Ո՞րն է 2011-ի քաղաքական նշանակալից իրադարձությունը

Ո՞րն է 2011-ի քաղաքական նշանակալից իրադարձությունը
Թե անցնող 2011-ի հայաստանյան քաղաքական գործընթացներն ու հատկապես ինտրիգները շարքային քաղաքացիների համար ինչով նշանակալի դարձան, յուրաքանչյուրն իր պատասխանը կունենա: Իսկ թե որն էր 2011-ի քաղաքական ամենանշանակալից իրադարձությունը, հայաստանյան քաղաքական եւ հասարակական գործիչները մեր հարցմանը բազմազան պատասխաններ տվեցին: Օրինակ, ամբողջ տարին քաղաքական իրադարձություններին հետեւող Գյումրիի «Ասպարեզ» օրաթերթի եւ համանուն ակումբի ղեկավար, լրագրող Լեւոն Բարսեղյանը, մեր հարցը լսելով, նախ լիաթոք ծիծաղեց, ապա հումորով նկատեց. «Ինչու այս տարին քաղաքակա՞ն էր... Սա գյուղատնտեսական տարի էր, որն սկսվեց կթվորության մասին դասերով՝ դեմքով դեպի գյուղացին, հետույքով չգիտես ուր...»: Բարսեղյանի խոսքով, քաղաքական տարին «նշանակալից» էր ներքաղաքական ճգնաժամի խորացմամբ՝ «մասնավորապես երկրի հանրապետականացման մոլուցքը»:



«Այս առումով մի շարք իրադարձություններ կարելի է առանձնացնել՝ սկսած տարեսկզբից, երբ փետրվարի 17-ին կոալիցիայի, այսպես կոչված՝ վերահաստատման հուշագիրը կնքվեց, որում հիշատակում կար հաջորդ ընտրություններին համանման համամասնությամբ ԱԺ-ում տեղեր գրավելու մասին»,- հիշեցրեց Բարսեղյանը՝ ընդգծելով. «Այսինքն հենց էն գլխից սկսած՝ իշխանությունն ՕԵԿ-ին ու «Բարգավաճին» սրի քաշեց, մինչեւ տարեվերջ էլ հավանաբար եզրափակիչ ակտը տեղի կունենա, եւ ակնկալվում է, որ «Բարգավաճի» թագավոր ախպերը կվերահաստատի փետրվարի 17-ի համաձայնությունը: Ասել է թե թիկունքով կվերադառնա ՀԱԿ-ի առաջնորդի առաջարկին»: Վերջինիս մասով էլ, որպես արմատական ընդդիմադիրի դերակատարության, Բարսեղյանը նկատեց. «Ճիշտ է՝ ՀԱԿ-ը փորձեց իր ջանքերը գործի դնել հոկտեմբերի սկզբին, շուրջօրյա հանրահավաքներ անել, սակայն անօգուտ, որովհետեւ չափազանց քաղաքավարի քաղաքական պայքարը, քաղաքավարի ընդդիմությունը լավ բան չէ»: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը եւ քաղբանտարկյալների  ազատ արձակումը Բարսեղյանի համար եւս նշանակալից իրադարձություններ են, «ցավոք, Տիգրան Առաքելյանը դեռ անազատության մեջ է»,- ավելացրեց խմբագիրը: «Քաղաքական գործիչների հետ կապված իրադարձություններ էլ եղան, բայց դրանք PR-ի մակարդակի խուլիգանություններ են՝ չափալախելու հանդիսավոր արարողություն եւ այլն, եւ այլն, լիսկաներ...»:



Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ «բացառիկ» իրադարձություն էր ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը: «Ճիշտ է, տրամաբանական ավարտի չբերեց՝ արտահերթ ընտրություններ չեղան, բայց չափազանց կարեւոր էր Հայաստանի քաղաքական մշակույթի համար»,-  նշեց քաղաքագետը: Արտաքին քաղաքականության հարցում էլ, ըստ վերջինիս, նշանակալից էր ԼՂ հիմնախնդրի հարցում ստատուս քվոյի «ամրացումը»:



Փոխարենը ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, տարին «նշանակալից» էր հենց Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում մի շարք «ջախջախիչ պարտությունների» առումով. «...Սկսած ֆուտբոլային դիվանագիտության ակորդից: Իսկ ձախողման վերջին նոտան կհնչի հավանաբար 2012-ին, քանի որ Ղարաբաղի հիմնահարցում վերջնականապես տանուլ տվեցինք, Ղարաբաղը բանակցային կողմ չէ, դեպքերն ու իրադարձությունները զարգանում են Արցախից դուրս, իսկ սա նշանակում է կործանում: 20 տարվա ընթացքում այնտեղ թափված արյունը եւ մոտ 6 հազարից ավելի վիրավորներն ու զոհերը մենք վերջնականապես կորցրինք 2011-ին»: Չնայած Եղիազարյանի համար նախեւառաջ ամենանշանակալից քաղաքական  իրադարձությունները Տիգրան Սարգսյանի հետ էին կապված.



«Երբ վարչապետ կոչվածը հայտարարեց, որ՝ այո, Հայաստանը պետք է հայաթափվի, որպեսզի հանկարծ հեղափոխություն չանեն, հաջորդը, որ ասաց՝ ազգաբնակչության 30 տոկոսն աղքատ է, իսկ 30-ի կեսն էլ՝ ծայրագույն աղքատ: Նման հայտարարություն անող մարդը, որը հանդիսանում է այդ ոլորտի գլխավոր պատասխանատուն, լավագույն դեպքում պետք է ինքնասպանություն գործեր»: Ի դեպ, Եղիազարյանի կարծիքով, քաղաքական ձեռքբերում էր, որ ՀԱԿ-ն առավել քան ամրացավ իր դիրքերում, որը նկատելի կդառնա 2012-ին: Մինչդեռ «Ազգային ժողով պատգամավորական խումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյանի դիտարկմամբ, անցնող տարին բոլոր տեսանկյուններից հուսադրող ոչինչ չունի. «Եթե 2008-ից սկսած համեմատություն անենք... վերելքը, որ կար, ու ժողովուրդը ոտի բարձրացավ, հույսեր արթնացան, մարդկանց քաղաքական ոգին արթնացավ, այսօր ոչինչ չկա: Ցավոք, սա այն տարին էր, որ իշխանությունների անօրինականություններին որեւէ հակազդեցություն չտեսանք»:



Նկատի ունեք ընդդիմադիր ուժերի հակազդեցության բացակայությո՞ւնը: «Դե... ինչ անուն տալ դրան... ոգի ոնց որ թե չկար ու ցավոք՝ գնալով մարում է, հուսադրող բաներ չկան, որ մարդ մի ոգեւորող բան ասի: Իսկ նոր տարուց լավ բաներ սպասելու համար հիմքեր են պետք, որոնք բացակայում են»: Թորոսյանն առհասարակ քաղաքական նշանակալից իրադարձության մասին խոսելն ամոթ համարեց, ապա հումորով նկատեց. «Որ ամենամեծ ձեռքբերումն անշուշտ Սերժ Սարգսյանին ԵԺԿ-ի մեդալ շնորհելն էր: Բա դա լուրջ ձեռքբերում է, բա ի՞նչ... Սերժ Սարգսյանին Եվրոպայի խաղաղ ժողովրդավարություն հաստատելու համար կրծքանշան են տվել, Եվրոպայի ընտանիք են ընդունել»:



«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ առանձնացրեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: «Այդ կարգի քաղաքական գործիչը հացադուլի միջոցով իր բողոքն արտահայտեց գործող քաղաքական կառավարման համակարգին, ինչպես նաեւ ցույց տվեց, որ եթե ամեն մեկս մի փոքր մեզանից զրկենք, ավելի զուսպ  ապրել կարողանանք, հնարավոր է երկիրը շատ արագ զարգացնել»,- հիմնավորեց Մարտիրոսյանը: Սարկոզիի այցի հիշատակման վերաբերյալ էլ նշեց.



«Ի վերջո Սարկոզին Հայաստանում կոնկրետ հայտարարություններ արեց, հատկապես էներգետիկ ոլորտին վերաբերող՝ նոր ատոմակայանի կառուցման իրենց աջակցության վերաբերյալ, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ցեղասպանության վերաբերյալ»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի համար այդուհանդերձ նախեւառաջ 2011-ի քաղաքական նշանակալից իրադարձությունը Ռուսաստանում դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններն ու հետընտրական բողոքի ակցիաներն են: «Որովհետեւ մենք երկար ժամանակ, որպես կանոն, կրկնել ենք ռուսական մոդելը, վկայակոչել ենք ռուսական մոդելը եւ կողմնորոշվել ռուսական մոդելի վրա»: «Ռուսաստանում, այսպես կոչված, հարաբերական դադար էր եւ հարաբերական ճահճացում, եւ փաստորեն հիմա Ռուսաստանը դուրս է գալիս այդ ճահճացումից»,- նշեց Սեդրակյանը՝ նկատելով. «Եթե մենք պետք է շարունակենք ռուսական մոդելը, ապա ակնհայտ է, որ ժամանակն է, որ Հայաստանն էլ արթնանա այդ թմբիրից»: Ներքաղաքական հարթությունում էլ հատկանշական համարեց բանակային դեպքերը:



«Շատ եմ կարեւորում թե անկախության 20-ամյակը. դա ինձ համար մեծագույն քաղաքական իրադարձություն է: Բայց այդ համատեքստում կուզենայի, որ մեր անկախությունը պահող ինստիտուտները՝ բանակն ու անվտանգության համակարգը, ամուր լինեին: Այս համատեքստում կարեւոր է նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագիծը, որովհետեւ ժամանակն է եկել լրջորեն քննարկելու թե մեր պետական եւ թե արտաքին պետական անվտանգության մարտահրավերները»: