Հաղթեց կորպորատիվ շահը

Հաղթեց կորպորատիվ շահը
ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը, ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի նախագահությամբ, երեկ կարճեց փաստաբան Արթուր Գրիգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը: Հիշեցնենք, որ ՓՊ-ն նոյեմբերի 18-ի նիստում, հաշվի առնելով մամուլում փաստաբանի անբարեխիղճ աշխատանքի վերաբերյալ որոշ հրապարակումներ, որոշում էր կայացրել փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել Փաստաբանների վարքագծի կանոնագրքի 22-րդ, 27-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման հիմքով: Մինչ խորհրդի երեկվա նիստը, ՓՊ-ի կարգապահական հանձնաժողովն էր քննարկել հարցը եւ տվել իր եզրակացությունը, որով նույնպես, մի քանի հիմնավորմամբ, մերժվել էր փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:



Հիմնականում նշված էր, որ չեն ներկայացվել անհրաժեշտ ապացույցներ, չի հիմնավորվել փաստաբանի մեղավորությունը, սակայն հիմնական շեշտը դրված էր գործերի վաղեմության ժամկետն անցած լինելու վրա. ըստ օրենքի՝ վեց ամսվա վաղեմության բողոքները չեն կարող կարգապահական սանկցիաների կիրառման հիմք հանդիսանալ: Խորհրդի երեկվա նիստում իրենց դիրքորոշումը կարողացան հայտնել նաեւ այս վարույթում որպես կողմ ճանաչված Հրանտ Բագրատյանի պաշտպան Վահե Հովսեփյանը եւ մինչ այդ նիստերին չմասնակցած Արմինե Կարապետյանը (անձնագրային անունը՝ Ալմաստ): Նշենք, որ Բագրատյանը հարցը քննարկելու ընթացքում Հայաստանում չէր եւ կարգապահական հանձնաժողովի նիստերին չի մասնակցել:



Երկու դեպքում էլ կողմերի ներկայացրածը, ըստ էության, դեր չխաղաց, եւ խորհուրդը, հավանաբար առաջնորդվելով «շունը շան թաթ չի կծի» ժողովրդական ասացվածքով, կարճեց հարուցված կարգապահական վարույթը: Փաստորեն, Փաստաբանների պալատի համար էականը ոչ թե քաղաքացիների շահերն են, այլ իրենց համքարության ներկայացուցչինը, որի գործողություններում նրա գործընկերները որեւէ խախտում չհայտնաբերեցին, թեեւ մասնավոր զրույցներում բոլորը ճիշտ հակառակն են պնդում: