք արտահայտվել կանխատեսվող «քաղաքական զարգացումների մասին»:



Ահավասիկ, այդ զարգացումները, իմ  կարծիքով, հնարավոր են միայն ԲՀԿ-ի՝ ընտրություններին ինքնուրույն մասնակցելու դեպքում: Այլապես քաղաքական դաշտում որեւէ զարգացում ակնկալելն ավելորդ է, քանզի  քաղաքական գերկենտրոնացումը, ինչպես գերկենտրոնացումը տնտեսության մեջ, բացառում է զարգացման ինչ-ինչ հնարավորություններ: Այդ դեպքում ինստիտուցիոնալ (համակարգային) զարգացումները դառնում են անհնարին, երկրի քաղաքական օրգանիզմը հայտնվում է կաթվածահար վիճակում, իսկ վիճակից դուրս գալու միակ հնարավորությունը կապվում է գարշահոտ ճահճի վերածված պսեւդոքաղաքական համակարգի հեղափոխական տապալման հետ: Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ կարճատես վերնախավը, լռեցնելով նույնիսկ սեփական գործընկերներրի «քաղաքական մուսաները», լեգալ հրապարակային քաղաքական դաշտում ստեղծում է գերեզմանային անդորր, շուտով հեղափոխական թնդանոթները հողմացրիվ են անում եւ այդ անդորրը, եւ այդ վերնախավին: Եթե պալատական դահլիճներում քաղաքականությունը դառնում է անհետաքրքիր եւ տաղտկալի, եթե մի քանի բառեր անգիր արած թութակների նման միեւնույն ճղճիմ անձնավորությունները բարձր ամբիոններից անընդհատ արտաբերում են նույն անհեթեթ բառակապակցությունը՝ «մի քաղաքականացրեք հարցերը, մի քաղաքականացրեք, մի քաղաքականացրեք..., քաղաքականությունն անխուսափելիորեն տեղափոխվում է հեղափոխական հրապարակներ, ուր խելագարված ամբոխների միջոցով վերագտնում է իր իրական բովանդակությունն ու իմաստը: Ռուսաստանում ծավալվող հանրահավաքային ալիքն այս ճշմարտության վառ ապացույցն է:



Մարդիկ զզվել են շարմազանովների եւ իսաեւների կոմերիտական ճամարտակություններից: Թող Սերժ Սարգսյանն իր ականջին օղ անի եւ հասկանա, որ Հայաստանում, որտեղ թոշակներն ու աշխատավարձերը յոթ-ութ անգամ ավելի ցածր են, քան Ռուսաստանի նույնիսկ ամենաաղքատ գավառներում, քաղաքական դժգոհության պարպման լեգալ խորհրդարանական շանթարգելի լիակատար խցանումն իր եւ իր թիմակիցների համար կունենա ամենաողբերգական հետեւանքները: Այնպես որ ընտրություններին սեփական ցուցակով, ինքնուրույն մասնակցության հարցում ԲՀԿ-ից մի բան էլ ավելի պետք է շահագրգռված լինի հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, եթե, իհարկե, նրա շրջապատում առաջացած ճահճի դոդոշները չխանգարեն նրան սառը եւ սթափ դատողությամբ գնահատել ստեղծված իրավիճակը: Ինչ վերաբերում է Ձեր այն հարցին, թե ինչպիսին կլինի խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը ընտրություններին ԲՀԿ-ի առանձին մասնակցության դեպքում, ապա այդ հարցին ես կարող եմ պատասխանել միայն այն բանից հետո, երբ այդ ինքնուրույն մասնակցությունը դառնա իրականություն, եւ ԲՀԿ-ն հանրությանը ներկայացնի իր սեփական նախընտրական ցուցակը:



Այդտեղ հնարավոր են լուրջ անակնկալներ, որովհետեւ սեփական քաղաքական թիմի թարմացման, ուժեղացման, գաղափարական վերազինման եւ արդիականացման հարցում Գագիկ Ծառուկյանն ունի առավելություններ թե ՀՀԿ-ի, թե ՀԱԿ-ի նկատմամբ: Եթե ՀՀԿ-ի դեպքում, որը սերտաճած է պետական ապարատի հետ եւ, ըստ էության, չինովնիկների եւ օլիգարխների կուսակցություն է, պետական ուղեգծի ամրությունը վերջնականապես չխաթարելու խնդիրը լրջորեն կաշկանդում է սեփական քաղաքական թիմը թարմացնելու եւ արդիականացնելու Սերժ Սարգսյանի հնարավորությունը, եթե ՀԱԿ-ի դեպքում ընտրացուցակը կազմելիս Լեւոն Տեր-Պետրոսյանը կաշկանդված է լինելու 17 կուսակցապետերի եւ բանտերում առաջնորդին սեփական նվիրվածությունն ապացուցած բազմաթիվ ակտիվիստների ամբիցիաները բավարարելու անհրաժեշտությամբ, ապա Գագիկ Ծառուկյանը նմանատիպ խնդիրներով կաշկանդված չէ՝ եզակի հնարավորություն ունի ընտրողներին ներկայանալու էապես թարմացված քաղաքական թիմով եւ նոր գաղափարական զինանոցով: Այնպես որ մի բան է, եթե Գագիկ Ծառուկյանը կարողանա օգտվել իր առավելությունները մարմնավորող այդ եզակի հնարավորությունից, մի այլ բան է, եթե ինչ-ինչ պատճառներով նրան դա չհաջողվի:



