Մինչեւ Նոր տարի նեղանալ չկա

Մինչեւ Նոր տարի նեղանալ չկա
Նրանք եւ աթոռը



Շարմազանովը ծիծաղելի է համարում մարդկանց ցավը, որով նրանք հրաժարվում են իրենց աթոռներից: Ի դեպ, պաշտոնյա ՀՀԿ-ականներին կարելի է ասվածը ցույց տալ Շարմազանովի կենդանի օրինակով:  Չտեսա՞ք, թե նա ինչ հեշտությամբ բաժանվեց իր աթոռից ու նստեց փոխխոսնակի աթոռին: Այո, նույն թեթեւությամբ՝ նաեւ Սամվել Նիկոյանը:



ԱՊՐԱՆՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ



Ըստ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի, իսկ նրա վերամբարձ ոճից դատելով, նաեւ ըստ ՀՀ կառավարության, մարդը, որ մեկնում է արտագնա աշխատանքի եւ դրսերից փող է ուղարկում, ապրանք է: Ստացվում է, որ Հայաստանի արտահանման եւ ներմուծման ծավալների տարբերությունն այնքան էլ մեծ չէ, ինչպես փորձում են ներկայացնել ընդդիմադիրները:



Այս կապակցությամբ Պանիկովսկին Շուրա Բալագանովին ասել է` Շուրա, ես հարգում եմ Օստապ Իբրահիմովիչին, բայց նա էշ է, էշ: Պանիկովսկին նրան կառնի ու թանկ կվաճառի, իսկ հետո նորից կառնի ու ավելի թանկ կվաճառի:



 



ՄԵԿՆ ՈՒ ՄԻԱԿԸ



ՀՀԿ-ն մեզ հավատացնում է, որ իր ընտրական ցուցակները կգաղտնազերծվեն միայն փետրվարին: Բայց հարիֆ չկա: Հայաստանում ընթացող «սատարիչ» օպերացիան մատնում է նրանց: Մասնավորապես կարող ենք նշել, որ այս դրությամբ բաղձալի ցուցակում առնվազն մեկ մարդ կա, որն էլ, ըստ երեւույթին, դեռեւս զբաղեցնում է միակ առաջին տեղը: Խոսքը Հայաստանի ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի մասին է, որը հայտարարել է, թե ՀՀԿ-ի հետ է: Այլապես ինչո՞ւ պիտի հայտարարեր:



 



ԲՈՇԱՆ



Ցեղախումբը, որ Հայկական բարձրավանդակում հայտնի է «բոշա» անվամբ, հաճախ է հիշատակվում բնիկների ժողովրդական խաղիկներում եւ բանահյուսության փոքր կտավի մյուս գործերում: Օրինակ` ասացվածքներում: Մասնավորապես այն ասացվածքը, որտեղ խոսք է գնում բոշայի եւ յուղի մասին, այսօր խիստ ակտուալ է դարձել` կապված ոչ այն է ներկրված, ոչ այն է որպես օգնություն ստացված ձեթի հետ: Բոշի յուղը որ շատ է լինում, քսում է… Շարունակությունը մեջբերման ենթակա չէ: Վտանգ կա, որ ՀՀ կառավարությունն այն կընդունի ոչ թե մարմնի այդ մասին, այլ սրտին մոտ:



Մրցակցություն կլինի՞



Այսուհետ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին կպատկանի ոչ միայն «Երեւան սիթի» խանութների ցանցը, այլեւ շահույթ չհետապնդող «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը: Նշված տարածաշրջանում, չի բացառվում, կարող է առողջ մրցակցություն ծավալվել «ձեթ՝ ձայնի դիմաց» գործընթացի շուրջ: Ո՞րը կնախընտրեն անապահով ապարանցիները` վարչապետին պատկանող արտակարգ իրավիճակների նախարարության «երեք շիշ» կասկածելի ձե՞թը, թե՞ Սամվել Ալեքսանյանի «Թարմ շշալցրած երեք շիշ ձեթ, պլյուս երկու շիշ օղի առանց փողի» հավաքածուն: Ենթադրվում է երկրորդը, բայց չի բացառվում, որ հնարամիտ ապարանցիներն ընտրեն եւ այն, եւ այն:



Էդիկ Անդրեասյան