Երանի հոգով աղքատներին, քանզի չեն գիտակցում...

Որ մեր տեղեկատվական մակարդակը ձգտում է զրոյի` դա էլ փաստ է: Փորձեք մարդկանց հետ խոսել մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին... լավագույն դեպքում, կլսեք քաղաքականամերձ կիսահեքիաթային խճճված պատմությունների կծիկ, ինտրիգային գզվռտոցների դեղնամամուլային մակարդակի պատկերների շարան կամ մի համով-հոտով «ի՜ի...», իբր «բան ես գտել, բանի հետեւից ես ընկել»...
Սովետական կայսրության արտաքին աշխարհի հանդեպ փակվածությունը ՍՍՀՄ բազմազգ ժողովրդի հիմնական հատվածի գիտակցության մեջ ստեղծել էր մի տպավորություն, որ իրական են միայն տասնհինգ պանծալի հանրապետությունները, իսկ Երկիր մոլորակի մնացած հատվածն աշխարհագրության քարտեզների համար է միայն, իրականում գոյություն չունի, եթե ունի էլ՝ բանի պետք չէ...
Այսօր Հայաստանում այդ նույն վիճակն է. Երեւանից այն կողմ անշոշափելի ու անհայտ մի տարածք է, որի մասին պատկերացում կազմելը գրեթե անհնար է: Մարդ-անհատը, մին մինուճար, մնացել է ինքն իր, տեղեկացված կամ անտեղյակ, «հասարակական» վիճակին դեմ հանդիման ու կենտրոնացել սեփական փոքրիկ տարածքում կատարվող «սոցիալ-տնտեսական» խնդիրների վրա, որոնցից ամենակարեւորներն էին` ձվի գինը չբարձրացավ, իսկ կանաչի մատակարարողները որոշել էին, վտանգելով մեր օր օրի ծաղկող երկրի վարկանիշը, քերթել բնակչության կաշին: Ստրատեգիական «ԵՐԵՔ ՇԻՇ ՁԵԹ» տաղանդաշատ օպերացիան միայն ի զորու եղավ փրկել հայ ժողովրդի ամանորյա սեղանների մշուշոտ ճակատագիրը: Հեռուստատեսությունները ջանք ու եռանդ չխնայեցին ամբողջ աշխարհին ապացուցելու, որ մեր երգ ու պարի բնատուր էությունն անպարտելի է: Եվ թող աշխարհն իմանա` մեր սոցիալ-տնտեսական նահանջներն ուղղված են թշնամիներին ապակողմնորոշելու նպատակին, իրականում մենք անդարդուցավ վայելում ենք անշեղ նվաճումների ծնած բարիքները: Շուտով այնպիսի աննախադեպ բաներ կանենք... Ի՜նչ Ամերիկա, ի՜նչ Եվրոպա, ի՜նչ արաբական գարուն, ի՜նչ աշխարհի վերջ... Գործով ենք զբաղված` սարեր ենք կտրում, անտառ ենք հատում, էլիտարներ ենք կառուցում, արտագաղթում ենք, օտարալեզու դպրոցներ ենք հիմնում... էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը...
Մի խոսքով, էս նոր տարին իր հետ այնքան բան է բերելու, որ աչքներս բաց մնա, աշխարհը զարմանքից ԶԱՐՄԱՆԱ:
Աշխարհից եւ մասնավորապես սեփական երկրից տեղյակ լինելը վատ բան չէ: Մաղթում եմ, որ այս տարի ինքներս մեզնից ավելի տեղյակ լինենք ու ամեն «հեքիաթի» չհավատանք: Մաղթում եմ, որ երկիրն էլ մեզնից տեղյակ լինի, չկարծի, թե առանց մեզ երկիր է ու առանց մեզ ինքն իր ու մեր գլխին պատուհաս չդառնա: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ, ժողովուրդ:
Աշոտ Ադամյան
Կարծիքներ