Փաթրիս Ճօլօլեանը փորձում է հերքել

Փաթրիս Ճօլօլեանը փորձում է հերքել
Մեր խմբագրությունը «Հերքում» վերտառությամբ նամակ է ստացել Ֆրանսիայից՝ «Առաքելական եկեղեցին պարտվել է ֆրանսիական դատարանում» նյութի հետ կապված: Ուշագրավ է, որ Նիցցա քաղաքի առաքելական եկեղեցու հետ կապված մեզ պատասխան է գրել Փարիզի եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Փաթրիս Ճօլօլեանը, ոչ թե թեմի առաջնորդ Նորվան սրբազանը, որը դիմել է դատարան՝ Նիցցայի եկեղեցու խորհրդի դեմ: Ֆրանսիայի Նիցցա քաղաքի առաքելական եկեղեցու խորհրդի եւ Հայաստանի առաքելական եկեղեցու ամիսներ ձգվող վեճը տեւական ժամանակ տեղափոխվել էր ֆրանսիական դատարան:



Եկեղեցին դատի է տվել Նիցցայի եկեղեցին հիմնած ֆրանսահայերին` փորձելով կասեցնել խորհրդի վերընտրությունը եւ պարտավորեցնել նրանց՝ ընդունելու եկեղեցիների գործունեության իր նոր կանոնադրությունը, համաձայն որի՝ Սփյուռքում եկեղեցիների կազմակերպչական ու ֆինանսական ղեկավարումն աշխարհիկ խորհուրդներից, որոնք հիմնականում ընտրվում են համայնքի ներկայացուցիչներից, անցնում է հոգեւորականների տիրապետության տակ, այդ թվում՝ նաեւ եկեղեցու ունեցվածքն ու ֆինանսները:



Ճօլօլեանը գրում է, թե դատ դեռ չի եղել, այն պարագայում, երբ մեր ձեռքի տակ է հոկտեմբերի 21-ի ֆրանսիական դատարանի դատական նիստի արձանագրությունը, որով Ֆրանսիայի դատարանը գտնում է, որ Նիցցայի խորհրդի ընտրությունները պետք է կայանան, մինչդեռ Նորվան սրբազանը հայցով պահանջում էր կասեցնել դրա ընտրությունը եւ գոնե մինչ այժմ չի բավարարել առաքելական եկեղեցու հայցը եւ չի արգելել Նիցցայի եկեղեցու խորհրդի ընտրությունը եկեղեցական նախկին կարգով: Դատական հաջորդ նիստը կայանալու է փետրվարի 17-ին: Իսկ մինչ այդ Նիցցայի առաքելական եկեղեցու խորհուրդը փետրվարի 6-ին պատրաստվում է ընտրությունների` համաձայն ոչ թե նոր, այլ հին կանոնադրության:



Ներկայացնում ենք Փարիզի եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Փաթրիս Ճօլօլեանի՝ մեզ ուղարկած պատասխանը:



«Նախ ճշդենք՝ որ ասիկա Ֆրանսայի Թեմի ներքին հարց մըն է եւ անտեղի է խառնել Ս. Էջմիածինը այս գործին մէջ։ 2005 թուականին Հայ Առաքելական Եկեղեցւոյ Ֆրանսայի Թեմի ստեղծման շրջանին թեմական եւ ծխական կանոնագրութիւններ խմբագրուեցան։ Ֆրանսայի բոլոր ծուխերը, ներառեալ Նիսը, անդամագրուեցան թեմական կառոյցին, յանձն առնելով բարեկարգել իրենց կանոնագրութիւնը՝ համաձայն թեմի առաջարկած ծխական նոր կանոնագրութեան։ Ֆրանսայի բոլոր ծուխերը բարեկարգեցին իրենց կանոնագրութիւնները, բացի Նիսէն։ Ֆրանսայի Հայ Առաքելական Եկեղեցւոյ բոլոր ծուխերէն ներս գործածուող կանոնագրութիւններուն մէջ կարելի չէ որեւէ կէտ գտնել, որ ցոյց տայ թէ վարչական, ֆինանսական կամ ստացուածքներու կառավարումը կևանցնի հոգեւորականներու տիրապետութեան տակ։ Բոլոր ծուխերը կը կառավարուին վարչական խորհուրդներու կողմէ, որոնք բաղկացած կևըլլան նուազագոյնը 7 եւ առաւելագոյնը 15 աշխարհականներէ։ Գալով դատական հարցերուն, նոյնինքն Նիսի ծուխի անդամներ եւ Ֆրանսայի Թեմը դիմեցին Նիսի դատարան՝ հաստատելով որ Նիսի ծուխի կանոնագրութիւնը չի համապատասխաներ նոր կանոնագրութեան, որուն շուրջ համաձայնութիւն գոյացած էր եւ ծուխը յանձնառու դարձած էր կատարելու անհրաժեշտ փոփոխութիւնները, եւ պահանջելով առկախել ընտրութիւնները, մինչեւ որ պէտք եղած սրբագրութիւնները կատարուին։



Անհրաժեշտաբար սրբագրութիւն պահանջող կէտերէն մէկն էր ընտրութիւնը կազմակերպելու ձեւը, որ չէր համապատասխաներ ժողովրդավարութեան ըմբռնումին։  Ուրիշ կարեւոր հարց մըն ալ այն էր, որ բազմաթիւ հայերու ծխական ընկերակցութեան անդամ դառնալու դիմումները անտեսուած էին։ Մեր Թեմը կևուզէ որ միեւնոյն օրէնքները ի զօրու ըլլան Ֆրանսայի բոլոր հաւատացեալներուն համար։ Այս դատը տակաւին չէ կայացած եւ դատարանը իր վճիռը չէ արձակած։ Միւս կողմէ, Նիսի Ծխական Խորհուրդի նախկին անդամները իրենց կարգին դատ բացին, առարկելով՝ որ թեմը իրաւունք չունէր վերոյիշեալ դատը բանալու։



Դատարանը  Նիսի նախկին անդամներուն առարկութիւնը մերժեց եւ չգոհացուց իրենց պահանջները։ Միւս կողմէ, դատարանը նոյնպէս ըսաւ, որ բանակցութեանց համար ծխական ընկերակցութիւնը պէտք էր իր ներկայացուցիչները ունենար։ Եւ ասոր համար պէտք էր ընտրութիւնները կատարուէին, նոյնիսկ եթէ դատարանը տակաւին իր վճիռը չէր կայացուցած կանոնագրութեան բարեփոխման առընչութեամբ։



Յօդուածի մէջ տեղ գտած ձեր տեղեկութիւնները շատ հեռու են իրականութենէն, մանաւանդ այն՝ որ «սփիւռքահայերը յաղթանակ տարած են Էջմիածնի դէմ»։ Չենք հասկնար ի՞նչ յաղթանակի մասին է խօսքը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կապ չունի Ֆրանսայի Հայոց Թեմի դատական խնդիրներուն հետ, եւ ի վերջոյ՝ Նիսը ֆրանսահայութեան չնչին մէկ փոքրամասնութիւնը կը ներկայացնէ եւ որեւէ պարագայի կարելի չէ սփիւռքահայութեան որպէս ներկայացուցիչը համարել»։