Բարձրակարգ հեղափոխության անհրաժեշտությունն ու ինքնասպանության ակտը

Բարձրակարգ հեղափոխության անհրաժեշտությունն ու ինքնասպանության ակտը
«Սարդարապատ»  շարժման նախաձեռնող խումբը 2011թ. դեկտեմբերի 22-ին կազմակերպել էր սեմինար «Ընտրությունների» այլընտրանքը թեմայով, որը տեղի ունեցավ Խնկո Ապոր անվան գրադարանի դահլիճում:



Ձեզ ենք ներկայացնում ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի խորհրդի նախագահ` Նվարդ Մանասյանի ելույթը ամբողջությամբ։ 

Հավելի մահը ինձ համար ցավոտ, բայց բանալի իրադարձություն դարձավ: Վերջին շրջանում, երկար մտածում էի, թե ինչպես պիտի դուրս գանք այս քաղաքական ամլությունից: Ինձ թվաց, որ մեր իրականությունը կարելի է նմանեցնել սեմանտիկ անգոյությամբ առաջացած նշանային նիհիլիզմի հետ: Չեխերի հաջողության գրավականը անկախացման ընթացքում նաև պայմանավորված էր Հավելի նման մտավորական քաղաքական գործիչների ակտիվ մասնակցությամբ, ովքեր, և մասնավորապես Հավելը, լավ էին հասկանում քաղաքական համակարգի օտարման հրեշավոր ներուժն ու դրանից բխող հետևանքները: Կարծում եմ նաև Կաֆկայի ու Հավելի թողած ժառանգությունը բացառմամբ հաստատել էր բոլորիս համակարգ լինելու ինքնագիտակցության ձևավորման անհրաժեշտությունը, ինչը մեր մասնակցությամբ կպայմանավորեր համակարգի իմաստակիր որակների առկայությունը:



Այդ նույն «դղյակի» կամ «լիկվիդացիոն գրասենյակի» օրինակով պարզ է դառնում այն հնարավոր աբսուրդը, երբ մարդը կորցնում է ներքին արժեքային համակարգը կամ առանցքը կամ էլ հանձնելով այն` օտարելով սեփական եսից հնարավորություն տալիս համակարգին բացարձակ հարաբերականության մեջ բառերի աճպարարությամբ վերասահմանել և վերահաստատել սեփական գործողությունների հրեշավորությունը, դրանք լեգիտիմացնելով պրոցեսուալ գոյության «կուռ» տրամաբանությամբ: Ինձ թվում է` մենք այդ նույն ընթացքների մեջ ենք և ականատեսն ենք քաղաքական ու սոցիալական գործընթացների բյուրոկրատացման, որին չենք կարող լռությամբ նայել: Մենք իսկապես հասարակական պատասխանատվություն ունենք որպես մարդիկ, ովքեր ի սկզբանե համակարգակիր ու համակարգաստեղծ են, բայց, ցավոք սրտի, օտարել են այդ անքակտելի բնական հատկությունը սեփական եսից: Կարծում եմ` ամենքս յուրովի պիտի մասնակցենք քաղաքական ընթացքին, որպեսզի թույլ տանք սեմանտիկ անգոյությանը կլանել հայկական իրականությունը: Հենց այդ բացարձակ հարաբերականության ծիրում հնարավոր եղավ օրինակ պնդել, որ քաղաքականությունը անբարոյականների գործ է, որն իր հերթին հնարավոր դարձրեց, խրախուսեց իսկապես անբարոյական մարդկանց ներթափանցել քաղաքական դաշտ ու լիուլի օգտվել այդ բացարձակ հարաբերականությունից: Վերջինիցս քիչ թե շատ ներքին բարոյական առանցք ունեցող մարդը գլուխ հանել չէր կարող`  իմաստ որոնելու պատճառով:



Ավելին, այս ամենը «մտավորական»մարդկանց դուրս մղեց գործընթացից: Այդ մարդիկ էին հենց իմաստակիրները, քանի որ իրենց ներսում ունեին արժեքային առանցք և ըստ էության կարող էին մեզ զերծ պահել սեմանտիկ անգոյությունից կամ հարաբերականության, որպես քաղաքականության մեջ բացարձակ արժեքի հաստատման, այս հոգեմաշ ընթացքից: Այս ընթացքն իրեն արդեն սպառել է, ցանկացած մարդ, ով իր ներսում զգում է արժեքային դիսոնանս պիտի քայլ կատարի դեպի գիտակցված կյանքի վերահաստատումը: Ինձ համար Հավելի այն միտքը, թե ինքնասպանությունը կյանքի իմաստի տխուր երաշխավորն է, հայկական հանրային կյանքին իմաստ է հաղորդում: Ոչ ֆիզիկական այլ ավելի մեծ իմաստով «մտավորականների» ինքնասպանությունը, սիմվոլիկ տեսանկյունից շարքային քաղաքացուս գամել է իմաստազուրկ կյանքի պարտադրանքին, որը բացարձակ հարաբերականության բացարձակ արժեքի հաստատման պայմաններում մեզ զրկել է ընտրության իրավունքից` կամքի գործադրումից ու բնական գործունեություն ծավալելու հնարավորությունից:



Ընտրության իրավունքից զրկված` սիմվոլիկ քաոսի մեջ ընթացող և բացարձակ հարաբերականության արժեքային առանցքի շուրջ կառուցված գոյությունը կյանքի անհրաժեշտ որակներից զրկված է: Պահանջվում է ևս մեկ ինքնասպանության ակտ, նորից շատ լայն իմաստով, որպեսզի «մտավորականի» չակերտներից դուրս կյանքը վերգտնի մարդուն հատուկ ընտրողականության որակը: Կարծում եմ այդ իմաստով ներքին խռովության մեջ գտնվող անձինք, մարդիկ ում մենք ճանաչում ենք, ում հեղինակությունը չի ածանցվում պաշտոնից ու դափնիներից, այլ իմաստային լիցքեր է հաղորդում այդ ամենին, պիտի մասնակցության հայտ ներկայացնեն արժեքաին հաստատումներ տալու և քաղաքական դաշտը նեղացնելու տեսանկյունից: Այն թույլ կտա բացարձակ հարաբերականության նիհիլիզմի մեջ խեղդվող սոցիումին իմաստային մասնակցության նախապատրաստվել` հեղաշրջելով անընդհատ բյուրոկրատացող քաղաքական պրոցեսի անվերջանալի թվացյալ ընթացքն ու իրական դադարը, և մարդկանց հերթական ցանկությունը «ինքնասպանության ակտով» փրկել կյանքի իմաստը, օրինակ` այս անգամ սեփական երկրից արտագաղթելով կամ այդ նույն գործընթացները բոյկոտելու ցանկությամբ: Ընտրությունից ընտրություն մենք խոսում ենք դրանց չմասնակցելու հնարավորության ու անհրաժեշտության մասին: Մենք չենք գնում ընտրելու, իսկ գնալիս էլ «ջնջելու» ընտրություն ենք կատարում: Այս անգամ ավելին պիտի պահանջենք ու պարտադրենք քաղաքական դաշտում այնպիսի նշաձող, որի պայմաններում մարդկանց ու ըստ այդմ նորմալ քաղաքական գործընթացների առկայությունը թույլ կտա մեզ իրական ընտրություն կատարել:



Այս ամենի համար հանրային քննարկումների տեսանկյունից մեր ներքին արժևորումների ու ըստ այդմ արժեքային համակարգերի գոյացման ակտով պիտի կարողանանք պատվիրատուի նախանձախնդրությամբ ապահովել հանրային կարծիքի բարձրակարգ որակները: Այդ դաշտից դուրս է մղելում կեղծ, դավանաբանական հենք չունեցող և ցանկացած բան հիմնավորող բացարձակ հարաբերականության խաչակիրներին` այլ կերպ ասած «քաղաքականությունը անբարոյականների գործն է» հորջորջողներին և դրանց ինքնադրսևորվելու հնարավորություն տվող զանգվածային լրատվության միջոցներին: Այս ամենը կարելի է իրականացնել միայն եթե անհատը սեփական ես-ը ավելի մեծ տեսնի համակարգից ու ընկալի արժեքների ձևավորման առումով իր համակարգը ու համակարգաստեղծ սուբյեկտ լինելու փաստը: Այլ կերպ ասած այս ամենը հնարավոր է, ոչ թե մուրճ ու մանգաղի, կամ էլ բահի ու զենքի միջոցով գահընկեց արվող իշխանության արդյունքում, այլ յուրաքանաչյուր ես-ի համադրմամբ հավաքական հանրային ԵՍ-ի արժեքային հիմնական վերահաստատումների միջոցով:Արդյունքում բացարձակ հարաբերականության մեջ «ընթացող» համակարգի «մարդեղմամբ» կգործարկվի ժամանակն ու դրա մեջ առկա նշանակիրները, ինչպես նաև իրենց իմաստներին հաղորդած արժեքային լիցքերով թույլ կտան յուրաքանչյուրիս ապրել իրական կյանք իր անքակտելի ընտրության իրավունքով:



Միայն դեպի ներս ուղղված ինքնաճանաչողությամբ ու արժեքային հեղափոխությամբ է հնարավոր Հայաստանում վերահաստատել կյանքի իրավունքը: Հայաստանում հեղափոխությունն անխուսափելի է և սրա հետ պետք է հաշտվեն բոլորը: Միայն թե, հավանաբար, հարկ է քննարկել այդ հեղափոխության տեսակը` ավտոքտո՞ն, թե այլ: Առաջին տարբերակը Հայաստանում հաճախ չի քննարկվել, և գործի են դրվել բոլոր հնարավոր գործիքները, քանի որ մարդը իր մեջ չի տեսել արարչական` համակարգաստեղծ ու գործիքավորող կարողությունները` փորձելով դրանք փոխարինել փողի, պաշտոնի ու զենքի իշխանությամբ: Նման դեպքերում միայն հեղափոխության ամենաստորակարգ տեսակն է երևան եկել: Մինչդեռ ներքին ու ինքնակառավարվող արժեքային վերասահմանումը հավաքական ԵՍ-ի պատվերի պայմաններում կարող էր շատ ավելի արդյունավետ ու արագահաս լուծումներ առաջարկել: Որպես կին չեմ կարող չխոսել հանրային կյանքում բնակչության կեսի չմասնակցության ու սիմվոլիկ առումով դրա գոյացրած կիսալուծումների մասին: Հայաստանում կինը հանրային առումով ինքնություն չունի: Սկսած վաղ մանկությունից, բայց ավելի շատ հանրակրթության տարիներին կնոջը իմաստային` բովանդակության ծավալի ու հետո միայն ձևի միջոցով, չի տրամարդվում ոչ մի հանրային տարածք: Հանրային արժևորում չունեցող կինը իր հերթին չի կարող ինքնուրույն, չմիջնորդավորված արժևորմամբ վեր բարձրանալ համակարգից ու դառնալ պատվիրատու: Նման կինը չունի ընտրության իրավունք, շատերի համար նրա իրավունքի բացառումը կամ կառավարումը սեմիոտիկ նիհիլիզմի պայմաններում դառնում է միակ ուղղենիշը, որը գոյությանը տալիս է իմաստ ու ստեղծում կյանքի խաբկանք: Գենդերային հավասարություն չունեցող հասարակությունը մեծամասամբ իմաստազուրկ է և բաց արտաքին միջամտություններին ու հեղափոխության ալոկտոն` ցածրակարգ տարբերակին:



Ինքնասպանության կամ սպանության ակտի մեկ այլ տեսանկյունից եմ ուզում քննարկել մարդու իրավունքների ու դրանց արժևորման գործընթացի հերթականությունը` ավտոքտոն հեղափոխության ընթացքը: Մարդու արտահայտվելու, խղճի ազատության և այլ ազատությունների ու իրավունքների միջև առկա է որոշակի փոխկապակցվածություն` ըստ կյանքի իրավունքի երաշխավորման առաջնայնության նկատմամբ ունեցած հրատապության աստիճանի: Կյանքի իրավունքը որպես հիմնարար և անքակտելի երևույթ առաջացնում է այլ իրավունքների համախումբ, որոնք կոչված են ապահովելու վերջինիս շարունակականությունը: Հռոմեական կայսրության մշակութային ազդեցությունը կրած հավաքականությունների համար կյանքի իրավունքը առաջնային ու մշտապես առկա արժեքն է, որից ածանցվում են մնացածները: Վերջին շրջանում բնապահպանական օրակարգ ունեցող քաղաքացիական նախաձեռնությունները իրապես ազատության առաջին մունետիկներն էին, սակայն դրան զուգահեռ հայտորոշվեց կյանքի իրավունքի իրացման աստիճանը հայկական իրականության մեջ: Հետաքրքիր էր տեսնել, որ Թեղուտում, Թռչկանում բնակվողները, ում բնապահպանական իրավունքը կամ ավելի շուտ իրենց սերունդների կյանքի իրավունքի երաշխավորման համար մղվող պայքարը ինչ-որ առումով անարձագանք մնաց: Ավելին, հաճախ հնչում էին հիմնավորումներ, որ այդ «զարգացման ծրագրերը» նոր աշխատատեղեր կստեղծեն և համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը կբարելավվի:



Աշխատանքի իրավունքը իր կյանքի իրավունքի ապահովման հրատապությամբ բնականորեն գերադրվում էր բնապահպանական պահանջներից ու ապագայի իրավունքներից` ստեղծելով այդ տարօրինակ թվացող պատկերը, երբ համայնքը կողմ էր, իսկ մի խումբ մարդիկ այլ վայրերից` դեմ: Կյանքի իրավունքի երշախավորման հրամայականը յուրաքանչյուր անհատի տեսանկյունից այս տարիների ընթացքում պետական ինստիտուտների և այդ ինստիտուտները ձևավորած ու ձևավորող իշխանությունների միջոցով չհանգեցրեց աշխատանքի ու սեփականության իրավունքի արժևորմանն ու համակարգայնացմանը: Իսկ առանց աշխատանքի իրավունքի իրացման քաղաքացիական գործընթացները մնում են հավերժ վտանգված կամ փոքրաթիվ: Սեփականության իրավունքի մերժումը կամ դրա դեկլարատիվ բնույթը ստիպում է միջոցներ կուտակած անձանց ըստ էության «ինքնասպանության ակտի» դիմել, այսինքն` առևանգել քաղաքական գործընթացները` դրանց միջոցով այդ իրավունքի պաշտպանական հիմքերը երաշխավորելու նպատակով: Հայաստանում այս տեսանկյունից աղքատ ու հարուստ չկա. բոլորը թշվառ են, քանի որ չունեն կյանքի երշախիքը հանդիսացող հիմնական իրավունքների երաշխավորման համակարգային լուծումներ: Առաջիկա ընտրությունների արժեքային վերահաստատումներից մեկն էլ պիտի լինի իրավունքների ու ազատությունների տարանջատումն ու դրանց մեջ աշխատանքի ու սեփականության իրավունքի աներկբա գործադրման հավաքական պահանջը, եթե մենք իսկապես ուզում ենք ապրել, այլ ոչ թե գոյակցել ներքին միջնորդավորմամբ կամ արտաքին երկյուղածությամբ առանձնացող վախվորած միջազգային քաղաքականությամբ:



Ահա այստեղ կարծում եմ` շատ ավելի կարևորվում է հեղափոխության ավտոքտոն տարբերակը, որը ներքին արժեքային վերասահմանմամբ նոր ելակետային լիցքեր է գոյացնում հասարակության տարբեր ոլորտների բնականոն գործունեության համար: Հակառակ դեպքում, մյուս ճանապարհը արյունահեղության, ատելության, սոցիալական անհամերաշխության ու կյանքի իրավունքի ոնտահարման հեռանկրան է բացում, որի ականատեսը 20-րդ դարի առաջին կեսին եղել են մեզ նախորդողները: Աշխատանքի իրավունքի երշախավորումը առանց սեփականության իրավունքի, դրա էթնիկ կամ դասակարգային առանձնահատկությամբ պայմանավորված արհեստական վերաբաշխմամբ ծնեց 20-րդ դարի ամենահրեշավոր երկու համակարգային դրսևորումները: Դրանցից մեկը պայմանականորեն անվանվեց ֆաշիզմ, մյուսը` կոմունիզմ: Աշխատանքի իրավունքի ապահովումն առանց սեփականության իրավունքի ու դրա վերաբաշխման սոցիալական բանակցային մեխանիզմների հարատև լինել չի կարող և հղի է բունտերով: Հետևաբար, առաջիկա ընտրություններում քաղաքական օրակարգում, հավանաբար, պիտի պահանջենք այս երկու իրավունքների երշախավորման ու դրանց համակարգայնացման ամբողջական լուծումներ, որոնց արժեքային պատվիրատուն նորից մենք պիտի լինենք մեր համադրված ԵՍ-ի միջոցով: Քաղաքական գործչի հավակնություն ունեցողները մեզ պիտի կարողանան բացատրել սահմանադրությամբ ամրագրված «սոցիալական պետության» իրենց անձնական տեսլականը:



Վերջապես, ինձ համար հասկանալի չեղավ, թե ինչու այս վերջին 20 տարիների ներքաղաքական դաշտը առանձնացավ իր այպանման որակներով, երբ հետաքրքիր ձևով մեկս մյուսին ատեց` անվերջ բաժանելով հանրային տարածքը անհասկանալի արժեքների շուրջ պտտվող անհատների հատվածական փոքր խմբավորումների, ովքեր հանրային պատվեր իջեցնելու ուժը իրենց բաժանված լինելու պարզ պատճառով չէին կարող ունենալ: Սրանից լավ դիվերսիա պատկերացնել հնարավոր չէր, մենք մեր ձեռքերով կատարեցինք հաճախ հնչող տարբեր «արտաքին ուժերի» գոյություն չունեցող «պատվերը» և մութ սենյակում մեր փոխարեն փնտրեցինք սև կատվին: Հանրային տարածքում կամ նույնիսկ հաճախ երկու հոգու միջև ընթացող քնարկումներն ու բանավեճը կորցրած լինելով ճշմարտության արժևորման առանցքը վերածվում էր անհատական թշնամության, անհանդուրժողականության ու մահվան ակտի գործադրման տրամաբանական պահանջին: Ընթացքում ոչ թե դիմացինի մտքերի ու մտորումների իմաստի սպանության ակտի պատվերն էր իջեցվում, այլ տվյալ «դատապարտյալի» անձի, անհատական որակների, արժանապատվության սպանության ակտի ականատեսն էինք լինում, եթե ոչ գործադրողը: Հասանք մի տեղ, երբ բոլոր հեղինակությունները ծաղրուծանակի ենթակա են, եթե արդեն չեն ենթարկվել: Հավասարության հայկական բանաձևը լի էր ատելությամբ ու մահվան ակտերի դաժանությամբ: Տարբեր անհատականությունների իմաստակիր արտահայտությունների ու մտքերի արմատում ընկած արժեհամակարգերի` արժանապատվության ձախկմամբ մենք ստերիլիզացրինք հայկական սիմվոլիկ տարածքը, դրանով իսկ «մահվան մեջ» տեսնելով բոլորիս հավասարության ակնթարթը:



Դիմացինի արժեզրկման երկարամյա ու դաժան ընթացքը որպես մահվան ակտ մի կողմից, մյուս կողմից միջնորդավորված ինքնասպանության ակտ էր` շատ ավելի վտանգավոր իր խաբուսիկ «հաղթականության» որակից ելնելով: Այս ամենից բնականաբար զերծ չմնացին նաև քաղաքական կուսակցությունները, որոնք կառուցողական պայքարում ու ճշմարտության որոնման ազնիվ ու կոլեկտիվ մղման փոխարեն, մեկը մյուսի դեմ դավեր նյութելով արժեզրկվեցին այնքան, որ հասարակական առաջամարտիկից վերածվել են անհասկանալի գոյակցողների հավաքականության: Սա ելք չունի, եթե չվերարժևովորվի սիրո բանաձևումը դիմացինի նկատմամբ, երբ այն հանդուրժողականությունից կփոխակերպվի համապրման ու համագործակցության: Այս ամենից հետո բոյկոտելու տարբերակ չկա, միակ այլընտրանքը արժեքային մասնակցությունն է դիրքորոշմամբ, այդ դիրքորոշման սկզբունքային ազնվությամբ, որը բաց հաստատում է և ենթակա է փոփոխության: Հայաստանը վաղուց սպասում է ինքնակարգավորվող, դեպի ներս ուղղված արժեքային հեղափոխության գալստին: Բոլոր նախադրյալները առկա են մեր երկրում բարձրակարգ հեղափություն իրականացնելու համար: