Հարց Հանրային հեռուստաընկերությանը

Հարց Հանրային հեռուստաընկերությանը
«Քաղաքը մտորում է: Սիրելի Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն, մի՞թե դու խոսել էիր Հայաստանի Հանրապետության բոլոր հիմնախնդիրների մասին եւ լուծել դրանք, որ քեզ մնացել էր սոսկ համասեռամոլների, միասեռականների կամ արվամոլների բուժման հարցը: Մի՞թե իմ հայրենիքում այլեւս ոչ մի խնդիր չկար, որ դու, այն էլ «Հայլուրի» եթերաժամին, պիտի ինչ-որ անիմաստ բաներ խոսեիր… Եվ կամ մի՞թե Հանրային հեռուստաընկերության անձնակազմի ողջ միասեռականներին դու արդեն բուժել էիր, որ քեզ մնացել էր միայն բուժել մանուկների համար նախատեսված Հաղթանակի զբոսայգու մոտ կանգնած միասեռականներին եւ նրանց ճիշտ ուղու վրա կանգնեցնել… Թե՞ սա մտածված քայլ էր մեր արտերկրի փարեգամների համար, որ՝ տեսեք-տեսեք, փաբամ, ամեն փրոբլեմ լուձած ենք, մնացել է մենակ անոնց հարցը լուձենք… Պատասխանեք, խնդրեմ»,- քաղաքացի Օֆելի Մինասյանն այս հարցն է ուղղել Հանրային հեռուստաընկերության անձնակազմին:



Նա հարցը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, որտեղ ակտիվ քննարկում էր սկսվել թեմայի հետ կապված: Քաղաքացիների մի մասին բարկացրել էր Հանրային հեռուստաընկերության պատրաստած հատուկ ռեպորտաժը միասեռականների մասին, որտեղ քննարկվում էր նրանց հիվանդ լինել-չլինելու եւ բուժվելու հարցը: «Պարզվում ա` միասեռականությունը հիվանդություն ա, ու այն բուժո՞ւմ են: Ես ուղղակի խնդրում եմ, որ ինչ-որ մեկն ասի, թե ով ա եթերով ասել, ես իրա հետ անձամբ խոսելու բան ունեմ»,- գրել է «Ֆեյսբուքի» օգտատեր Մանե Ադամյանը:



Վանուհի Մալաքյանն էլ ծաղրանքով գրել է, թե մեր երկրում ամեն ինչի մեղավորը հենց միասեռականներն են: «Ուղղակի պարապ են մնացել ու բան չունեն անելու… Թող, ասենք, երկիրը որ դատարկվում ա, էդ թեմայով խոսեն, գների թանկացումներից խոսեն, բանակում սպանվող ու ստորացվող զինվորներից խոսեն, անպատժելիությունից թող խոսեն»,- Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագիրն այսպիսին է ուզում տեսնել քաղաքացի Դավիթ Թադեւոսյանը: