Ֆեյսուքահայությունը գործի է անցել

Ֆեյսուքահայությունը գործի է անցել
Հունվարի ինն աշխատանքային օր էր գրեթե բոլորիս համար, այդ թվում եւ ֆեյսբուքահայության: Տոնական օրերին Հայաստանի ամենաակտիվ սոցիալական ցանցի օգտատերերի գրառումները հիմնականում տոլմա-բուդ-բլինչիկ թեմայով էին, շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, ակնկալիքներ: Տեղեկատվական «սովի» օրերին ֆեյսբուքցիներին միակ ցնցած լուրը երգչուհի Քրիստինե Պեպելյանի անակնկալ ամուսնությունն էր: Պատկերը միանգամայն փոխվեց երեկ: Եվ սա պայմանավորված էր նաեւ լրատվամիջոցների աշխատանքով: Տոնական օրերին քաղաքացիներից մեկը նկատել էր, որ երբ լրագրողները հանգստանում են, մեր երկրում կարծես ոչ մի բան չի կատարվում: Իսկ օգտատեր Զառա Բաթոյանը լրագրողների «վերադարձն» այսպես է բնութագրել. «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, մինչ լրագրողները հանգստանում էին…»: Աշխատանքային շաբաթը մեկնարկեց, եւ տեղեկատվություն տարածվեց, որ իշխող կուսակցություններն Ամանորին հյութ ու ձու են բաժանել քաղաքացիներին: «Էս ինչ բոշայություն է սկսվել: Ամոթ է, էլի: Զավեշտ է: Իշխանական կուսակցությունները բարեգործություն են անում: Երկիրը կառավարելու անունակությունն ու սա իրար կողք`…… ուղղակի զավեշտ է: Էս ի՜նչ մղձավանջ է...»,- կատարվածի վերաբերյալ իր կարծիքն է գրել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Քաղաքացիներից շատերը դժգոհում են, որ դժվար է տոնական օրերից հետո անցնել աշխատանքի, իսկ լրագրող Նաիրա Բուլղադարյանն այլ կարծիքի է. «Ամեն դեպքում, աշխատելը լավ բան ա, թե չէ երկարատեւ հանգիստը բթացնում ա մարդու թե սիրտը, թե հոգին եւ թե նյարդերն ու ուղեղը»: Երեկ «Ֆեյսբուքի» օգտատերերից ոմանք հիշել էին, որ հունվարի ինը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: «Այսօր ծնվել է Սերգեյ Փարաջանովը` մեր մոռացված ՄԵԾ նախնիների ՄԵԾ ստվերներից մեկը…»,- գրել է Լիզա Ճաղարյանը: «Ինչքան հանճարեղ մարդ կա, այսօր են ծնվել...»,- կարծում է Արսեն Բոյաջյանը: Օրիգինալությամբ աչքի էր ընկել Դավիթ Մելիքսեթյանը, որը գրել էր. «Մեկ րոպե մթությամբ հարգենք առաջին նախագահի ծննդյան տարեդարձը»: