Մանկատան սանը փողոցում է հայտնվել

Մայրն այդ ժամանակ վարձով է ապրելիս լինում, Գեւորգը մեկ ամիս աշխատում է ավտոլվացման կետում, այնուհետեւ, իր խոսքով, շեֆը նրան տանում է Ռուսաստան, որտեղ մեկ տարի աշխատելով՝ վերադառնում է Հայաստան` մոր մոտ, եւ 4 ամիս ապրում են միասին. «Տան վարձը որ չկարեցանք տանք, մերս ինձ տնից դուս արավ, իսկ ինքը գնաց Շիրակի մարզում գտնվող ախպոր տուն: Ասեցի՝ ինձ էլ տար, բայց ինքը չի ուզում ոչ ինձ տենա, ոչ էլ ախպորս»: Դեկտեմբերի 25-ից Գեւորգը բառացիորեն ապրել է Գյումրիում գտնվող «Ձորի մայլա» կոչվող տարածքի բնակելի շենքերից մեկի տանիքում, իսկ անկողինով ապահովել են շենքի բնակիչները:
Տեսնելով, որ այսպես ապրելն անհնար է, Գեւորգը վերադառնում է Վանաձոր ու փորձում հետաքրքրվել իր բնակարանի հարցով, քանի որ ինքն ընդգրկված էր մանկատան շրջանավարտներին տրամադրվող բնակարանների ծրագրում: Լոռու մարզպետարանի կանանց, երեխաների իրավունքների վարչության պետ Նարեկ Սարգսյանից տեղեկացանք, որ Գեւորգը չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, քանի որ ծնողներից եւ ոչ մեկը չի հրաժարվել նրանից, ուստի այդ ծրագրի մեջ էլ չի կարող ընդգրկվել:
Նարեկ Սարգսյանի միջնորդությունից հետո միայն Գեւորգը մեկ օր գիշերել է մանկատանը՝ հույս ունենալով, որ հաջորդ օրն արդեն քաղաքապետարանի աջակցությամբ հանրակացարանի կամ գիշերելու տեղ կգտնվի: Սակայն երեկ՝ օրվա վերջին, որեւէ հստակ քայլ չլինելուց հետո, Գեւորգը կրկին գնացել էր մանկատուն, բայց պահակները չէին թույլատրել ներս մտնել, իսկ տնօրենն ասել էր, որ այլեւս չի կարող գիշերել մանկատանը:
Հենց մանկատան բակից Գեւորգը զանգահարեց մեզ՝ խնդրելով օգնել իրեն, մենք էլ դիմեցինք Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, որը խոստացավ, որ այսօր կօգնի Գեւորգին:
ՀԳ - Վանաձորի մեր թղթակից Էդուարդ Արզումանյանը Գեւորգ Գալստյանին երեկ տարել է իր տուն եւ պատրաստ է նրան պահել այնքան, մինչեւ նրա բնակարանի խնդիրը լուծվի: Հուսանք՝ գոնե մարզպետն իր խոստմանը տեր կկանգնի:
Կարծիքներ