Ժողովուրդը խելք չունի, ժողովուրդը հավատում ա իշխանությանը

Ժողովուրդը խելք չունի, ժողովուրդը հավատում ա իշխանությանը
Ամանորյա տոնական օրերին հայրենական հեռուստաընկերությունները գերազանցեցին ժամանակին ծաղրուծանակի ենթարկվող ԱԼՄ հեռուստաընկերությանը: Ցուցադրում էին իրենց ամանորյա քեֆ-ուրախությունները կամ էլ մի քանի տարվա վաղեմության համերգային ծրագրեր: Մենք զրուցեցինք «ԱԼՄ հոլդինգի» նախկին ղեկավար Տիգրան Կարապետյանի հետ:



- Պարոն Կարապետյան, արդեն մեկ տարի է, ինչ ԱԼՄ-ն զրկվել է եթերից: Բայց դեռ շարունակում են քննադատել ու ծաղրի ենթարկել Ձեր հեռուստաընկերությունը: Մյուս հեռուստաընկերություններն ինչո՞վ են տարբերվում Ձերից, հատկապես ամանորյա հաղորդումների մասին ի՞նչ կարծիքի եք:



- Նրանք փորձում են կրկնօրինակել ԱԼՄ-ին՝ իրանց երգելով, էդ Նոր տարվա ժամանակվա եթերով էլ, բայց շատ անկազմակերպված տեսակի է: Ես Ձեզ ասեմ, որ մարդիկ ինձ զանգահարում-ասում են՝ իրանք մի որեւէ բան ունե՞ն, որ իրենց նախաձեռնությամբ անեն:



- Իսկ Դուք ի՞նչ եք պատասխանում:



- Ես ոչինչ չեմ  ասում, ես ուղղակի ասում եմ, որ ժողովուրդը խելք չունի, ժողովուրդը հավատում ա իշխանությանը: Եթե ասում են՝ ժողովրդավար ենք, էդ ո՞նց ա, որ էդ ժողովրդավարների համար ամբողջ հեռուստաեթերը փեսայի ձեռքին ա (նկատի ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին՝ Հ. Մ.): Հոլդինգ ա սարքել: Ամբողջովին կառավարվում ա վերեւից:



- Պարոն Կարապետյան, ասում են՝ իշխանությունը ժամանակին փորձել է նաեւ ԱԼՄ-ն կառավարել, նման բան եղե՞լ է:



- Այո, այո, եղել է:



- Իսկ գուցե Միքայել Մինասյանի հետ հակասության արդյունքո՞ւմ եք եթերազրկվել:



- Չգիտեմ՝ նրա հետ հակասության արդյունքում, թե ինչպես, բայց նրա կողմից եղել է առաջարկ, որը ես մերժել եմ:



- 2012 թվականն ընտրական տարի է. Դուք մասնակցելո՞ւ եք ընտրություններին:



- Այո, մասնակցելու եմ ամպայման՝ ե՛ւ մեծամասնականով, ե՛ւ համամասնականով պայքարելու եմ:



- Իսկ որտե՞ղ եք առաջադրվելու մեծամասնականով:



- Նախապես չեմ ուզում ասել: Մեծամասնականը դեռ չեմ ասի, շուտով կհայտարարեմ, դեռ ոչինչ նախապես չեմ ուզում ասել, բայց հաստատ առաջադրվելու եմ:



- Իսկ դաշինք կազմելո՞ւ եք, թե՞ միայնակ եք մասնակցելու համամասնական ընտրակարգով:



- Ոչ, առանց դաշինքի եմ գնալու՝ միայնակ, իմ կուսակցության հետ: Ճիշտն ասեմ՝ այսօր չեմ տեսնում մի կուսակցություն, որը ձգտի դեպի արդարություն եւ ճշմարտություն:



- Պարոն Կարապետյան, նախկինում Դուք Ձեր հեռուստաընկերության միջոցով իրականացնում էիք Ձեր քարոզարշավը, այժմ այդ հարթակից զրկվել եք, ինչպե՞ս եք պատրաստվում քարոզարշավը տանել:



- Որտեղ բոլոր թեկնածուները, այնտեղ էլ ես: Մյուսները ո՞նց են քարոզում: Անվճար, վճարովի գովազդային ժամանակից կօգտվենք:



- Ընտրություններին մասնակցելը բավականին թանկ է, ի՞նչ միջոցներով եք պատրաստվում գնալ ընտրությունների:



- Ես սեփական միջոցներով եմ մասնակցելու ընտրություններին:



- Դուք զբաղվում եք բիզնեսով եւ պատրաստվում եք մտնել խորհրդարան, բայց չէ՞ որ ՀՀ Սահմանադրությամբ գործարարներին արգելվում է զբաղվել օրենսդիր գործունեությամբ:



- Ես բիզնես չունեմ, Դուք լսե՞լ եք, որ ես բիզնես ունեմ: Կինս դրսում ունի սեփականություն, ես` ոչ:



Հարություն Մկրտչյան