Ազգային արժանապատվության եւ դիվանագիտական աչքաչափի մասին

Սակայն էյֆորիայի հասնող համազգային ուրախության հետնապատկերին անթույլատրելի է աչքաթող անել, թե քաղաքական ինչ բարդ ու նուրբ խաղ է ընթանում Փարիզ-Անկարա առանցքով, որը վերածվել է բազմաքայլ կոմբինացիաների եռանկյունու, եւ որի կողմերից մեկը մենք ենք: Մինչդեռ հայկական պրոպագանդիստական մեքենան տանը եւ արտերկրում որդեգրել է «հիմա մենք թուրքերի հերը կանիծենք» իռացիոնալ կարգախոսը, որ, բնականաբար, չի նպաստելու մեզ հետաքրքրող օրենքի վերջնական ընդունմանը:
Գոյություն ունի մի պարզունակ գործելակերպ. չես կարող օգնել՝ գոնե մի խանգարի: Ֆրանսիական դիվանագիտությունը դիվանագիտությունների դիվանագիտությունն է: Առանձնապես հուշարարի կարիք չունի: Իսկ ափերից դուրս եկող մեր խանդավառությունը կարող է պարզապես արջի ծառայություն մատուցել Քե դ’ Օրսեին (Ֆրանսիայի ԱԳՆ՝ խմբագ.), նրա ոտքի տակ դնել բանանի կեղեւ: Ի՞նչ է տեղի ունենում: Որքան պաշտոնական Փարիզը փորձում է օրինագծին տալ համամարդկային, վերազգային բնույթ, այնքան մենք փորձում ենք ֆրանսիացիների խաղը «մեզնով անել»: Սա դիվանագիտական ինֆանտիլիզմ է, որով զրկում ենք ֆրանսիացիներին մանեւրելու հնարավորությունից: Թալեյրանի խորաթափանցությունը չպետք է ունենալ՝ ըմբռնելու համար, որ Հայոց ցեղասպանությունը ֆրանս-թուրքական այս մենամարտի ամենեւին էլ դոմինանտը չէ: Կան Փարիզ-Անկարա հարաբերությունների գլոբալ խնդիրներ: Ամենեւին չանտեսելով քաղաքակիրթ եվրոպական եւ համամարդկային արժեքներին Ֆրանսիայի նվիրվածությունը` չմոռանանք, որ այն ունի իր անանց ազգային եւ պետական գերակայությունները եւս:
Գանք հարցի հոգեբանական ասպեկտին, որը զարմանալիորեն բացակայում է մեր դիվանագիտության մեջ: Փորձառու բանակցողները քաջ գիտեն, որ դիմացինին երբեք չի կարելի վիրավորել, չի կարելի «քշել» անկյուն, չի կարելի հասնել անշրջելիության այն կետին, որից այն կողմ վիզավին կորցնում է արժանապատվությունն ու հեղինակությունը: Այստեղից էլ հավանաբար ծագում է դիվանագիտության ոսկե օրենքներից մեկը՝ պարտված կողմը շատ ավելի վտանգավոր է, քան փոխզիջման ճանապարհով համաձայնության եկած հակառակորդը: Թուրքիան պարտվե՞լ է այս փուլում: Շատ լավ: Բայց «տաշի-տուշի» անել այդ առիթով՝ ամենեւին էլ մեր շահերից չի բխում: Այլ հարց, եթե մենք հասել ենք մի այնպիսի աբսուրդ մտահանգման, ըստ որի՝ մեր 70 միլիոնանոց հարեւանը սուզվելու է Սեւ եւ Միջերկրական ծովերի ջրերում կամ համբարձվելու է երկինք: Արդեն կանխատեսում եմ ընթերցողներից ոմանց կտրուկ հակադարձումը: Իսկ թուրքերն ինչպե՞ս կպահեին իրենց նման իրադրությունում: Հավանաբար՝ սխալ: Բայց չէ՞ որ նրանք սերում են մի էթնոսից, մենք` մեկ այլ: Հետո, մենք մեզ համարում ենք եվրոպացի, որի կոնցեպտը, այսինքն՝ մշակույթի եւ մարդկային գիտակցության շաղախը, պարտադրում է հաղթելու դեպքում լինել վեհանձն:
Եվ վերջինը: Մեր դիվանագիտությանն այսօր բնորոշ են դեգերումները քաղաքական հարցերի ամպլիտուդում: Անցումային տարիք է: Ինչո՞վ այլ կերպ բացատրել մեր` մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկնելը: Օրինակ` որեւէ երկրի երկրորդական էշելոնի քաղաքական գործիչ կարող է դիվանագիտական ապտակ հասցնել հանրապետությանը, եւ մենք համեստաբար կարող ենք լռել` կուլ տալով դառը հաբը կամ դեմ տալ մյուս այտը: Նման օրինակները մեկից ավելի են: Սա շատ վատ է: Վատ է նաեւ այն, երբ մեկ այլ իրադրությունում ազգուտակով, քաղաքական իսթեբլիշմենտն էլ հետը, ընկնում ենք շնորհակալական զգացմունքների հորձանուտը: Այսօր մենք, արցունքներն աչքներիս, երախտագիտության խոսքեր ենք մրմնջում ֆրանսիացիների հասցեին: Հիշենք, որ ֆրանսիացի դիվանագետը շարմի եւ հմայքի կողքին կարող է լինել սնոբ, հաշվենկատ, սառն ու անմատչելի: Հետո, նրա համար սրբություն է իր զոնան, ասել կուզի՝ անձնական տարածքը, իսկ մենք մեր զեղումներով ձգտում ենք հատել այդ սահմանը, փորձում ենք կողք կողքի բերել եւ իրար նմանակել տարբեր էթնոսների առանձնահատկությունները եւ մենթալիտետները: Զուր ջանքեր:
Միայն պատկերացնել կարելի է ֆրանսիացիների երկիմաստ ժպիտը, երբ կարդան իրենց հասցեին ուղղված հայ գործիչների ներբողների շարանը: Նման որոգայթից խուսափելուն, ըստ իս, կարող էր օգնել դիվանագիտական աչքաչափի ալգորիթմը, որը հուշում է. ոչ ոքի եւ ոչինչ չիդեալականացնել, չգերագնահատել կամ չթերագնահատել, չքծնել, երբեք չկորցնել սառնասրտությունն ու սթափ մտածելու ունակությունը, խուսափել վերին աստիճանի ընդգծված սիրալիր լինելուց եւ անընդհատ կրկնվող շնորհակալություններից, որը կարող է թողնել թերարժեքության բարդույթով տառապողի տպավորություն: Հարգիր ինքդ քեզ, որպեսզի ուրիշները հարգեն քեզ: Հռոմեացիները գտնում էին` բարոյականության միակ եւ բարձր նպատակը, որին պետք է ձգտել` արժանապատվությունն է: Այն իր կյանքի գնով ապացուցեց խոշորագույն փիլիսոփա եւ գրող Սենեկան:
Արման Նավասարդյան, արտակարգ եւ լիազոր դեսպան
Կարծիքներ