Փորձում են լռեցնել Բագրատյանին

Փորձում են լռեցնել Բագրատյանին
Մենք արդեն գրել ենք, որ փաստաբան Արթուր Գրիգորյանը մեր թերթի հրապարակման հիման վրա դատի է տվել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին՝ վիրավորանքի եւ զրպարտության համար, եւ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նրա միջնորդությունը՝ որպես հայցի ապահովման միջոց 3 միլիոն դրամի չափով արգելանք դնել Բագրատյանի գույքի վրա, ինչպես նաեւ արգելել Բագրատյանին հրապարակայնորեն Գրիգորյանի մասին որեւէ տեղեկատվություն տարածել՝ մինչեւ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելը: Վերջին պահանջն ուղղակիորեն գրաքննություն սահմանելու փորձ է, որը ժամանակին կանխվեց, երբ կիրառվեց մեր թերթի նկատմամբ: Ի դեպ, այդ գաղափարի հեղինակը հենց Արթուր Գրիգորյանն է, որը, ժամանակին ներկայացնելով Դատական դեպարտամենտի ղեկավարի շահերը, նույն միջնորդությամբ էր հանդես եկել «Հրապարակ» օրաթերթի դեմ ունեցած վեճում:



Պատասխանող կողմը՝ Հ. Բագրատյանի փաստաբանը, միջնորդել էր վերացնել հայցի ապահովման այս խայտառակ, աննախադեպ միջոցը: Նորանշանակ դատավոր Ռուբեն Բունիաթյանը, դեկտեմբերի 28-ին քննարկելով միջնորդությունը, ըստ էության, նույնն է թողել իր նախկին որոշումը, թեեւ որոշման մեջ գրել է՝ «մասնակի բավարարել այն»: Արգելել է Բագրատյանին սույն քաղաքացիական գործով առկա վեճի հետ կապված որեւէ տեղեկություն տարածել Արթուր Գրիգորյանի մասին՝ մինչեւ վերջնական դատական ակտի կայացումը, ուժի մեջ է թողել նաեւ գույքի վրա դրված կալանքը: Բագրատյանի շահերի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի խոսքով, դատավորի այս որոշումն «անհեթեթ է եւ աբսուրդի է նման»:



«Մենք միջնորդել էինք վերացնել հայցի ապահովման միջոցը, եւ դատարանը կամ պետք է բավարարեր, կամ մերժեր մեր միջնորդությունը: Սակայն դատարանը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից»,- մեզ հետ զրույցում ասաց Հովսեփյանը եւ ավելացրեց. «Քանի որ հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդության մեջ խոսք էր գնում առհասարակ արգելել Արթուր Գրիգորյանի մասին տեղեկություններ տարածելը, դատարանը փոխեց իր որոշումը եւ ձեւակերպեց հետեւյալ կերպ` արգելել Բագրատյանին սույն գործի վերաբերյալ տեղեկություններ տարածել Արթուր Գրիգորյանի մասին: Սա աբսուրդ է»: Եվ ո՞վ է պատասխան տալու այս կամայականությունների համար: