Սոչի՞ն էլ բան չի փոխի

Նշենք, որ 2011 թ. ընթացքում Մեդվեդեւի միջնորդությամբ նման երկու հանդիպում է տեղի ունեցել. մարտի 5-ին` Սոչի եւ հունիսի 24-ին՝ Կազան քաղաքներում։ Ընդհանուր թվով Կազանի գագաթաժողովը վերջին 3 տարիների ընթացքում Մեդվեդեւի նախաձեռնությամբ կազմակերպված Սարգսյան-Ալիեւ 9-րդ հանդիպումն էր: Չնայած պետք է փաստել, որ այս ձեւաչափը, մեղմ ասած, չհաջողված է: Զորօրինակ, կազանյան հանդիպումից հետո մամուլը, հատկապես արեւմտյան, արձանագրեց Դմիտրի Մեդվեդեւի հիասթափությունը, քանի որ այստեղ էլ, նախորդ հանդիպումների նման, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ: Նշենք, որ Կազան քաղաքում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել էր համատեղ հայտարարությամբ, որում կողմերն արձանագրել էին «մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնարար (Մադրիդյան) սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը»:
Բայց ձախողվեց հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության գալը: Ուշագրավ է, որ այդ հանդիպումից հետո ռուսական ազդեցիկ թերթերը, վկայակոչելով կրեմլյան աղբյուրները, գրեցին, թե Մեդվեդեւի օգնականն ասել էր, որ Կրեմլը կարող է դադարեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պարբերաբար հանդիպումների կազմակերպումը, քանի դեռ երկուստեք վճռականություն չեն ցուցաբերել իրենց տարաձայնությունները հարթելու հարցում: Ռուսաստանը, փաստորեն, համառորեն չի հրաժարվում իր նախաձեռնությունից, այդպիսով տարածաշրջանում իր ազդեցության գերակայության հաստատումից, եւ, հակառակ ձախողումներին, ծրագրում է նոր հանդիպում:
Ի դեպ, մինչ Կազանի հանդիպումը ԵԱՀԿ համանախագահները հայտարարել էին նաեւ, որ եթե Կազանում բեկում կամ առաջընթաց չլինի, բանակցությունների ձեւաչափ է փոխվելու, մինչդեռ այս ընթացքում դա էլ տեղի չի ունեցել: Երեկ փորձեցինք պարզել՝ այս պարագայում ի՞նչ իմաստ ունի եռակողմ ձեւաչափով հանդիպումների կազմակերպումը, եւ ի՞նչ ակնկալիքներ ունեն ԼՂ կարգավորման գործընթացներին հետեւող անձինք Սոչիի հանդիպումից:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, հիշեցնելով կազանյան վերջին հանդիպումը, արձանագրեց. «Որեւէ փոփոխություն դրանից հետո այս ընթացքում չի եղել, ավելին՝ առավելագույնը, որ կարող էր լինել, օրինակ, որ կողմերն ինչ-որ համատեղ հայտարարություն ընդունեն՝ հայտարարելով, թե պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը, մինչդեռ առհասարակ որեւէ փոփոխություն չի կատարվել»: Քաղաքագետը եզրահանգեց, որ դժվարանում է այս պարագայում որեւէ արդյունք կանխատեսել սպասվող հերթական հանդիպումից:
Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար, քաղաքագետ Մասիս Մայիլյանը նույնպես վստահ է՝ ոչ բեկումնային արդյունք եւ ոչ էլ բեկումնային որեւէ փոփոխություն կլինի Սոչիում: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտություն թեպետ Մայիլյանը տեսնում է, նույնիսկ օգտակար է համարում. «Այն առումով, որ դրանք գոնե լարվածություն են թուլացնում»: Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ տեղի ունեցող հանդիպումները, ըստ Մայիլյանի, ներկայիս «խեղված» ձեւաչափի պայմաններում երբեւէ էական փոփոխություն չեն բերի, եւ պետք է այդ ձեւաչափը նախեւառաջ փոխվի:
«Առաջին հերթին Արցախի ներկայացուցիչները պետք է այդպիսի բանակցություններին մասնակցեն»: Հնարավո՞ր է, որ Սոչիում ձեւաչափի փոփոխության հարց քննարկվի: «Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ հարցը դրվի ավելի հստակ: Մեր պաշտոնյաները հաճախ են հայտարարում, թե Հայաստանն այդ ուղղությամբ աշխատում է, բայց դեռ արդյունք չկա, քանի որ Ադրբեջանը դեմ է դրան»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով. «Այդուամենայնիվ Արցախը ԵԱՀԿ կողմից ճանաչված է որպես հակամարտող կողմ, եւ պետք է պնդել, որ ձեւաչափը վերանայվի, որպեսզի կարելի լինի ակնկալիքներ ունենալ նման հանդիպումներից»:
Կարծիքներ