Ծառայությունը շփոթում են ստրկամտության հետ

Նորանշանակը տեղյակ էր սպասվող առաջընթացի մասին
Ի տարբերություն Մուրադխանյանի, Հովհաննես Քոչարյանը դեռեւս մի քանի օր առաջ տեղյակ էր իր պաշտոնեական առաջընթացի մասին: Նկատենք, որ սույն պաշտոնյան Գասպարյանի գալուց հետո, այսպես ասած, կադրային շրջագայության մեջ է: Նոր ոստիկանապետը նրան նախ իրավաբանական վարչությունից տեղափոխեց Ոստիկանության ակադեմիա, ապա՝ անձնագրային եւ վիզաների վարչության պետ: Թե ինչով է պայմանավորված իր նկատմամբ այս վերաբերմունքը, փորձեցինք պարզել նրա հետ զրույցում:
- Գասպարյանի՝ համակարգ տեղափոխվելուց հետո սա Ձեր պաշտոնի երկրորդ փոփոխությունն է: Ինչո՞վ է պայմանավորված հատկապես երկրորդ նշանակումը:
- Կային մի քանի խնդիրներ անձնագրային եւ վիզաների վարչության առջեւ դրված, որոնք ղեկավարությունը նպատակահարմար է գտել ինձ հանձնարարել՝ զբաղվելու դրանով: Իսկ առաջին փոփոխության նախաձեռնությունն իմն էր, քանի որ պատրաստվում էի գիտական աշխատանքի: Դիմել էի, ղեկավարությունն էլ ընդառաջեց: Այսինքն՝ նախաձեռնությունն իմն է եղել:
- Իսկ անձագրային վարչության պետ նշանակվելու մասին տեղյա՞կ էիք, Ձեզ հետ քննարկվե՞լ է:
- Դուք գիտեք, որ անցում է կատարվում էլեկտրոնային անձնագրերի, ես ինքս այդ հայեցակարգի հեղինակներից մեկն եմ եղել, ամբողջ օրենսդրական նախագծային նախապատրաստական աշխատանքները ժամանակին ես եմ համադասել: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ նշանակվել եմ, որպեսզի այդ համակարգը համագործարկվի իմ վերահսկողության ներքո: Մի քանի օր առաջ այդ մասին ինձ ասվել էր, եւ ոստիկանության պետն ուղղակի օր ու հանդիպում նշանակեց:
- Նշում եք, որ էլեկտրոնային անձնագրերի օրենսդրական նախաձեռնության համահեղինակ եք ու այդ համակարգին անցում կատարելու պատճառով էլ նշանակվել եք վարչության պետ: Ի՞նչ եք կարծում, Մուրադխանյանը չէ՞ր կարողանա այդ ծրագիրն իրականացնել:
- Իմ հարցի պատասխանը Ձեզ ի՞նչ ա հուշելու, որ պարոն Մուրադխանյանը կարող էր, թող անե՞ր (ծիծաղում է): Որոշողը նա ա, ով պաշտոնի նշանակել է իրականացնողին, իմ կարծիքը ստեղ էական չի եղել…
- Պարոն Քոչարյան, չե՞ք կարծում, որ կադրային փոփոխություններն ավելի շուտ անձնավորված են, քան պայմանավորված տվյալ պաշտոնյայի պրոֆեսիոնալիզմով:
- Նման հարցերով կարծիքներ չեմ հայտնում, չեմ կարծում, որ անձնավորված է:
- Իսկ Ձեր նշանակվելուց հետո ի՞նչ փոփոխություններ են սպասվում անձնագրային վարչությունում:
- Էլեկտրոնային անձնագրերի անցումն ենք ապահովելու, որը ենթադրում է նոր սերնդի փաստագրավորում, ես փորձելու եմ այդ աշխատանքներն արագացնել, որպեսզի անձնագրավորման գործընթացն ավելի արդյունավետ լինի: Ուղղակի ես, կանգնած լինելով այս բարեփոխումների ակունքներում՝ 2008 թվականից սկսած, եւ լավ ծանոթ լինելով միջազգային փորձին, որովհետեւ բազմաթիվ գործուղումների եմ մասնակցել, նպատակահարմար են գտել այդ աշխատանքներն ինձ հանձնարարել: Պատճառականությունը դա է:
Չգիտի, թե ինչու են իրեն ազատել
Թե որն է Մուրադխանյանի պաշտոնանկության պատճառը, ինչպես խոստովանում է նա, նույնիսկ իրեն հայտնի չէ: Թեեւ անձնագրայինի պետը վատ համբավ չուներ, ու պաշտոնանկությունն էլ իր համար անակնկալ էր, սակայն, այդուհանդերձ, դժգոհ չէ ղեկավարության՝ իր վերաբերյալ կայացրած որոշումից:
- Պարոն Մուրադխանյան, ինչո՞ւ Ձեզ պաշտոնանկ արեցին:
- Չեմ կարող ասել, ես էլ չգիտեմ:
- Տպավորությունն այնպիսին է, որ դժգոհ եք:
- Չէ, դժգոհություն չունեմ, որեւէ խնդիր չունեմ, ծառայության ղեկավարն է վարում քաղաքականությունը, հարմար ա գտնում, որ մեկ ուրիշն այդ ծառայությունը ղեկավարի, ղեկավարում է:
- Իսկ եթե ծառայությունը տվյալ պաշտոնյան նորմալ է իրականացնո՞ւմ…
- Իրենց կարծիքով՝ միգուցե էդքան էլ նորմալ չի եղել:
- Այսինքն համաձա՞յն եք այն գնահատականի հետ, որ նորմալ չեն գտել Ձեր աշխատանքը:
- Չէ, ես ասում եմ՝ կա ծառայության ղեկավար, ինքն ա որոշում քաղաքականությունը՝ ով աշխատի կամ ինչպես աշխատի:
- Իսկ չե՞ք կարծում, որ այդ որոշումն անձնավորված է:
- Ես ընդհանրապես ուզում եմ ոչինչ չանձնավորել:
- Պարոն Մուրադխանյան, կարելի է ասել, որ այսպիսով ոստիկանները, որոնք կոչված են քաղաքացուն պաշտպանելու, նույնքան անպաշտպան են սեփական համակարգում: Ղեկավարության հայեցողությունից է կախված՝ ով որքան կպաշտոնավարի:
- Ես անպաշտպանության խնդիր չունեմ: Եթե կա ծառայության ղեկավար, ինքն է որոշում քաղաքականությունը:
- Եթե Դուք ազատվում եք ու պատճառի մասին գաղափար չունեք, դա չի՞ նշանակում, որ անպաշտպան եք:
- Հարազատս, ես ծառայող եմ ու սովոր եմ իմ պարտականությունը կատարել իմ պատկերացման համաձայն:
- Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ անձնագրայինում կադրային փոփոխությունը կլինի ռոտացիոն սկզբունքով, Ձեր վրա կտարածվի՞, Ձեզ պաշտոն սպասվո՞ւմ է:
- Հնարավոր ա իհարկե:
- Այդ մասին ասե՞լ են Ձեզ:
- Ոչ:
Կարծիքներ