Մարգար Օհանյան. «Ինձ պարզապես պետք էր հեռացնել»

Մարգար Օհանյան. «Ինձ պարզապես պետք էր հեռացնել»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, երեկ սկսվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Օհանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի, նա յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը` պետությանը պատճառելով մեծ չափերի վնաս։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` պատճառված վնասը կազմել է մոտ 217 միլիոն դրամ (շուրջ 571 հազար դոլար), որից նախաքննության փուլում Օհանյանի ընտանիքը վերականգնել է մոտ 170 միլիոն դրամը:



Մարգար Օհանյանի առողջական վիճակն ու տրամադրությունը բավական լավ էին. թեեւ նա տառապում է շաքարային դիաբետով, սակայն աշխույժ մասնակցում էր նիստին: Դատական նիստերի դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին Օհանյանի հարազատները, բարեկամները, համակարգի աշխատակիցներ եւ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դատական նիստին մասնակցում էին նաեւ գործով որպես մեղադրյալ ներգրավված, Օհանյանի դեմ ցուցմունք տված ՃՈ երեք աշխատակիցները՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, աշխատակիցներ Արա Լեւոնյանն ու Սամվել Մախմուրյանը։ Վերջին երկուսը դատախազի կողմից մեղադրական ճառը հնչեցնելուց հետո մեղավոր ճանաչեցին իրենց, Մախմուրյանը միայն ավելացրեց, որ Մ. Օհանյանն իրեն ոչ մի կարգադրություն, հանձնարարություն չի տվել: Իսկ Կարախանյանն ընդհանրապես հրաժարվեց պատասխանել դատարանի հարցերին: Նշենք, որ Մարգար Օհանյանը եւս իրեն մեղավոր չի ճանաչում: Դատական նիստի սկզբում Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւ գրավ կիրառել 3 միլիոն դրամի չափով, սակայն դատավորը մերժեց միջնորդությունը: Նշենք, որ Օհանյանն արդեն 4 ամիս է՝ գտնվում է անազատության մեջ: Նա դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ առանձին բան ունի ասելու դատավորին ու մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանին՝ առանց լրագրողների ու նիստի մյուս մասնակիցների ներկայության: «Պարզապես Ձեզ ասեմ` ինձ օգոստոսի 30-ին կանչել են Հատուկ քննչական ծառայություն, ընդամենը մեկ բացատրություն` ասել եմ, որ նման բան չի եղել եւ չէր էլ կարող լինել գրելուց հետո ուղիղ 40 րոպե ոչինչ չլինելուց հետո, միայն մի հեռախոսազանգից հետո ես վկայից դարձել եմ կասկածյալ եւ ձերբակալվել եմ: Դա ուներ իր հանգամանքները, որ ես չեմ կարող արտահայտվել: Ինձ պարզապես պետք էր հեռացնել, պետք էր ձերբակալել, հետո կալանավորել, որպեսզի կարողանային այդ  ամեն ինչը, որ ի սկզբանե դրված էր, գար իր ավարտական փուլին հասներ»,- հայտարարեց Օհանյանն ի պատասխան դատավորի հարցին, թե ինչ է ցանկանում ասել իրենց: Բնականաբար, դատավորը չբավարարեց Օհանյանի պահանջը: Մեղադրողն իր հերթին հորդորեց «մերկապարանոց հայտարարություններ չանել»՝ եթե բան ունի ասելու, թող ասի: Ինչպես նաեւ նշեց, որ եթե հարկ կա, կարող է օգտվել դռնփակ դատական նիստ անցկացնելու հնարավորությունից: Օհանյանն էլ արձագանքեց. «Դա վերաբերում է ոստիկանության կառույցին, այն վայրին, որտեղ ես ծառայել եմ: Դատախազությանը կամ Հատուկ քննչականին, կամ դատարանին չի վերաբերում: Ես ձեզ ուղղակի պետք է ասեի՝ մինչեւ Հատուկ քննչական ծառայությունը որտեղ եւ ով է եկել, ում տարել: Ուղղակի ուզում էի ձեզ ասել` ուրիշի կռիվը ձեր վրա մի վերցրեք, իմ անձնական հարաբերությունները համապատասխան ղեկավարների հետ ավարտական փուլին այստեղ մի հասցրեք»: Դատախազին դիմելով՝ հայտարարեց ՃՈ նախկին պետը եւ, նիստին ներկա երեք մեղադրյալներին դառնալով, ավելացրեց. «Կասեմ, թե ոնց է եղել եւ ում քանի ժամ են պահել, եւ ով է եղել միջնորդը, այս երկրում բարձրաստիճան ղեկավար, որ անունը չեմ ուզում տալ, որ այ, նրան հանել է, տարել է 6-րդ վարչությունից, գիշերը ժամը երեքին: Գիտես չե՞մ ասելու, կամ քոնը (մատնացույց անելով մեղադրյալներից մեկին), չե՞մ ասելու, թե քեզ ով ա եկել-տարել, հետո՞ ինչ, որ պատգամավոր ա: Ասում եմ, որ դուք իմանաք, դուք չգիտեք»: Վերջում, դիմելով դատավորին ու դատախազին, առանց կոնկրետ անուններ նշելու, եզրափակեց Օհանյանը: Ի դեպ, զգացվում էր, որ Օհանյանի դեմ ցուցմունք տված մեղադրյալներն ամաչում էին եւ դատական նիստի ամբողջ ընթացքում գլուխները կախած էին, խոսելիս էլ մի կերպ, կարկամելով էին արտաբերում իրենց ասելիքը:



Դատական նիստը հետաձգվեց երեկվա նիստում դատախազի միջնորդությամբ որպես տուժողի՝ պետության ներկայացուցիչ ներգրավված Հայաստանի ճանապարհային ոստիկանության աշխատակից, ՃՈ ավագ լեյտենանտ Ժիրայր Կարապետյանի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը կկայանա հունվարի 13-ին, ժամը 11:30-ին: