
Ամանորը եւ Սուրբ ծնունդը մնացին ետեւում: Թվում է՝ մեկ շաբաթը բավական է նոր լիցքերի, լիարժեք հանգստի, էներգիայի նոր պաշարներ հավաքելու եւ գործի դնելու համար: Բայց հոգնածությամբ սկսելով ու հոգնածությամբ մեկնարկելով` հոգնած տարի ունենալու տագնապ է հասունանում, չնայած ամեն տարի Ամանորի նախօրեի բուռն նախապատրաստությունները, ֆիզիկական ու հոգեկան տվայտումներն ու 31-ի լույս մեկի գիշերը ջախջախված բազմոցներին ընկնել-քնելը սովորական են դարձել, կարծես նորածին վիշապիկները խփշտում են մարդկանց` մինչեւ վերջ քամելով նրանց մարմիններում եղած վերջին հյութերը: Ամանորը երբեք սովորական ու նույնը չի լինում, բայց միայն իր ներաշխարհում, իր հրաշագործ էության մեջ, սակայն թվում է՝ ամեն տարի մեր «դրսային» տոնական օրերին միացվում է անփոխարինելի ու կրկնվող CD-ն` հոգնածությունը, որտեղից էլ մեկնարկում է տարին: Հանդկեն իր «Փորձ հոգնածության գիտելիքների մասին» էսսեում ուսումնասիրում է հոգնածություն ի հայտ բերող այն բոլոր պատճառները, որոնք հետապնդում են մարդկային կյանքը եւ հոգնածության մեծ փորձը, որ ինդիվիդը ձեռք է բերում տարիներ շարունակ: «Հոգնածությունը դարձել է իմ ընկերը»,- գրում է Հանդկեն` պարզաբանելով, որ դրանից ոչ ոք ձերբազատված չէ, որ, ընդհակառակը՝ յուրաքանչյուր մարդ պետք է ուսումնասիրի հոգնածության իր սինդրոմները եւ հաղթահարի դրանք` ապրելով նույն շրջանակի մեջ: Կարմրացրած խոզի բդերի, հեռուստաալիքների տոնական քեֆերի կասետների, գիշերվա հազարին տան դռան զանգի սուր ահազանգից ատրոֆիայի ենթարկված մարդկային ուղեղը մեքենայի մարտկոցի պես հանգչում է` կոնյուկտիվիտի ենթարկելով աչքերը: Հոգնածությունը, որ շատ ժամանակ զգացնել չի տալիս իրեն` քողարկվելով գերակտիվությամբ, շատախոսությամբ ու հավերժական ուրախությամբ, հանկարծ արտացոլվում է աշխատանքային առաջին օրվա ընթացքում կամ պարզապես փողոցով քայելիս, երբ հասկանում ես, որ սարսափելի հոգնած ես աղմուկ-աղաղակից, տեսողական, լսողական ու համային բոլոր փշաքաղումներից: Մեր երկրին սպասվող առաջիկա պառլամենտական ընտրությունների հոգնածությունը գուցե կապված լինի այն մարդկանց հետ, ովքեր պատրաստվում են ոտնաքայլել Ազգային ժողովի գորգով դեպի հավերժություն, նրանց հետ, ովքեր կրիայի պես դանդաղաքայլերով իրենց կյանքի ու ներաշխարհի հոգնածությունը կշարունակեն սրսկել մեր երկրի օրենսդրությունն ստեղծագործող երակի մեջ, եւ նրանց հետ, ովքեր հավես չեն ունենա վեր կենալու բազմոցներից ու մասնակցելու ընտրություններին: Հոգնածությունը թմրադեղի տեսակ է, որ արտերում չի քաղվում ու չի պատրաստվում քիմիական լաբորատորիաներում:
Նա գոյանում է միապաղաղ կենցաղի, կեղծ խանդավառության, մարմնական պաշարների սպառումների արդյունքում` մեծ հաշվով նեղություն չտալով մարդկային գործողություններին` թեկուզ օրվա ռիթմին: Նոր տարին թափով սկսելու, նոր հաջողություններ ձեռք բերելու համար երեւի հոգնածությունը ճանաչել է պետք, որսալով ակնթարթը՝ նրան բռնել է պետք ու ժամանակավորապես բանտարկել հեռու մի տեղում, որ հետո նրա օգտակարության գործակիցը լիովին աշխատի: Տոնական օրերի խանդավառությունը, եթե մնացել է, պիտի բանեցնել ողջ ընթացիկ տարվա հոգնածությունը խլացնելու, հոգնածությունն առավելություն դարձնելու նպատակին, թե չէ երկիրը կկպցնի աչքն ու անհայտ ժամանակով քուն կմտնի:
Կարծիքներ