Սամվել Նիկոյանը կթշնամանա վարչապետ Սարգսյանի հետ

Սամվել Նիկոյանը կթշնամանա վարչապետ Սարգսյանի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սիրում է կրկնել, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ինքն է նշանակել այդ պաշտոնում, բայց պարզվում է՝ մերժել է նրա խնդրանքը՝ ԱԺ մի խումբ պատգամավորների ամանորյա պարգեւատրում տալ: Այդ պարգեւատրման գումարը չափազանց փոքր է, որպեսզի հավատանք այն վարկածին, որ բյուջեում դրա համար փող չկա: Պատգամավորները պարգեւատրում պետք է ստանային իրենց ամենամսյա աշխատավարձի չափով: Այսպես ասած՝ 13-րդ աշխատավարձ: Պատգամավորի աշխատավարձը 240 հազար դրամ է, իսկ բիզնես չունեցող պատգամավորների թիվը, որոնք պայմանականորեն համարվում են նյութապես անապահով, չի անցնում 40-ը, այնպես որ այդ գումարը չէր անցնում 10 մլն դրամից, որը, համաձայնեք, այնքան էլ մեծ գումար չէ, որպեսզի վարչապետ Սարգսյանը դրանով տրորեր իր «նշանակած» ԱԺ նախագահի հեղինակությունը: Ինչպես հայտնի է, Հայաստանում հեղինակություն ձեռք բերելու ամենահեշտ եւ տարածված միջոցը դարձել է փող բաժանելը. ով բաժանում է, նա դառնում է հեղինակություն, իսկ մերժողները հեղինակազրկվում են: Այդ դեպքում ինչու կառավարության ղեկավարը որոշեց «հեղինակազրկել» Նիկոյանին, որին ԱԺ նախագահի աթոռին տեսնելն իր համար մեծագույն հաջողություն էր: Իրականում կա Նիկոյանին մերժելու այլ պատճառ:



Դեկտեմբերի 7-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո Տիգրան Սարգսյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է իր պաշտոնանկությունը, պատասխանեց, որ դրա համար հիմքեր չի տեսնում, քանի որ ԱԺ-ում կա մեծամասնություն: Սարգսյանը համոզված էր, որ Նիկոյանի ընտրությունից հետո ինքն ԱԺ-ում ընդհանրապես խնդիրներ չի ունենալու: Բայց հենց հաջորդ օրը քվեարկության դրվեց բյուջեի նախագիծը, որն անցավ սահմանային 66 ձայնով, իսկ քիչ անց քվեարկության դրվեց կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ առաջարկը, որին դեմ քվեարկեց ընդամենը 48 պատգամավոր: Ահա եւ Տիգրան Սարգսյանի՝ մեծամասնություն ունենալու հայտարարության պատասխանը:



Բայց սրանով պատասխանը չսահմանափակվեց, եւ պարգեւավճարների հետ կապված պատմությունն այդ պատասխանի մի մասն է: Վարչապետ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կհեռացնեն զբաղեցրած պաշտոնից: Բայց մինչ այդ պետք է ապացուցեն, որ նա ոչ միայն մեծամասնություն չունի խորհրդարանում, այլեւ իր դեմ կարող է հանդես գալ նույնիսկ նա, որին ինքը համարում է «իր նշանակածը»՝ Սամվել Նիկոյանը: Իսկ ինչպես կարող է Նիկոյանը թշնամանալ Սարգսյանի հետ: Դրա համար պետք է ցույց տալ, որ վարչապետ Սարգսյանը հնարավորություն չունի լուծել անգամ 10 միլիոն դրամ արժեցող հարցեր, թեկուզ դրանից կախված լինի Նիկոյանի չափազանց խախուտ հեղինակությունը:



Նիկոյանին պետք է ցույց տալ, որ Տիգրան Սարգսյանն անկարող է իրեն որեւէ հարցում օգտակար լինել, եւ նրա հետ լուրջ հույսեր կապելը ոչ մի օգուտ, բացի վնասից, չի կարող բերել: Մի խոսքով, ստեղծել այնպիսի վիճակ, որ եթե վաղը կրկին դրվի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, առաջինը դրա օգտին քվեարկի Սամվել Նիկոյանը, որն ի դեպ՝ սոցիալապես անապահովների խմբում է, քանի որ համարվում է բիզնես չունեցող պատգամավոր:



Պարգեւավճարների չվճարմամբ այդ խնդիրը մասնակիորեն լուծվեց, քանի որ պատգամավորների աչքում Նիկոյանը հիմա անճարակ ու խեղճ մարդու համարում ունի: Ճիշտ է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հասկացրել է Նիկոյանին, որ մերժումը պետք է փնտրել ոչ թե կառավարությունում, այլ նախագահականում՝ դրանով դժգոհության ալիքն ուղղելով դեպի նախագահ Սերժ Սարգսյանը, որպեսզի չստացվի, թե մերժողն ինքն է, այլ՝ նախագահ Սարգսյանը, սակայն նախագահ Սարգսյանն ԱԺ նախագահին բացատրել է, որ ֆինանսատնտեսական բնույթի հարցերը պետք է քննարկել վարչապետի հետ:



ԱԺ նախագահին նվաստացրել են ոչ միայն պատգամավորների, այլեւ ԱԺ աշխատակազմի մոտ: ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին Ամանորին ընդառաջ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները ստանում էին տոնական փաթեթներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, օղի, կոնյակ, տարբեր պահածոներ, մի խոսքով՝ այն ամենը, ինչ արտադրվում կամ ներմուծվում էր ԱԺ գործարար պատգամավորների ձեռնարկություններում: Սամվել Նիկոյանը փորձել է ընդօրինակել Հովիկ Աբրահամյանին եւ դիմել է գործարար պատգամավորներին, սակայն նրան շատ կտրուկ մերժել են՝ հասկացնելով, որ պետք չէ համեմատվել Հովիկ Աբրահամյանի հետ, որի խնդրանքն իրենք չէին կարող մերժել: Նիկոյանը, բնականաբար, չէր կարող այդ խնդրանքով դիմել Տիգրան Սարգսյանին, քանի որ վերջինս էլ իրեն նվիրել է օլիգոպոլիաների դեմ պայքարի գործին եւ չի կարող նրանց ինչ-որ բան խնդրել: Իսկ այն օլիգարխները, որոնց դեմ նա ոչ թե պայքարում է, այլ՝ ծառայում, չափազանց ժլատ են աշխատակազմին օգնելու համար:



Այնպես որ այս տարի աշխատակազմը կստանա միայն «Գյումրի» գարեջուր, այն էլ՝ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանից, եւ Ամանորը կդիմավորի Սամվել Նիկոյանին «դեսը ղրկողներին» եւ իր բախտն անիծելով:



Հնարավոր է, որ նույնիսկ այս ամենը բավարար չլինի Նիկոյանին հասկացնելու, որ Տիգրան Սարգսյանը ոչ թե իր բարեկամն է, այլ՝ թշնամին: Բայց կան լրացուցիչ միջոցներ, որոնց արդյունքում նույնիսկ Նիկոյանի ընտանիքի անդամներն անեծքով կխոսեն Տիգրան Սարգսյանի մասին:



Ավետիս Բաբաջանյան