Ծառուկյանի նվիրած ադամանդներն անգի՞ն են

Ծառուկյանի նվիրած ադամանդներն անգի՞ն են
Աշխարհում ընդունված պրակտիկայի համաձայն` պետական պաշտոնյաներին սովորաբար նվիրում են գրքեր, գրիչներ, ժամացույցներ: Սա քաղաքակիրթ աշխարհում ընդունված կարգ է: Թե ինչ են նվիրում հայ պաշտոնյաներին, հայ հանրությունը կամ ընդհանրապես չի իմանում, կամ իմանում է պատահական զրույցների ժամանակ: Մինչդեռ Հայաստանում վաղուց օրենք կա, համաձայն որի` պետք է բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող նվերների պրոցեսը թափանցիկ լինի: Մենք արդեն անդրադարձել ենք Նոր տարվա միջոցառման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից Սերժ Սարգսյանին նվիրած ադամանդների պատմությանը, որոնցով պատված էր հովազի արձանիկի վիզը: Պետության ղեկավարներին նման ադամանդներ նվիրում են թերեւս արաբական շեյխություններում, սակայն, փաստորեն, Հայաստանում եւս դա ընդունելի նվեր է, այն էլ կուսակցության առաջնորդի ու մեծահարուստ գործարարի կողմից:



Մեր ընթերցողներին հետաքրքրել էր, թե ինչ արժողության են այդ ադամանդները, եւ ինչ է պատրաստվում դրանց հետ անել ՀՀ նախագահը: «Հանրային ծառայության մասին» օրենքի 29 հոդվածի համաձայն՝ հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր, որը գերազանցում է 100 հազար դրամը, կամ էլ այն պետք է տրամադրի բարեգործության համար: Ի դեպ, նաեւ նման հարցերի կարգավորմամբ պետք է զբաղվի օրերս ստեղծված Էթիկայի հանձնաժողովը:



Ուստի Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին գրավոր հարցեր էինք ուղղել` տեղեկացնելով, որ ընթերցողներն ուզում են իմանալ` ինչ արժողության են այդ ադամանդները, եւ արդյոք դրանց արժեքը չի՞ գերազանցում բարձրաստիճան պաշտոնյաներին թույլատրելի նվերի շեմը` 100 հազար դրամը: Մամուլի խոսնակին նաեւ հարցրել էինք, թե պատրաստվո՞ւմ է Սերժ Սարգսյանը հետ վերադարձնել ադամանդները՝ օրինակ ծառայելով մյուս պաշտոնյաներին:



«ՀՀ նախագահի կողմից ստացված նվերների ճակատագիրը, բնականաբար, որոշվել եւ որոշվում է ՀՀ օրենսդրության պահանջներին խիստ համապատասխան»,- իր պատասխանում հայտարարել է մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը: Ասել է թե նախագահականում չեն բացահայտում ադամանդների արժեքը եւ ավելորդ են համարում հանրությանը տեղեկացնել` ինչ արժողության նվեր է ստացել ՀՀ նախագահը եւ ինչ է պատրաստվում անել դրա հետ: Չի բացառվում, որ փորձաքննության են ենթարկում ադամանդները` ստուգելու դրանց իսկությունն ու մաքրության աստիճանը:



Մյուս կողմից` օրենքի պահանջներին «խիստ համապատասխա՞ն է», երբ երկրի նախագահը, որը ժամանակ առ ժամանակ իր մոտ է հավաքում որոշ գերատեսչությունների ներկայացուցիչների ու քարոզում կաշառք չվերցնել, չենթարկվել կոռուպցիայի գայթակղությանը, ամենահարուստ գործարարներից մեկից ու կուսակցության առաջնորդից նման թանկարժեք նվեր է ընդունում, եւ նախագահականից հրաժարվում են բացահայտել երկրի նախագահի ստացած նվերի արժեքը, այն դեպքում, երբ դա նախատեսված է օրենքով:



Որքան մեզ է հայտնի, ադամանդները հետ չեն վերադարձվել, թեեւ ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը երեկ մեզ հետ զրույցում հրաժարվեց ասել` հետ վերադարձվել են, թե ոչ: «Դա կուսակցության հետ ի՞նչ կապ ունի, դա նվեր է, ես ի՞նչ գիտեմ»,-մեր հարցին ի պատասխան՝ երեկ հայտարարեց Մհերյանը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե որն է ԲՀԿ առաջնորդի նպատակը նման թանկարժեք ադամանդներ նվիրելու՝ պնդելով, որ պետք է ինչ-որ կերպ բացատրվի հանրությանը, թե ինչու է հանրապետության նախագահին նման թանկարժեք նվեր մատուցվում: «Ինչո՞ւ պիտի բացատրվի հանրությանը, էդ ի՞նչ մի բացատրելու բան է: Էդ ո՞վ է բացատրություն պահանջում ումից»,-հակադարձեց ԲՀԿ մամուլի խոսնակը` հավելելով, թե դա կուսակցության հետ չի առնչվում, եւ ինքը չի կարող պատասխան տալ:



Փաստորեն, հայ հանրությանը մնում է բավարարվել Արմեն Արզումանյանի պատասխանով ու մխիթարվել, որ ՀՀ նախագահի ստացած «նվերների ճակատագիրը որոշվում է օրենքի պահանջին խիստ համապատասխան»` լինի դա ադամանդ, մեքենա, թե այլ նվեր: Անհասկանալի է միայն, թե ինչու է Հայաստանում այդ առթիվ թափանցիկություն պահանջող օրենք ընդունվել: