Էռնեկյանը բարեգործ է միայն Սերժ Սարգսյանի՞ նկատմամբ

Էռնեկյանը բարեգործ է միայն Սերժ Սարգսյանի՞ նկատմամբ
Երեկ բոլոր լրատվամիջոցներն ազդարարեցին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից «Հայաստան համահայկական հիմնադրամին» մեծ նվիրատվության` 11 մլն դոլար հատկացնելու մասին: Եվ այսպես. Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում նախօրեին տեղի ունեցած ճաշկերույթի ժամանակ Էդուարդո Էռնեկյանի ներկայացուցիչը 11 միլիոն դոլարի նվիրատվություն է խոստացել:



Ըստ էության սա ռուսաստանաբնակ հայ գործարարների ավանդական հանգանակության ճաշկերույթն էր, որը 2008 թվականից ամեն տարի տեղի է ունենում Մոսկվայում, եւ որտեղ, հեռուստամարաթոնին զուգահեռ, փող է հանգանակվում «Հայաստան համահայկական հիմնադրամի» ծրագրերի համար: Եվ ուշագրավ է, որ ամենամեծ նվիրատվության խոստումը տվել է ոչ թե ռուսաստանցի մեկը, այլ արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը։ Ճաշկերույթն ընդհանուր առմամբ գրանցել է 18 միլիոն 635 հազար դոլարի նվիրատվության խոստում: Նշենք նաեւ, որ 2011-ի ռուսաստանյան ճաշկերույթն առհասարակ աչքի ընկավ մի շարք առանձնահատկություններով:



Նախ դրան այս տարի առաջին անգամ չմասնակցեց Սերժ Սարգսյանը, որը փաստացի ճաշկերույթի ավանդույթի նախաձեռնողն է, որովհետեւ ավանդույթը ձեւավորվեց իր նախագահության առաջին տարում: Բայց եթե նախագահի մամլո ծառայությունից արդարացել են, թե նախագահը միայն խրախուսելու նպատակով է այս տարիներին մասնակցել, ապա որեւէ բացատրություն չկա ռուսաստանահայ գործարարների՝ այս տարվա  ճաշկերույթի նկատմամբ հետաքրքրության նվազման մասին: Համենայնդեպս նախորդ տարիներին մեծ ակտիվություն եւ նվիրատվություն ցուցաբերած գործարարներն այս տարի կամ չեն մասնակցել, կամ էլ չնչին գումարներ են նվիրաբերել:



Օրինակ, Ռուսաստանում բնակվող հայ մեծահարուստներից Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը նույնպես չի մասնակցել ճաշկերույթին. նա այս օրերին ԱՄՆ-ում է: Չի մասնակցել նաեւ արցախցի գործարար Լեւոն Հայրապետյանը: Իսկ միլիարդատեր,  «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանն էլ հատկացրել է մեկ միլիոն դոլար, այն դեպքում, երբ նախկին ճաշկերույթներում Կարապետյանն իր ուսերին էր վերցնում հանգանակության առյուծի բաժինը. համեմատության համար նշենք, որ 2009-ին, օրինակ, Կարապետյանը մոտ 15 միլիոն է նվիրաբերել: Եվ ահա այս ֆոնին իսկապես ուշագրավ էր արգենտինահայ գործարարի ցուցաբերած նվիրատվությունը:



Երեկ «Հրապարակի» խմբագրություն էին զանգահարել մի խումբ արմավիրցիներ՝ զարմանք հայտնելով Էռնեկյանի շռայլության առիթով: Հայտնի է, որ արգենտինահայ գործարարն Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանում հեկտարներով հողեր ունի, որոնց հիմնական մասը խաղողի այգիներ են: Խոշոր գործարարը, որն այս օրերին աչքի ընկավ շռայլությամբ, արմավիրցիների մոտ «սկսնակ եւ փողի կարիք ունեցող» գործարարի պահվածք է դրսեւորել:



Վերջինիս շռայլությունից տարակուսած արմավիրցիները հարց են տալիս՝ ինչո՞ւ գործարարն այդքան «բարեգործ չէ» իրենց՝ հողագործների նկատմամբ: Նրանք պատմեցին, որ Էռնեկյանը բոլոր միջոցները գործադրում է, որպեսզի իր այգու՝ ֆրանսիական բարձր որակի եւ բերքատվության խաղողի տնկիները չհայտնվեն գյուղացիների ձեռքում՝ «նույնիսկ վաճառել չեն համաձայնում, իսկ երբ այգիներն էտում են, այդ սեզոնին տարածքում շուրջօրյա հսկողություն է իրականացվում, եւ վերջում բոլոր տնկիները հավաքում-այրում են: Վախենում են, որ մենք կօգտագործենք այդ տնկիները եւ իրենց նման շատ բերք կստանանք ու իրենց գործին կխփենք»,- բողոքում են մեզ զանգահարողները:



ՀԳ - Ի դեպ, երեկ Արմավիրի մեր աղբյուրները եւս հաստատեցին, որ Էռնեկյանը կտրուկ դեմ է իր այգիների տնկիների տարածմանը, թեպետ վերջինիս ներկայացուցիչներից մեր տեղեկության մասին պաշտոնական պատասխան ստանալ չհաջողվեց: