Նախագահականում խաբար չեն էթիկայի հանձնաժողովից

Երեկ պետական տարբեր գերատեսչություններին ուղղված մեր դիմումները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված Էթիկայի հանձնաժողովն այնքան անհետաքրքիր է պետական կառույցներին, որոնք իրենք են առաջարկել իրենց թեկնածուներին՝ որպես հանձնաժողովի անդամ, որ ոչ նախագահական նստավայրից, ոչ ԱԺ-ից, ոչ արդարադատության նախարարությունից, ոչ էլ դատախազությունից հնարավոր չեղավ գտնել իրենց իսկ առաջարկած թեկնածուների կոնտակտները: Ավելին՝ ներկա պահին անհնար է գտնել որեւէ հասցե, կոնկրետ տեղ ու հեռախոսահամար, որով հնարավոր լինի կապվել արդեն ձեւավորված հանձնաժողովի հետ:
Թերեւս միայն Հայաստանում է հնարավոր, որ նախագահի մակարդակով հանձնաժողով ստեղծվի, այն էլ՝ նման բարոյահոգեբանական ու վեհ արժեքներ դավանող, ու չունենա հասցե, հեռախոսահամար, դրա անդամներն ու նախագահն անհասանելի լինեն հանրության համար, իսկ պետական կառույցներն ամեն կերպ թաքցնեն նորանշանակ անդամների կոնտակտները: Երեկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից եւ մամուլի ծառայությունից հնարավոր չեղավ ճշտել որեւէ այլ տեղեկություն:
Փաստորեն, անգամ նախագահականում տեղյակ չէին իրենց նոր աշխատակիցների մասին: Մինդեռ Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարեց, թե իր անմիջական ուշադրության կենտրոնում է պահելու հանձնաժողովի աշխատանքները, եւ «նախագահի աշխատակազմը, ըստ պատշաճի, կապահովի հանձնաժողովի տեխնիկական սպասարկումը»:
Վերոնշյալ վերաբերմունքն արդեն իսկ ապացուցում է հանձնաժողովի ձեւական լինելը հենց ստեղծման պահից: Ավելին՝ տպավորությունն այն է, որ իշխանությունը պաշտոնյաների էթիկայի հարցը որոշել է վերածել խեղկատակության: Ինչ խոսք, հասկանալի է, որ Հայաստանում որոշակի պլանկայից բարձր ու իշխանությանն ավելի մոտ կանգնած պաշտոնյաները պատասխան չեն տալիս անգամ օրենքի առաջ՝ նույնիսկ քրեական արարքների դեպքում, եւ միանգամից մի քանի պետական կառույցներ ստանձնում են օրենք խախտած պաշտոնյայի իրավունքների պաշտպանությունը: Էլ ուր մնաց երիտասարդներից կազմված հանձնաժողովը քննի իրենց հարցը, ու դրա առաջ իրենք իրենց պատասխանատու զգան:
Մյուս կողմից՝ ո՞ւմ է պետք Էթիկայի հանձնաժողով, որը, կարելի է ենթադրել, զբաղվելու է պաշտոնյաների պաշտպանությամբ եւ նրանց արարքների արդարացմամբ, եթե այդ գործառույթը շատ ավելի բարձր մակարդակով իրականացնում է, ասենք, ՀՀ կառավարությունը, դատախազությունը եւ այլ պետական մարմիններ: Զորօրինակ Սյունիքի քաջազուն մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտնի խուլիգանական արարքի պարագայում գլխավոր դատախազն ինքը հայտարարեց, թե ապտակը ծեծ չէ եւ քրեական պատասխանատվություն չի ենթադրում: Ուրեմն էլ ի՞նչ էթիկայի հանձնաժողով է պետք, կամ ի՞նչ պիտի ասեր տվյալ դեպքում երիտասարդ Էմիլ Բաբայանը, որ այդքան համոզիչ հնչեր հայ հանրության ականջներում: Կամ, ասենք, կարո՞ղ է այդ հանձնաժողովը զբաղվել պատգամավոր Սաշիկ Սարգսյանի, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի, Լյովիկ Սարգսյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ այլոց հարցերով կամ, օրինակ, որեւէ կաշառակեր ու բիզնեսմեն պաշտոնյայի հարցով: Եթե մարդն օրենքի առաջ պատասխան չի տալիս, ինչո՞ւ պիտի պատասխան տա ինչ-որ հանձնաժողովի առաջ:
Ի դեպ, հանձնաժողովը զբաղվելու է նաեւ պաշտոնյաների նվերների հարցերով՝ բացառելու համար կոռուպցիոն ռիսկերը: Նոր տարվա նախաշեմին հեռուստատեսությամբ ականատես եղանք, որ Սերժ Սարգսյանը վզին ադամանդակուռ շղթայով հովազի արձանիկ ստացավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից: «Հանրային ծառայության մասին» օրենքի 29 հոդվածի համաձայն՝ հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր, որը գերազանցում է 100 հազար դրամը, կամ էլ այն պետք է տրամադրի բարեգործության համար: Երեկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին գրավոր հարց ուղղեցինք՝ տեղեկացնելով, որ մեր ընթերցողներն ուզում են իմանալ՝ ի՞նչ արժողության են վերոնշյալ վզնոցի ադամանդները, արդյոք չե՞ն գերազանցում պաշտոնյանին օրենքով թույլատրելի նվերի 100 հազար դրամի շեմը:
Նաեւ հարցրինք, թե պատրաստվո՞ւմ է Սերժ Սարգսյանը հետ վերադարձնել ադամանդները՝ օրինակ ծառայելով մյուս պաշտոնյաներին: Արմեն Արզումանյանը մեր այս հարցը եւս անպատասխան թողեց: Ուշ երեկոյան զանգահարեց նրա օգնականը՝ Հայկ անունով, եւ խոստացավ հարցերին պատասխանել այսօր: Խոստանում ենք պատասխանը ստանալուն պես հրապարակել այն:
Կարծիքներ