- Իսկ եթե, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցեն միասնական ցուցակով, այդ դեպքում ի՞նչ քաղաքական զարգացումներ են հնարավոր:



- Ես արդեն ասացի, որ այդ դեպքում լեգալ քաղաքական զարգացումները կդառնան անհնարին, եւ դրա փոխարեն կլինեն փողոցային քաղաքական զարգացումներ: Ինչպես հայտնի հեղափոխական պոետն էր ժամանակին ասում, փողոցը կնմանվի մշտապես արյունահոսող բաց վերքի, ինչն ի վերջո կբերի երրորդ հանրապետության կործանման: Ես այդ հեռանկարը կողջունեի, եթե համոզված լինեի, որ երրորդ հանրապետության ավերակների վրա հնարավոր է վեր խոյացնել չորրորդ հանրապետությունը: Քանի որ ես այդ համոզմունքը չունեմ եւ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասում, «արկածախնդիր չեմ», ես այդ հեռանկարը հեռանկար չեմ համարում:



- Արդյոք չե՞ք գտնում, որ այդ հեռանկարից խուսափելու լավագույն միջոցը ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունն է:



- Աղետաբեր ցնցումներից խուսափելու միակ միջոցը ԲՀԿ-ի՝ որպես ինքնուրույն երրորդ ուժի, համագործակցությունն է եւ ՀՀԿ-ի, եւ ՀԱԿ-ի հետ: Ստեղծված իրավիճակում ԲՀԿ-ն քաղաքական դաշտը հավասարակշռելու եւ լեգալ քաղաքական զարգացումների ծիրի մեջ պահելու չափազանց պատասխանատու առաքելություն ունի: Եթե չկատարի այդ առաքելությունը՝ չստանձնի երրորդ ուժի դերակատարություն, մեծ մեղք կգործի հայոց պետականության նկատմամբ: Ի վերջո մենք պետք է հասկանանք, որ ոչ թե պետությունն ու ժողովուրդն են կուսակցության համար, այլ կուսակցությունն է ժողովրդի եւ պետության համար:



- Եթե նախընտրական փուլում հայտնվի ընդդիմադիր նոր ուժ կամ դաշինք, ապա այդ պարագայում ի՞նչ զարգացումներ են հնարավոր:



- Այդ հարցի իմաստը ես չեմ հասկանում: Մինչեւ ընտրությունները մնացել են հաշված ամիսներ: Ձեր հարցը նմանվում է մոտավորապես այն բանին, եթե դատողություններ անենք, թե ինչ կլինի, եթե մոտակա երեք ամիսներին երկրագունդն իրենց այցելությամբ պատվեն այլմոլորակայինները, եւ պարզվի, որ դրանք ազգությամբ հայեր են: Ես գերադասում եմ վերլուծել իրավիճակը «ռեալ պոլիտիկի» հողի վրա եւ իմ հույսերը կապում եմ եղած ուժերի՝ նոր դեմքով, նոր գաղափարներով եւ թարմացված քաղաքական թիմով հանդես գալու հնարավորությունների հետ: Այստեղ է, որ տեսնում եմ՝ թատերաբեմում դիրքավորված քաղաքական հիմնական ուժերից միայն ԲՀԿ-ն ունի սեփական քաղաքական թիմն էապես նորացնելու, թարմացնելու եւ վերազինելու եզակի հնարավորություն, եթե, իհարկե, ինքնուրույն մասնակցի ընտրություններին:



Օգտվելով մեծն մտածող Հեգելի բանաձեւից՝ ասեմ, որ առաքելության համար հենց նրան է ընտրել համաշխարհային ոգին, եւ եթե Գագիկ Ծառուկյանն այդ առաքելությանը հետեւելու անհրաժեշտությունից խույս տա, ինչպես նա, այնպես էլ Սերժ Սարգսյանը սեւ էջով կմտնեն նորագույն հայոց պատմության մեջ: Զգուշավոր լավատեսությամբ ցանկանում եմ հուսալ, որ ԲՀԿ-ն իր մեջ ուժ կգտնի դիմագրավելու այլեւայլ հնարավոր ճնշումներին, իսկ Սերժ Սարգսյանը՝ սանձելու ներկայիս պսեւդոքաղաքական ճահիճը հավերժականացնելու հանրապետականների «դոդոշական» ձգտումները: