Հրեշտակներ ոստիկանությունից. Մեղա Աստծու

Հրեշտակներ ոստիկանությունից. Մեղա Աստծու
Մեր տեղեկություններով, Վովա Գասպարյանի մտահղացմամբ առաջիկայում նոր ստորաբաժանում է ստեղծվելու  ոստիկանությունում, որն իրականացնելու է արտաքին ծառայություն, մասնավորապես զանգվածային միջոցառումների ժամանակ: Թեեւ այսպիսի ստորաբաժանումներ կան, օրինակ, պարեկապահակային ծառայությունում, սակայն այն էապես տարբերվելու է ՊՊԾ-ից: Այն, այսպես ասած, էլիտար ծառայություն է լինելու, որի ներկայացուցիչները պետք է բարձր գիտելիքներով ու մի շարք հմտություններով օժտված լինեն: Տիրապետեն անգլերենին, առաջին բուժօգնություն ցուցաբերեն` ընդհուպ ծնունդ ընդունել, ինչպես նաեւ քաղաքացիների հետ ցիվիլ բանակցելու հմտություն ունենան: Նշենք, որ ՊՊԾ-ի դեպքում այս գործառույթը նախկինում իրականացնում էին Վալերի Օսիպյանն ու հայտնի Բազազը` Ռոբերտ Մելքոնյանը: Հավանաբար նրանք այլեւս չեն համապատասխանում միտինգ ցրելու ժամանակակից` գասպարյանական պահանջներին:



Մեր աղբյուրի փոխանցմամբ, Գասպարյանը հատուկ բծախնդրությամբ է ընտրում այս ստորաբաժանման  թեկնածուներին: Նույնիսկ երեկ նրանց հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ պետք է լինեն  «քաղաքացիների պահապան հրեշտակները»: Ի դեպ, նա խիստ կարեւորել է երիտասարդ լինելն ու բարետես արտաքինը՝ թերեւս հրեշտակների իմիտացիա ստեղծելու համար: Կընդգրկվեն նաեւ կանայք: Այնպես որ, բազազների ժամանակն անցավ, եկել է երիտասարդ, ինտելիգենտ ու համակրելի ոստիկանների ժամանակը: