Էդ իմ ոճը չի

Էդ իմ ոճը չի
Հրազդանի քաղաքապետի՝ փետրվարի 12-ի ընտրությունների հետ կապված, ՀՀԿ-ն արդեն իրար է խառնվել: Երեկ մենք լուրեր ստացանք, որ ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանն իր մոտ է կանչել համայնքի դպրոցների տնօրեններին, ղեկավարներին եւ խիստ հրահանգավորել՝ ձայներ ապահովել գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանի օգտին: Մենք արդեն գրել ենք, որ ՀՀԿ-ն բավականին ծանր է տանում Իջեւանում ԲՀԿ թեկնածուի հաղթանակը, եւ, ըստ լուրերի, փոխհամաձայնություն է ձեռք բերվել Հրազդանում միասնական թեկնածուով հանդես գալու համար: Հիշեցնենք, որ այստեղ գործող քաղաքապետի հիմնական մրցակիցն է լինելու Հրազդանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Մարզպետի՝ ընտրությունների հետ կապված վերոնշյալ գործողությունների մասին փորձեցինք պարզել անձամբ իրենից՝ Կովալենկո Շահգալդյանից:



- Պարոն Շահգալդյան, արդյոք Դուք կարո՞ղ եք եւ շահագրգիռ եք Հրազդանում արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել:



- Յուրաքանչյուր քաղաքացի՝ կլինի իշխանության, թե մյուս դաշտում, պարտավոր է հարգել այս երկրի օրենքները եւ իր իրավասությունների ու պարտավորությունների շրջանակներում նպաստել, որպեսզի մեր երկրում արդար եւ թափանցիկ ընտրություններ տեղի ունենան, այդ թվում եւ պաշտոնատար անձինք, այդ թվում եւ Կոտայքի մարզպետը:



- Այդ դեպքում Դուք ինչո՞ւ չեք հարգում: Ձեր խոսքից Դուք իշխանական լծակները գործի չեք դնում եւ չեք դնի ՀՀԿ թեկնածուի օգտին, բայց մենք ինֆորմացիա ենք ստացել, որ հիմիկվանից Ձեզ մոտ եք կանչել համայնքի դպրոցների տնօրեններին, ղեկավարներին եւ հրահանգել, ավելին՝ վախեցրել եք, որ բոլոր միջոցները գործի դնեն Ձեր թեկնածուի օգտին:



- Ահա... Ուրեմն ով որ ձեզ նման տեղեկատվություն է տվել, ձեզ ցանկացել է ապակողմնորոշել: Ես այդպիսի հանձնարարություն որեւէ մեկին ոչ տվել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ տալու: Ընդամենը մենք ունենք ձեւավորված կուսակցական թիմ, որի հետ քննարկում ենք տարբերակներ, մշակում ծրագրեր՝ գրագետ ընտրարշավ կազմակերպելու համար, որը կապահովի մեր թեկնածուի լիարժեք հաղթանակը: Դա ուրիշ բան է, ուրիշ բան է, որ կանչում եմ...: Ես ձեզ պիտի ասեմ հետեւյալը՝ լծակների վրա հույս դնելը երբեք արդարացված չէ: Մենք անելու ենք թիմային պայքար:



- Եվ այդ թիմով սպառնալու եւ վախեցնելո՞ւ եք մարդկանց:



- Դե հիմա, օրիորդ, եթե ես ասեմ, որ կգտնես մեկին... սպառնալ... նախ էդ իմ ոճը չի, սպառնալով ինչի՞ կհասնես: Վերջապես. մարդ որոշումը կայացնում է, երբ մտնում է ընտրական խցիկ: Այդ դեպքում սպառնալիքն ավելի բացասաբար է անդրադառնում, էդ նույն մարդը կմտնի ընտրատեղամաս, կվերցնի քվեաթերթիկը եւ մի բան էլ իրեն սպառնացողին կհայհոյի ու հակառակը կանի: Այդպես չի՞:



- Դուք Ձեր ստորադասներին սպառնում եք, որ կկորցնեն պաշտոնը, նրանք էլ հետեւաբար ամեն գնով կփորձեն կատարել Ձեր հրամանը:



- Ի՞նչ երաշխիք ես կունենամ, որ էդ մարդը, որին ես սպառնացել եմ, կգնա ու իմ ասածով կքվեարկի: ...Հետո տարբերակ չկա, որ հաղթանակը մերը չի: Իմ աշխատանքային պրակտիկայում որեւէ օրինակ չկա, որ պարտվող տարածքում որեւէ մեկին նեղացրել եմ, պաշտոնից ազատել եմ:



- Մի կողմից ասում եք, որ լծակների վրա հույս դնելն արդարացված չէ, մյուս կողմից վստահ եք Ձեր թեկնածուի հաղթանակի հարցում: Մի քիչ լավատես չե՞ք, քանի որ խոսքն այն մասին է, որ Ձեր թեկնածուի մրցակիցը Սասուն Միքայելյանն է, եւ բոլորս գիտենք, որ նա բավականին մեծ վարկանիշ ունի մարզում:



- Նախ ես պիտի ասեմ... էդ բոլորն ասելով ո՞ւմ նկատի ունեք: ...Դուք ճիշտ չեք կարող այդպիսի ինֆորմացիայի տիրապետել, որովհետեւ «մեծամասնություն» հասկացողություն չկա: Էդ ֆիկցիա ա եւ շատ փոքրաթիվ մարդկանց կարծիք: Ընտրությունների արդյունքով կերեւա:



- Դա էլ Ձեր կարծիքն է:



- Ուրեմն ասեմ ձեզ. իմ պաշտոնավարման ընթացքում՝ 2001թ. սկսած, երեք նախագահական եւ երկու ԱԺ ընտրություններ ու համայնքի ղեկավարի 3 ընտրություններ ենք անցկացրել, եւ միշտ տարբեր լագերներում ենք եղել ես եւ Սասունը, եւ բոլոր դեպքերում էլ մեծամասնությունը մեր կողմն է եղել:



- Ամեն դեպքում ակնհայտ է՝ վերջին դեպքերից հետո Միքայելյանի վարկանիշն ավելի է աճել:



- Դուք սխալվում եք, վերջին դեպքերից հետո Սասունիկի ռեյտինգն իջել է: Ասում եմ ձեռքիս տակ ունեցած փաստերով՝ սոցիոլոգիական հարցումներ, շփումներ բնակչության հետ. վերջապես մարզպետն ինֆորմացված անձնավորություն է՝ ի տարբերություն քեզ, որ ասում ես՝ մեծամասնություն:



- Իսկ Ձեզ գուցե նախազգուշացրե՞լ են, որ չպետք է կրկնվի Իջեւանի պատմությունը, եւ ամեն գնով պետք է ՀՀԿ-ինը լինի հաղթանակը:



- Նախ, Իջեւանը Հրազդանի հետ համեմատելու բան չի, որովհետեւ Հրազդանի քաղաքապետը մեծամասնության կողմից ընդունված եւ սիրված քաղաքապետ է: Մյուսը՝ այդպիսի հրահանգ չեն տալիս. մենք ունենք ընդհանուր նպատակ, որ մեր կուսակցությունը պիտի եւ տեղական ինքնակառավարման, եւ համապետական ընտրություններում առաջնություն ստանա, հաղթի:



- ԲՀԿ-ի հետ համաձայնությա՞ն եք եկել միասնական թեկնածուի սատարելու հարցում:



- Դե դա պետք է «Բարգավաճից» հարցնեք, եթե մենք այդպիսի համաձայնության գայինք, «Բարգավաճը», կարծում եմ՝ հայտարարություն կաներ, որ սատարում է այսինչ թեկնածուին: Դեռեւս մենք այդպիսի բանակցություններ չենք էլ վարել:



- Իսկ մարզում ի՞նչ վիճակ է, որպես կոալիցիոն գործընկեր, ԲՀԿ ներկայացուցիչները սեփական թեկնածուի բացակայության պատճառով չե՞ն աջակցում գործող հանրապետական քաղաքապետին:



- Դե, ընտրարշավը հունվարի 25-ից հետո կսկսի՝ նոր կերեւա, հիմա կանխատեսումներ եկեք չանենք: Հիմա պասիվ վիճակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: