Ով ում դատի տա, ով հերքումը տպագրի

Ով ում դատի տա, ով հերքումը տպագրի
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 19-ին կայացրել է Պարույր Հայրիկյանն ընդդեմ կոմունիստներ Գեղամ Գալստյանի եւ Նորիկ Պետրոսյանի՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջների վերաբերյալ գործով վճիռը: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ մեր թերթը տպագրել էր երկու բանավիճող կողմերի՝ կոմունիստներ Գեղամ Գալստյանի եւ Նորիկ Պետրոսյանի ու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հոդվածները: Կոմունիստները տպագրած հոդվածներում իրենց վրդովմունքն էին հայտնել հունիսի 12-ին «Հայոց հարց» հաղորդաշարի ժամանակ Ստեփան Շահումյանի մասին Պարույր Հայրիկյանի հնչեցրած գնահատականների վերաբերյալ: Այնուհետեւ պատասխան հոդվածով հանդես էր եկել Հայրիկյանը, եւ վերջում բանը հասել էր դատարան:



«Հրապարակը» եւս այս վեճում ճանաչվել էր պատասխանող, սակայն դատական պրոցեսի ընթացքում Հայրիկյանը հրաժարվեց «Հրապարակի» դեմ պահանջից:



Ըստ դատարանի վճռի, հայցը բավարարվել է մասնակի: Եվ որքան էլ զարմանալի է, օրաթերթերից մեկի նկատմամբ կիրառված մեթոդն այս անգամ էլ է կիրառվել: Դատարանը երկու կոմունիստներին պարտավորեցրել է դատական վեճի կողմ չհանդիսացող «Հրապարակ» օրաթերթում հերքում տպագրել, ինչպես նաեւ տպագրել վճռի եզրափակիչ մասը: Այս վճռում միակ ուշագրավն այն է, որ վիրավորանքի եւ զրպարտության համար որպես փոխհատուցում պահանջվող 3 միլիոն դրամից դատարանը շատ չնչին գումար է բավարարել՝ ընդամենը 40 հազար դրամ. 20 հազարը՝ վիրավորանքի եւ նույնքան՝ զրպարտության համար: Վճռով Պարույր Հայրիկյանից որպես պետական տուրք բռնագանձված գումարն ավելի մեծ է (53 հազար 200 դրամ), քան վիրավորանքի եւ զրպարտության համար կոմունիստներից որպես փոխհատուցում գանձվածը:



Նշենք նաեւ, որ Հայրիկյանը սկզբում դրամական պահանջ չէր ներկայացրել, սակայն հենց առաջին նիստին վերջինիս ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը 3 միլիոն դրամ պահանջեց կոմունիստներից: Ավելացնենք, որ կոմունիստները պատրաստվում են բողոքարկել առաջին ատյանի որոշումը, ինչպես նաեւ հակընդդեմ հայց ներկայացնել նույն՝ վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով:



Ընդ որում, այդ հայցում նշել են նաեւ Հայրիկյանի՝ Հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավարի հասցեին արված վիրավորական արտահայտությունները եւ նրանից պատիվ են պահանջել նաեւ այդ արտահայտությունների համար: