Սողուններն ու հայոց արծիվը

Սողուններն ու հայոց արծիվը
Երեկ մենք տպագրել էինք սպորտի եւ երիտասարդության նախարարության 18 ՊՈԱԿ-ների տնօրենների նամակը, որտեղ վերջիններս ներկայացրել էին սույն նախարարության պարապությունը եւ իրենց վրդովմունքն էին հայտնել տարեվերջյան ասուլիսի եւ մարզիկներին պարգեւատրելու արարողության վերաբերյալ, որի ժամանակ օլիմպիական կոմիտեն պետության գումարներն է բաժանել: Նամակն ուղարկվել էր ոչ միայն «Հրապարակին», այլեւ մյուս լրատվամիջոցներին, որոնք եւս տպագրել էին այն: Երեկ մենք փոստով ստացել ենք սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի պատասխանը, որը նույն օրը հարցազրույցի տեսքով հրապարակել էին որոշ կայքեր: Ուշագրավ է, որ տնօրենների կոռեկտ քննադատությանն ի պատասխան՝ փոխնախարարը «սողուններ», «ոչնչություններ» եւ այլ որակումներ է օգտագործում:



Ամեն դեպքում տպագրում ենք այն՝ որպես «Հայոց արծիվի» մտքի թռիչք եւ պետական պաշտոնյաների լեզվամտածողության հետաքրքիր նմուշ:



«Հարգելի խմբագրություն



ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասին «Իսկ ինչ է արել նախարարությունը» վերնագրով տեղեկատվական նյութը զարմանք եւ մի քիչ էլ ծիծաղ առաջացրեց իմ մեջ, հատկապես մասսայական սպորտին վերաբերող «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառման մասին գրածների վերաբերյալ, որն ուղղակի իմ կողմից համակարգվող ոլորտն է եւ ընդհանրապես կապ չունի նախարարության ՊՈԱԿ-ների տնօրենների հետ: Նախ ուզում եմ փաստել, որ նախարարությունում շատ ջերմ եւ աշխատանքային մթնոլորտ է ինչպես նախարարության աշխատակազմի, այնպես էլ նախարարության ենթակա բոլոր ՊՈԱԿ-ների աշխատակիցների միջեւ: Ուստի, վերոնշյալ հոդվածում շարադրվածն իրականությանը չի համապատասխանում: Եթե մութ «պադվալներում» «մուտիլովկաների» սցենարներ մշակող եւ սողունների պես տարածող ոչնչությունները չեն կարող իրենց կյանքում, պետական աշխատանքում որեւէ առաջընթաց արձանագրել, դա չի նշանակում, որ  նախարարությունում, հատկապես 2010 եւ 2011 թվականներին, մասսայական սպորտին նվիրված միջոցառումների մասնակիցների թիվը չի կարող աճել 3,5 անգամ, ավելին` «Լավագույն մարզական ընտանիք-2011»   մրցույթն աննախադեպ էր մասնակցության առումով` 1.122 ընտանիքներ  (3,5 անգամ ավել էր 2010 թվականի մասնակիցներից), ովքեր մասնակցել են Հայաստանի Հանրապետության 48 քաղաքներից, ԼՂՀ 8 վարչական շրջաններից եւ Երեւան քաղաքի 12 վարչական շրջաններից:



Ի դեպ, բոլոր անցկացրած միջոցառումների ե՛ւ լուսանկարները, ե՛ւ տեսաձայնագրություններն արխիվացված են: Նույն սողուններին տեղեկացնում եմ, որ Խաչիկ Ասրյանն իր պետական աշխատանքի իրագործմամբ հաշվետու է ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին: Ինչ վերաբերում է մարդկային ջանքերին, մարդկային հարաբերություններին, նամանավանդ որ այդ ջանքերը, հարաբերությունները հանուն հայոց պետականության հզորացման գործընթացներին են վերաբերում, ողջունելի է, իսկ Խաչիկ Ասրյան մարդու տեսակին բնորոշ չէ  ջանքեր թափել՝ որեւէ մեկի հետ լավ հարաբերություններ պահելու համար»: