«Ազատ դեմոկրատները» կմասնակցեն առանձին

«Ազատ դեմոկրատները» կմասնակցեն առանձին
Ծանոթներիցս մեկը վստահեցնում էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կարող է ձեւավորվել մի նախընտրական դաշինք, որին կանդամագրվեն «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» եւ Միացյալ աշխատանքային կուսակցությունները: «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» միավորման մասին էլի են խոսել, հիմա դրան միացնում են ՄԱԿ-ին, որը վերջին հինգ տարիների ընթացքում որեւէ բանով աչքի չի ընկել: Ընդ որում՝ ծանոթս վստահեցնում էր, որ այս դաշինքի կայացմանը խանգարում է մի մանրուք՝ ԲՀԿ դիրքորոշման հստակեցումը:



Եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասին հանդես գա խորհրդարանական ընտրություններում, ապա կառաջանա ԲՀԿ-ից դժգոհ եւ հիասթափված մեծ ընտրազանգված, որը կսկսի փնտրել նոր գաղափարներ, նոր քաղաքական  ուժեր: Եվ հենց այդ ժամանակ էլ կհայտարարվի այդ դաշինքի ստեղծման մասին, որն իր կողմը կգրավի ՀԱԿ-ից եւ ԲՀԿ-ից հիասթափվածներին եւ դրանով կապահովի իր մուտքը խորհրդարան: Հիմա պարզ է, որ ԲՀԿ-ի դիրքորոշումն այլեւս հստակ է. այս կուսակցությունը միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ինչը նշանակում է, որ ԲՀԿ-ն հասարակության ինչ-որ մասի կողմից հերթական անգամ դիտվելու է ՀՀԿ-ի այլընտրանք եւ չի ունենալու հիասթափվածներ եւ նույնիսկ կարող է իր կողմը գրավել ՀԱԿ-ից հիասթափված, բայց փոփոխությունների ձգտող ընտրազանգվածի մի որոշ մասի:



Ընդունված է համարել, որ ցանկացած ընտրություններում կա չկողմնորոշված ընտրազանգված, որը, դեմ լինելով իշխանությանը, կողմ չէ արմատական ընդդիմությանը եւ փոփոխությունների իրականացումը տեսնում է էվոլյուցիոն եւ անցնցում: ՄԱԿ-ն այդ դերը կատարել է 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, «Ժառանգությունը»՝ 2007թ., ենթադրվում է, որ 2012-ին այդ տեղը պետք է զբաղեցնի «Ազատ դեմոկրատները»: Եթե հարցին մոտենում ենք զուտ պրագմատիկ տրամաբանությամբ, ապա այս ուժերի դաշինքն անհավանական է, քանի որ ինչ տրամաբանությամբ պետք է «Ազատ դեմոկրատներն» իրեն հասանելիք տեղերը կիսի այլ կուսակցությունների հետ, մանավանդ որ թե «Ժառանգությունը» եւ թե ՄԱԿ-ը դաշինքին միանալու դեպքում հանդես էին բերելու ամբիցիաներ, որոնք բավարարելու դեպքում միասնական համամասնական ցուցակում «Ազատ դեմոկրատներն» ունենալու էր աննշան մասնակցություն:



«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւս հերքեց ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությունը, ասելով, որ իրենք հակված են մասնակցելու միայնակ: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի հետ բանակցելուն, ասաց, թե Գուրգեն Արսենյանին տեսել է 6 ամիս առաջ, այն էլ՝ պատահաբար եւ ամենեւին ոչ բանակցելու նպատակով:



«Ազատ դեմոկրատների» նման մոտեցումը միանգամայն տրամաբանական է: Իշխանությունը չի ցանկանա խորհրդարանում տեսնել ոչ «Ժառանգությանը» եւ ոչ էլ ՄԱԿ-ին: Նման պայմաններում այս ուժերի հետ դաշինքը ոչ միայն չի կարող ուժեղացնել այս կուսակցությանը, այլեւ կարող է հավելյալ դժվարությունների պատճառ դառնալ: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե այս կուսակցությունները կիսում են միմյաց էլեկտորատը եւ միայն միավորված հանդես գալու դեպքում կարող են հասնել հաջողության, ապա կարծում ենք՝ իմաստ չունի լուրջ վերաբերվել նման միամիտ վերլուծություններին: Հայաստանում էլեկտորատի մեծ մասը չի հավատում եւ չի վստահում որեւէ քաղաքական ուժի. անկախ նրանից, թե դրանք քանի անվճար ակնոց են բաժանել, կամ քանի բարեգործական աբորտ է արվել կուսակցության երիտասարդական թեւի հովանավորությամբ: Էլեկտորատը կողմնորոշվում է միայն վերջին պահին եւ խիստ շուկայական մեխանիզմներով: Լավ է թե վատ, գովելի է թե դատապարտելի՝ դա արդեն ճաշակի խնդիր է. փող չունեցողները բարոյականություն են քարոզում, ունեցողներն էլ փորձում են հնարավորինս արդյունավետ ծախսել:



Ավետիս Բաբաջանյան