Իշխանությունն ազատվում է մկից, ընդդիմությունը՝ ճտից

Իշխանությունն ազատվում է մկից, ընդդիմությունը՝ ճտից
Բոլորի նման, երեկ էլ ՀԱԿ համակարգող Լեւոն  Զուրաբյանն ամփոփեց ընդդիմության քաղաքական տարին: Նա գտնում է, որ 2012 թվականն ամենահաջող տարին է եղել արմատական ընդդիմության համար: 22 հանրահավաք, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ: ՀԱԿ անդամի համար կարեւոր էր նաեւ երկխոսությունը, որի ընթացքում ընդդիմությունը ներկայացրել է իշխանությունների ոչ լեգիտիմ լինելը: ՀԱԿ համակարգողը, սակայն, չնշեց,  թե ինչու են մի շարք առանցքային քաղաքական գործիչներ հեռացել ՀԱԿ ճամբարից, պարզապես ասաց, որ եթե իշխանությունն ազատվում է Մկից, իրենք էլ ազատվում են Ճտից: Երեկ թերթերից մեկում տպագրվել էր Սուրեն Սիրունյանի՝ Վանո Սիրադեղյանի «Ճտի» հարցազրույցը, եւ բոլորը հասկացան, որ հենց նրան նկատի ունի Զուրաբյանը:



ՀԱԿ համակարգողի կարծիքով, ցանկացած քաղաքական ուժ պետք է թարմանա: «Հոգնածները, հուսահատվածները, վհատվածները կարող են հեռանալ: Թարմ ուժերը պետք է լրացնեն մեր շարքերը: Այդտեղ ի՞նչ մի պրոբլեմ կա»,- ասաց Լ. Զուրաբյանը: Ստացվում է, որ այն ժամանակ հեռացվել են հոգնածներն ու հուսահատվածները: ՀԱԿ համակարգողն առաջիկա ընտրություններից առաջ նախ հույս ունի ազատվել գործող ոչ լեգիտիմ իշխանություններից, ասել է թե՝ կլինի հրաժարական, սակայն եթե մինչ ընտրությունները ոչինչ չփոխվի, իրենք կմասնակցեն ընտրություններին, ԱԺ ընտրություններն էլ օգտագործելով՝ կհասնեն արտահերթ նախագահական ընտրությունների:



Սակայն առաջիկա ընտրություններից ՀԱԿ-ում ոչ մի դրական ակնկալիք չունեն, քանի որ ոչինչ չի փոխվել, միայն, ինչպես Զուրաբյանը նշեց, հասարակությունն ավելի պահանջկոտ է դարձել, իսկ միջազգային դիտորդները՝ ավելի ուշադիր: Այն հարցին, թե  ՀԱԿ անդամները եթե նկատեն ընտրախախտումներ, սակայն մի փոքր զանգված ԱԺ-ում տեղ գտնի, նրանք վայր կդնե՞ն մանդատները, թե՞ կմասնակցեն խորհրդարանական աշխատանքներին, ընդդիմադիր գործիչն ասաց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել: Սակայն նշեց նաեւ, որ խորհրդարանական ամբիոնն օգտագործել է պետք:



Այն հարցին, թե այս 4 տարիների ընթացքում ՀԱԿ-ը միշտ այսօր-վաղը կանխատեսում է հեղափոխական ալիք, սակայն չեն հասնում արդյունքի, այդ ինչպե՞ս է, որ փետրվար-մարտ ամիսներին կհասնեն, Զուրաբյանն ասաց, որ այդ ամենի մեջ դերակատարում կունենա արտագնա աշխատանքի մեկնող այն խումբը, որն ամռանը Հայաստանում չի լինում, իսկ նրանք 100 հազարից մինչեւ 200 հազար են լինում, որոնք էլ, բնականաբար, բողոք ունեն, քանի որ զրկված են աշխատանքից:



Անդրադառնալով ՀԱԿ-ի «թշնամի» թերթերի մասին հայտարարությանը, հարց ուղղեցինք պարոն Զուրաբյանին, թե ինչպես են նրանք պատկերացնում ժողովրդավարությունն ու ազատ խոսքը, երբ լրագրողը փորձում է ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանից որեւէ մեկնաբանություն ստանալ, իսկ նա ասում է՝ «ես ձեզ ասելու ոչինչ չունեմ»: ՀԱԿ  համակարգողը նշեց, որ գուցե լարվածությունից եւ այդ օրը շատ ուրիշ լրատվամիջոցների հետ խոսելու պատճառով է, որ այլեւս չի կարողացել պատասխանել: «Մենք ինքներս էլ պայքարում ենք հանուն ազատ խոսքի  եւ ժողովրդավարության, նման բան լինել չի կարող, գուցե անձնական վիրավորանքի արդյունքում է նման բան եղել»,- փորձեց Մանուկյանին արդարացնել Զուրաբյանը:



Հարություն Մկրտչյան