Ասեմ, որ գրե՞ս

- Պարոն Հակոբյան, Ձեր կալանավորված որդիների եւ հարսի գործով ի՞նչ նորություն կա: Քրեական գործերը դեռ ընթացքի մե՞ջ են:
- Ոչ մի նորություն էլ չկա, բոլորն էլ շարունակում են կալանավորված մնալ, եւ մինչեւ հիմի մենք քաշքշուկի մեջ ենք: Եթե նորություն կհամարեք՝ մենակ եղել է այն, որ, ուրեմն, էս ընթացքում Անդրանիկի գործերն Աբովյանից ուղարկել են Արտաշատ՝ քննության, հետո նորից հետ ուղարկել Աբովյան: Մարդ սրանցից բան չի հասկանում՝ ի՞նչ են ուզում անել, ով ինչ ա ուզում: Փոքր տղայիս վրա ստից նարկոտիկ դրեցին, ինչ օյիններ արեցին: Զարմանալու բաներ են, ինչքան են բարդացնում աշխատող մարդու գործերը, կամ, ասենք, իմ կուսակցական լինելն ա խանգարում դրանց, ես չգիտեմ... Ես էլի եմ ասում, ես մնալու եմ իմ կուսակցությունում:
- Դուք մնում եք այն համոզմանը, որ կուսակցական պատկանելության համա՞ր են Ձեր ընտանիքի անդամներին ձերբակալել:
- Դե, ես դա էլ ընենց հիմնավորված չգիտեմ, որ ասեմ ոնց որ ասում ա՝ դրա համար ա: Դե, բայց մի բան փաստ ա՝ հետապնդում են: Իմ զավակները մաքուր, ազնիվ հայի զավակներ են: Արտյուշան՝ Ղարաբաղի կռիվների մասնակից, էն մեկն էլ իմ հետ է աշխատել, եւ «Սասնա ծռեր» ջոկատին միշտ օգտակար ենք եղել:
- Բացի Ալիկ Սարգսյանից, հանդիպե՞լ եք այլ պաշտոնյայի հետ:
- Չէ... ի՞նչ գործ ունեմ: Մեկի հետ հանդիպում ես, մյուսն ա նեղանում, էն մյուսի հետ հանդիպում ես՝ էն մեկն ա նեղանում: ...Ասում եմ՝ գրում եք, հետո դառնում ա «տժվժիկը»:
- Ո՞վ է նեղացել:
- Դուք չիմացա՞ք՝ ես հանդիպել եմ Ալիկ Սարգսյանի հետ: Հենց ձեր թերթում էիք գրել:
- Բայց ո՞վ է նեղացել, Գասպարյան Վովա՞ն:
- Դե, ես ի՞նչ գիտեմ, սաղ ոնց որ օրիորդ ըլնեն, մեկը մեկից նեղանում ա, որ մեկի հետ հանդիպում ես, գիտեն եսիմ ինչ ա արել: Հիմա սկի չեմ էլ ուզում դիմեմ Գասպարյանին, որ գոնե տեսակցություն թույլ տա: Դե գիտեք՝ երեխեքիս չեն թողնում տենամ, ոչ մեկին: Երեխեքին տարել-պահել են, բայց գոնե ծնողին՝ 77 տարեկան մարդուն թողնեն մի հատ հանդիպի: Չեմ խնդրում, որովհետեւ գիտեմ անմիտ ա: Որովհետեւ Ալիկ Սարգսյանին էլ հանդիպեցի, էդքան մտերիմ էր իմ հետ, ի՞նչ արդյունքի հասանք: Հիմա նորից սրան հանդիպեմ, նորից ներվերս քայքայեմ… ավելի լավ ա հանգիստ ապրեմ:
- Ձեր փաստաբանը, որը տեսակցում է Ձեր ընտանիքի անդամների հետ, ի՞նչ է ասում՝ նրանք ի՞նչ վիճակում են:
- Դե, չեն դժգոհում, ասում ա՝ լավ են: Դե, ուղարկում ենք՝ ուտելիք, ամեն ինչ, մի ամիս առաջ էլ դրսից բժիշկներ էի ուղարկել Արտուշի համար. վատ էր զգում իրեն, հիմա լավ է:
- Իսկ վերջին ամիսներին ոստիկանության աշխատակիցները Ձեր տուն եկե՞լ են, խուզարկե՞լ են:
- Դե, էն սկզբից էին գալիս: Հիմա էլ գալիս են՝ ի՞նչ անեն, ինչ ունեինք-չունեինք՝ տարել են, մեր տուն բա՞ն են թողել, ինչքան նկար ունեինք՝ տարել են. սրբանկարներ, մեր երեխեքի հարստությունը, հիմա գան՝ ի՞նչ անեն:
- Իսկ Ձեր բիզնեսին չե՞ն խոչընդոտում:
- Չէ, ոչ ոք էլ չի խառնվում կամ խառնվեն՝ ի՞նչ, տունը հաց կթխեմ-կծախեմ, ոչ մի բան չունեմ վախենալու: Մեզնից էլ ինչ տարել են՝ մինչեւ օրս քննչական վարչությունից ոչ զանգել են, ոչ ասել՝ եկեք-վերցրեք ձեր ունեցածը: Երկու մեքենա ունեի՝ մի «Համեր», մի հատ էլ փոքր «լեխկավիկ». երկուսն էլ տարել-պահել են, հետո էլ պիտի ասեն՝ «ստայանկի» համար փող պիտի մուծես. մեկը Աբովյանում ա, մյուսը՝ «ԳԱԻ»-ում:
- Դուք նաեւ ասել էիք, որ Ձեր ավագ տղային ստիպում են մեղքն իր վրա վերցնել, որպեսզի ազատ արձակեն եղբորն ու կնոջը:
- Ես ըտենց բան չեմ ասել, բայց դե, ըտենց ա դուրս գալիս:
- Բայց ո՞վ է ստիպում:
- Բա ես ի՞նչ գիտեմ, ստիպողները քի՞չ են, սաղ ստիպող են, էլի: Հիմա ինձնից ի՞նչ ես խոսք քաշում՝ ով ա, ասեմ անունը՝ հետո գրեք... Զատո առանց դրա էլ հանգիստ չեն տալիս: Աղջիկ ջան, գործ չունես ինձանից: ...Կներես, կներես...
ՀԳ - Սուրիկ Հակոբյանը, ասելով վերջին միտքը, անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր զանգերին:
Կարծիքներ