Օ՜օ, ինչպիսի սատարում

Օ՜օ, ինչպիսի սատարում
Նախաամանորը, գիտենք, մի շրջան է, երբ ի մի են բերվում արված-չարված գործերը, երբ գնահատականներ են տրվում դրանց, ու մարդիկ պատրաստվում են մի փոքր իմաստնացած ոտք դնել հաջորդ տարվա շեմին: Սա, երեւի, հատուկ է աշխարհի բոլոր ժողովուրդներին, ու մենք էլ, փառք Աստծո, բացառություն չենք: Սակայն, ի տարբերություն աշխարհի մյուս ժողովուրդների, մենք, չգիտես ինչու, սկսում ենք քննարկել ուրիշի արած-չարածն ու գնահատական ենք տալիս ուրիշներին` մոռանալով մեզ, մեր ձեռքբերումներն ու կորուստները:



Վիճակն առավել զավեշտալի է, երբ այդ գործն անում են ոչ թե առանձին անհատներ, այլ՝ թերթեր, կուսակցական տպագիր օրգաններ եւ ոչ թե կատակով, այլ ամենայն լրջությամբ: Մարդկանց ու կազմակերպությունների են դասակարգում. մեկին` վեր հանում, մյուսին` իջեցնում, մեկին` գովում, մյուսին` վատաբանում, վերացական ցուցակներ ու ռեյտինգներ կազմում` դրանով փչացնելով թե լավագույնների եւ թե վատագույնների տրամադրությունը: Հիմա կասեք` խոսքի ազատություն է, ինչ ուզենան, կարող են գրել: Թող գրեն, եղբայր, բայց թող չգրեն, թե ընթերցողների նամակների հիման վրա են կազմել իրենց քաղաքական թոփ-տասնյակները: Սա արդեն արհամարհական վերաբերմունք է թե սեփական գործի, թե ընթերցողների եւ թե հրապարակման հերոսների հասցեին:



Ինչ ուզում եք` ասեք, բայց ես դժվարանում եմ պատկերացնել, թե իբր թերթերից մեկի ընթերցողները բազմաթիվ նամակներ են գրել ու պահանջել, որ թերթը տարեվերջին կրթության բնագավառի լավագույն գործիչ ճանաչի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, իսկ վատագույն գործիչ` Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանին. մեկին բուհական ոլորտում նորարարությունների համար, իսկ մյուսին` դպրոցի տնօրենի անունն արատավորելու: Հայ ընթերցողն ուրիշ բանուգործ չունե՞ր:



Ի՞նչ եք կարծում, ընթերցողն այնքան պարապ է, որ նամակ գրի, որ թերթն իրավական ոլորտում լավագույն գործիչ ճանաչի միլիոնավոր հայաստանցիների ոչինչ չասող «Լեւ գրուպ» իրավաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանին, իսկ վատագույն գործիչ` ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՞ն: Սա վիրավորական է ոչ միայն ընթերցողիս, այլեւ նույն Աշոտյանի ու Բաղդասարյանի համար: Այս տրամաբանությամբ, կարծում ենք, առողջապահության ոլորտում «թերթի եւ ընթերցողների կողմից» լավագույնը ճանաչվելու համար առանձնապես չի ոգեւորվել նաեւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, որի հետ «նույն մրցույթում» վատագույն է ճանաչվել Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի բաժնի վարիչը: Անհամեմատ լավ է պրծել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որովհետեւ թերթը չի բարեհաճել նրան լավագույն գործիչ ճանաչել մշակույթի բնագավառում: Պատկերացրեք, թե ինչ էր տեղի ունենալու տիկնոջ հոգեկան ներաշխարհի հետ, երբ նա իմանար, որ ինքը լավագույնն է բնագավառի վատագույն գործիչ հռչակված Գեորգի Վանյանի հետ համեմատության մեջ:



Կարո՞ղ էին արդյոք այդ թերթի «բազմահազար» ընթերցողներն իրենց հիմնավոր կարծիքը չհայտնել լավագույն ու վատագույն պետական եւ քաղաքական գործիչների մասին: Միամիտ չլինեք: Ամբողջ համուհոտը հենց այս անվանակարգերի մեջ է:



Պինդ բռնվեք, որ չընկնեք. թերթի ընթերցողների մի «պատկառելի զանգված» (տեսնես քանի՞ հազար) պահանջել է տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչել Էդուարդ Շարմազանովին, իսկ վատագույն` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Թե այդ պատկառելի զանգվածի մտքով ինչպես է անցել տոնածառը համեմատել կիբերնետիկայի հետ, թողնենք խմբագրական խորհրդի խղճին: Ասենք միայն, որ 2008 թվականից այս կողմ այս թերթի քաղաքական վերլուծությունների առնվազն 90 տոկոսը վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա գլխավորած ՀԱԿ-ին: Անցնենք տարվա լավագույն ու վատագույն պետական գործիչներին: Առաջինը կնշենք վատագույնին: Ըստ թերթի` դա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Բա չե՞ք ասի, «ընթերցողները գտել են», որ «նա իր կերպարով ու գործունեությամբ մարմնավորում է, թե ինչպիսին ոչ մի դեպքում չպետք է լինի պաշտոնյան»: Զգո՞ւմ եք, թե որքան խիստ են մրցույթի կանոնները: Իսկ այս անվանակարգում լավագույնն է ճանաչվել Սերժ Սարգսյանը` Սուրիկի անմիջական շեֆը, Սուրիկին այդ գործին նշանակողն ու նրան այդ պաշտոնում պահողը:



Ինչ ուզում եք ասեք, բայց սա արդեն ազատ խոսքի հետ բոլորովին կապ չունի: Քաղաքական տհասություն է` երկրի նախագահին լավագույն պետական գործիչ ճանաչել իր ենթակայի` մարզպետի հետ համեմատության մեջ: Բայց ի՞նչ անի խեղճ թերթը, նրա խմբագրական խորհուրդը, ի՞նչ անի այն կուսակցությունը, որ այս թերթն է հրատարակում, ինչպե՞ս ապացուցի, որ սատարում է նախագահին ու ՀՀԿ-ին:



Հետաքրքիր է նաեւ, թե ինչ է զգացել Սերժ Սարգսյանն այս ամենից հետո: Հուսանք` մի առիթով կբարձրաձայնի, որ երբ ինքն ասում է, թե օգնության կարիք է զգում, այս տիպի օգնությունները չէ, որ նկատի ունի:



ՀԳ - Թեեւ սույն սոցիոլոգամետ թերթի անունը չհրապարակեցինք, բայց կարծում ենք՝ ընթերցողի համար դժվար չի լինի կռահելը: Մանավանդ խնդիրը անունն էլ չէ, այլ երեւույթը, որին թերեւս առաջիկա ամիսներին ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպելու:



Էդիկ Անդրեասյան