Մարտունիկը պատվեր է, իմ անձնագրային անունը Մարտուն է

Մարտունիկը պատվեր է, իմ անձնագրային անունը Մարտուն է
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանն այն խորաթափանց պատգամավորներից է, որը բավական է հոդվածի մեջ իր անվանը հանդիպի, իսկույն գլխի է ընկնում, որ այն պատվեր է: Երեկ այսպիսի մտքերով է պատվել մեր թերթում տպագրված լուրն աչքի անցկացնելուց հետո, որտեղ իր անունը գրել էինք ոչ թե Մարտուն, այլ Մարտունիկ, ճիշտ այնպես, ինչպես հայտնի է լրատվական դաշտին ու շատերին: Նա զանգել էր մեր խմբագրություն եւ հայրենի բարբառով  մի շարք բաներ էր պահանջում հերքել:



Նախ՝ որ ինքը հայտնի է որպես Մարտուն Գրիգորյան եւ ոչ թե Մարտունիկ, երկրորդը՝ հերքում էր մի բան, որի մասին մենք չէինք էլ գրել: Պարզապես ինքն էր այդպես հասկացել: Մեր թերթի երեկվա համարում գրել էինք, որ Արթիկի սրճարաններից մեկում ծեծկռտուք է եղել ոստիկանի եւ մի խմբի միջեւ: Այն ավարտվել է կրակոցներով, որ մասնակիցներից մեկը Մարտունիկ Գրիգորյանի մերձավորն է, իսկ տարիներ առաջ եղել է նրա հանգուցյալ հորեղբոր թիկնապահը: Պատգամավորը, այս հանգամանքից վրդովված, մեզ հայտնեց, որ թիկնազոր չունեն, երբ ասացինք, որ խոսքն իր մասին չէ, այլ հանգուցյալ հորեղբոր, ասաց. «Իմ հորեղբայրը թիկնազոր չի ունեցել, մենք մեծ շրջապատ ունենք, ընկերություն ունենք, մենք թիկնազորի կարիք չենք ունեցել ոչ ես, ոչ հորեղբայրս, ոչ հայրս: Անուշավանը եղել է հորոխպորս մերձավոր շրջապատի անդամներից մեկը, որը մեզ հետ մեծ հաշվով կապ չի ունեցել 2007 թվից: Ի՞նչ կապ ունի իրա հետ կապված դեպքը պատգամավորի անվան հետ»: Ինչպես տեսնում եք, նա չհերքեց, որ նշված Անուշավանն այնուամենայնիվ իրենց մերձավորն է:



«Մենք ունենք մեծ շրջապատ, ընկերություն, չի բացառվում, որ մարդիկ ունենան խնդիրներ՝ օրենքների հետ կապված, բայց չի նշանակում, որ պատգամավորի հովանավորությունն են վայելում, կամ նման արարքների մասին ես պտի տեղյակ էղնիմ:  Ես ունիմ 20 հազար ընտրող, պետք չի էդ ամեն ինչը կապել իմ հետ»,-հորդորեց  մեր պատվախնդիր զրուցակիցը: Ինչ վերաբերում է իր անվանը, ապա այն, պարզվեց, մահացու հարված է «կռուտոյ» գյումրեցու համար, որը հայրենի քաղաքում իր էլեկտորատին հայտնի է որպես Մարտուն Գրիգորյան: «Էդ ինֆորմացիան, որ տալիս եք, ես հասկանում եմ՝ պետք է մի անուն դնել, որպեսզի հնչեղություն ապահովվի: Բայց գոնե դնելուց անունը ճիշտ դնեիք, իմ անձնագրային անունը կարդացե՞լ եք դուք»:



Մեր հարցին, թե ինչ է իր անձնագրային անունը, մանրամասնեց. «Գրելուց առաջ ճիշտ չէ՞ր լինի իմ անունը մի հատ կարդալ, թե ոնց է գրվում իմ անունը: Ինձ Գյումրիում ոչ մեկը չի ճանաչում որպես Մարտունիկ, ինձ ճանաչում են Մարտուն Գրիգորյան: Ես կուզեի իմանայի՝ հատուկ պատվե՞ր է իմ անունը նման ձեւի տպելը: Էդպիսի բան չկա, ես հայտնի եմ Մարտուն Գրիգորյան: Ու ես հետեւել եմ՝ միշտ ձեր լրատվամիջոցով է նման ձեւի տպվում իմ անունը»: Երբ իր անվան աղավաղման հետ կապված վերլուծությունն ավարտեց, մենք մի քանի հարց տվեցինք  իր  պատգամավորական ապագայի առնչությամբ: Նշենք, որ նա մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Գյումրու ընտրատարածքից:



- Պարոն Գրիգորյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրե՞լու եք  Ձեր թեկնածությունը:



- Ես առաջադրվելու եմ 34 ընտրատարածքով, ու էդ առումով քննարկվել է պարոն Ծառուկյանի հետ էլ: Կուսակցությունը սատարելու է իմ թեկնածությունը:



- Նույն ընտրատեղամասում առաջադրվելու է Արման Սահակյանը, որին սատարելու է իշխող կուսակցությունը: Դա Ձեզ մտահոգո՞ւմ է:



- Ոչ 2007 թվին է վախեցրել էդ հանգամանքը, ոչ 2008 թվի քաղաքապետի ընտրություններում էդ հանգամանքը վախեցրեց: Ես խնդիր չունեմ, որովհետեւ իմ թիկունքին կանգնած է ամենահզոր, ամենակարող ուժը. դա ժողովուրդն է: Ես բացարձակ խնդիր չունեմ, իսկ թե ինձ հետ ով է առաջադրվելու ու իրան ով է սատարելու, դա ոչ մտահոգություն է, ոչ էլ մտավախություն:



- Դուք մատնանշում եք ժողովրդին, բայց խոսվում է, որ Ձեր թիկունքին քրեական հեղինակություններն են կանգնած, եւ անցած ընտրություններում այդ ռեսուրսով եք ընտրվել:



- Իմ կողքին կանգնած է եղել ժողովուրդը. գողականներ, քրեական հեղինակություններ, բանվորներ՝ էդ բոլորը մտնում են էդ ամեն ինչի մեջ: Ես ժողովրդի հետ եմ, ու ժողովրդի մասին է խոսքը, թե դրա մեջ ինչ է մտնում, իմ կարծիքով, մանրամասնել իմաստ չունի:



- Իսկ Ձեզ համար խնդիր չէ՞, որ մարզպետը, քաղաքապետը կսատարեն ՀՀԿ-ական թեկնածուին:



- Քանի որ առաջադրում չի եղել, քաղաքական ուժերը չեն հայտարարել՝ ում են սատարելու, ինչպես են սատարելու, այդ հարցի պատասխանը վաղաժամ եմ համարում: Կգա օրը, կառաջադրվենք, էն ժամանակ կխոսենք:



- Նախորդ ընտրություններում երբ առաջադրվեցիք, Դուք ներկայացնում էիք Սամվել Բաբայանի «Դաշինքը», որի դեմ իշխանությունը սրված չէր: Այս ընտրություններին լարված պայքար է սպասվում, եւ Դուք ներկայացնում եք ԲՀԿ-ն: Ձեր կարծիքով՝ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն ինչպե՞ս կանդրադառնան Ձեր  վրա:



- Յուրաքանչյուր ընտրություն արդեն իրա մեջ ունի լարվածություն, որտեւ, եթե կա ընտրություն, եթե կա պայքար, բնականաբար, պետք է լինի լարվածություն, ամեն մեկը պետք է պայքարի իր կուսակցի կամ կուսակցության համար: Բնականաբար, եթե պայքար կա, կլինի լարվածություն: Հանրապետական-«Բարգավաճ» լարվածություն Գյումրի քաղաքում չկա:



- Իսկ հնարավո՞ր է իրադարձություններն այնպես զարգանան, որ հրաժարվեք Ձեր թեկնածությունից հօգուտ ՀՀԿ-ի:



- Ոչ, ես իմ կուսակցությունով իմ ընտրատարածքում առաջադրվելու եմ, նման տարբերակ, չառաջադրվելու խնդիր չեմ տեսնում: