Առել-թռել է

Առել-թռել է
«Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ի «Ոսկու աշխարհում» հերթական սկանդալն է տեղի ունեցել: Ամանորի նախօրեին ձուլածո ոսկու առքուվաճառքով զբաղվողներից մեկը՝ ոմն Իգոր, 700 հազարից 1 մլն դոլարի գումար է առել ու անհետացել: Մինչ այդ նա հմտորեն շահել է ոսկու վաճառականների վստահությունը՝ շուկայական գնից փոքր-ինչ պակաս գին սահմանելով: Երբ առեւտուրը լավացել է, եւ նա մշտական կլիենտուրա է ձեւավորել, անցել է կտրուկ գործողությունների՝ հավաքել է գումարներն ու անհետացել: Կատարվածի մասին մանրամասներ իմանալու համար այցելեցինք ոսկու շուկա: «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ տնօրեն Վաղարշ Աբրահամյանը որեւէ հստակ բան չասաց, թեեւ դեպքը տեղի էր ունեցել իրեն պատկանող տարածքում:



Միայն ասաց, որ ինքն էլ բոլորի պես լսել է, թե այդպիսի դեպք է տեղի ունեցել, ուրիշ ոչինչ չգիտի: «Լսել եմ, բայց ճիշտ ա, թե սուտ՝ չգիտեմ»,- ասաց տնօրենը: Նա կատարվածի մասին լսել էր տոներից  առաջ, բայց արձակուրդի ընթացքում քաղաքում չլինելով, մանրամասներին, իր խոսքով, դեռ չէր տիրապետում, ոչ էլ առանձնապես հետաքրքրվում էր: Աբրահամյանի խոսքով՝ Իգորն ընդամենը, բոլորի պես, վարձակալ է եղել: «5-10 տարի ա՝ ստեղ ա, ես շա՞տ իմանամ: Ինքն իմ աշխատողը չի եղել, բոլորի պես տարածք էր վարձակալում: Ու հիմա ինչ ա արել՝ ես չգիտեմ: Կարող ա ճիշտ լինի, կարող ա՝ սուտ»,- ասաց Աբրահամյանը: Վերջինիս խոսքով, երեկվա դրությամբ շուկայի աշխատողներից, վարձակալներից ոչ ոք չի բողոքել այդ դեպքի հետ կապված: «Ոչ մեկը չի եկել, չի բողոքել, չի ասել, որ էդ մարդը քցել ա իրեն: Դրանք ընդամենը շշուկներ են: Մենք ոչ մի բողոք չենք ստացել»,- հավելեց նա: Իգորի արհեստանոցը փակ էր: Նա ոչ հանձնել էր տարածքը, ոչ էլ տեղի վարձն էր վճարել: «Թողել-փախել ա»,- արձանագրեց տնօրենը:



Հետաքրքիրն այն է, որ Իգորի արհեստանոցի հարեւանությամբ գտնվող վարձակալները կտրականապես հրաժարվեցին խոսել, պատասխանել մեր հարցերին: Գրեթե բոլորը միաբերան ասում էին, որ չեն ճանաչում Իգորին, իսկ ովքեր էլ ճանաչում էին, դեպքի մասին ոչինչ չէին պատմում՝ ասելով, որ ինչ-որ բան լսել են, բայց թե ինչ է կատարվել իրականում՝ չգիտեն: Նույնիսկ մարդիկ, ովքեր, այլ վարձակալների խոսքով, հաստատ գործարք էին կատարել այդ մարդու հետ եւ, փաստորեն, «քցվել» էին, հրաժարվեցին խոսել՝ միաբերան պնդելով, որ իրենք չեն ճանաչում Իգորին, իսկ կատարվածի մասին էլ ոչ մի բան չեն լսել: Տուժածների այս դիրքորոշումը շատ հետաքրքիր է: Թե ինչու են լռում, երբ իրենց «քցել» են, ու իրենք հայտնվել են կոտրած տաշտակի առաջ, հասկանալի չէ: Որքանով որ պարզ դարձավ, տուժողներն անգամ ոստիկանություն չեն դիմել: Մարդը գումար կորցնի ու չդիմի՞ ոստիկանություն: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ նախնական տեղեկություններով այդպիսի բողոք չեն ստացել, իսկ ավելի հստակ խոստացան պատասխանել այսօր: Սակայն եւ ոսկու շուկայի տնօրենը, եւ մեզ հանդիպած վարձակալներն ասացին, որ այս դեպքից հետո ոստիկանությունից չեն հետաքրքրվել կատարվածով: