Այդ ի՞նչ եք անում դուք Հայաստանի համար, որ ես չեմ անում

«Հարգելի տիկին Օհանյան
Տարիներ շարունակ Ձեր խմբագրած թերթը լուսաբանել է (եւ շարունակում է լուսաբանել) իմ գործունեությունը, անհայտ (երբեմն գոյություն չունեցող) հեղինակների ստորագրությամբ նյութերի հրապարակում իմ մասին: Դրանք, որպես կանոն, միտված են եղել եւ են իրականության աղավաղմանը, իմ անձի անվանարկմանը, պիտակավորմանը (բացառություններ քիչ են եղել): Եվ ես երբեք չեմ արձագանքել նմանօրինակ հայտարարություններին (թեեւ կարող էի Ձեզ անվանարկել ու Ձեր անձնական եւ աշխատանքային գործունեության մասին նյութեր հրապարակ հանել, ինչպես Դուք եք հաճախ վարվում), երբեք չեմ փորձել դատական կարգով քննարկել կամ վիճարկել դրանց հավաստիությունը: Միշտ մտածել եմ, որ երբեւէ կվերանայեք Ձեր մոտեցումը, կհրաժարվեք կանխակալ, նախապես ձեւավորված պատկերացումներից եւ մարզի, մարզպետարանի, մարզպետի մասին լուսաբանումներում Ձեր անձնական, սուբյեկտիվ մոտեցումները մի կողմ կդնեք: Մինչդեռ չհրաժարվեցիք վաղուց որդեգրած մոտեցումներից: Մյուս կողմից՝ ես անվրդով էի վերաբերվում Ձեր հրապարակումներին, քանի որ մայրաքաղաքային մամուլը մարզերում շատ վաղուց հանրային կարծիքի վրա չի ունենում երբեմնի ազդեցությունը կամ ընդհանրապես ազդեցություն չի ունենում (դրա պատճառների մասին խոսակցությունն այլ թեմա է), մանավանդ որ մարդիկ՝ մարզի ամենահեռավոր գյուղում անգամ, տեսնում են իրենց մարզպետի գործունեությունը: Հետայսու եւս չեմ պատրաստվում փոխել վերաբերմունքս Ձեր հրապարակումների հանդեպ, չեմ պատրաստվում ոչ վիճարկել, ոչ հերքումներ ուղարկել. կրկնում եմ՝ դա իմ էությանը հարիր չէ: Այդ բոլորով հանդերձ, մի առաջարկություն ունեմ: Դուք, գրեթե բոլոր դեպքերում, իմ արած-չարածի, իմ անձի մասին դատողություններ եք անում եւ նյութեր հորինում այլ, կողմնակի աղբյուրներից քաղած տեղեկությունների հիման վրա, ինչը, թույլ տվեք ասել, ոչ միշտ է բարոյական: Առաջարկում եմ Ձեզ երես առ երես հանդիպել մեզ հետ եւ Սյունիքի մարզի, մարզպետարանի, մարզպետի մասին տեղեկություններ ստանալ անմիջապես մարզպետից: Ընդ որում՝ պատրաստ եմ պատասխանել Ձեր՝ առանց բացառության բոլոր հարցերին՝ թույլատրելի եւ անթույլատրելի, կոռեկտ եւ ոչ կոռեկտ, սադրիչ եւ անկեղծ, ցինիկ եւ ողջամիտ, տնտեսական եւ քաղաքական, սոցիալական ու հոգեւոր-մշակութային: Ի վերջո՝ տեւական ժամանակ Դուք ինձ հայհոյում եք եւ չե՞ք ուզում գոնե մեկ անգամ երես-երեսի գանք ու պարզենք՝ այդ ի՞նչ եք անում Դուք Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, մեր պետականության, հայ մարդու արժանապատվության պաշտպանության համար, որ ես չեմ անում, եւ որը Ձեզ իրավունք է վերապահում դատավորի դեր ստանձնել ու անընդհատ վիրավորել իմ անձն ու արժանապատվությունը:
Առաջարկում եմ հանդիպում-հարցազրույցը կազմակերպել Սյունիքի մարզպետի աշխատասենյակում՝ Ձեզ համար ցանկալի ժամանակ: Առաջարկում եմ, միաժամանակ, Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն ուղարկել առնվազն 5 օր առաջ, որպեսզի դրանց վերաբերյալ ավելի հիմնավոր ու ամբողջական պատասխաններ պատրաստեմ, մանավանդ որ գործող օրենքները նման հնարավորություն են ընձեռում: Հարցազրույցը նաեւ մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի կողմից կձայնագրվի հետագա աղավաղումներից խույս տալու համար: Ակնկալում եմ Ձեր դրական արձագանքը, այլապես Սյունիքի մարզի, մարզպետարանի, մարզպետի մասին Ձեր բոլոր հրապարակումները՝ ենթադրաբար, ասեկոսեների հիման վրա, ծպտված կամ անանուն աղբյուրների օգտագործմամբ գրված, առնվազն կհամարեմ ոչ անաչառ, անլուրջ, ոչ ազնիվ ու ոչ բարոյական, տենդենցիոզ:
Ավելացնեմ նաեւ, որ առաջարկվող հանդիպում-հարցազրույցից հետո պատրաստ եմ ակտիվացնել մեր համագործակցությունը՝ Սյունիքի մարզի առօրյայի լուսաբանման հարցում:
Հարգանքով՝
Սուրիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ»
ՀԳ - Թերեւս չարժե խոսել այն մասին, որ ոչ մի կանխակալ եւ տենդենցիոզ վերաբերմունք չունենք ոչ Սյունիքի մարզպետի, ոչ էլ առավել եւս Սյունիքի մարզի նկատմամբ: Եվ անհասկանալի է, թե ինչու է մարզպետն իրեն նույնացնում մարզի հետ, որի խնդիրներին մենք հարյուրավոր անդրադարձներ ենք արել՝ սկսած ուրանի հանքի հետախուզման, «Դինո գոլդ մայնինգ» ընկերության, Տաթեւի ճոպանուղուց, վերջացրած Քաջարան գյուղի հետ կապված իրադարձությունների թեմայով: Եթե մարզպետն իր նկատմամբ տենդենցիոզ վերաբերմունքը տեսնում է իր մականունը գրելու (որը մենք չենք հորինել) կամ Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու պատմությունը ներկայացնելու մեջ, դրա դեմ, անշուշտ, դժվար է առարկել: Բայց մենք մեղավոր չենք, որ Սուրեն Խաչատրյանը պաշտոնավարելու ու ապրելու նման արտառոց ոճ է ընտրել: Ինչ վերաբերում է իրեն լսելուն, ապա մեր լրագրողների բազում դիմում-խնդրանքներին, հեռախոսազանգերին նա մերժմամբ է արձագանքել: Բայց անշուշտ դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք հիմա նրան լսելուց: Մենք պատրաստ ենք տպագրել մարզպետի ինչպես հոդվածը, հայտարարությունը, այնպես էլ հարցազրույց անել նրա հետ: «Հրապարակը» հրապարակ է բոլորի համար:
Կարծիքներ