Ոչ ոք տեղյա՞կ չէ

Ոչ ոք տեղյա՞կ չէ
Շվեդիայից Հայաստան արտաքսված Դանիելյանների ընտանիքի ճակատագիրն ու կարգավիճակն այդպես էլ շարունակում է անհայտ մնալ: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ շվեդական եւ տեղական մամուլն անդրադարձել էր այս ընտանիքի պատմությանը: Ավելին՝ շվեդ հասարակությունն ուղղակի փոթորկվել էր՝ նրանց «դեպորտի» պատմության մասին տեղեկանալով. սկսվել էր ակցիաների շարք՝ ի պաշտպանություն Դանիելյանների, եւ սուր քննադատություն՝ ուղղված իրենց իշխանություններին, որ այդքան անարդար են վարվել հայ ընտանիքի հետ: Սակայն Շվեդիայից արտաքսվելուց հետո այդպես էլ հայտնի չէ այս ընտանիքի գտնվելու վայրը եւ ընդհանրապես կարգավիճակը, քանի որ նրանք այստեղ՝ Հայաստանում, ոչինչ չունեն՝ ոչ ապրելու տեղ, ոչ աշխատանք, ոչ հարազատներ:



Մի քանի օր առաջ շվեդական մամուլում հերթական հրապարակման մեջ նշված է եղել, որ Դանիելյանները պատրաստվում են Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալ եւ հույս ունեն, որ դրանից հետո կկարողանան աշխատանքային պայմանագրով հետ վերադառնալ: Մինչդեռ հայաստանյան պետական կառույցները, պատկան մարմինները շարունակում են պնդել, որ իրենք տեղեկություն չունեն այդ ընտանիքից, քանի որ  նրանք Շվեդիայից չեն վերադարձվել «ՀՀ կառավարության եւ Շվեդիայի Թագավորության կառավարության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին պետական համաձայնագրի» շրջանակներում: «Նրանք 10 տարուց ավելի անօրինական բնակվել են Շվեդիայում եւ հիմա հետ են վերադարձվել: Շվեդական կողմը մեզ չի տեղեկացրել այդ ընտանիքի մասին, քանի որ իրենք հետ չեն վերադարձվել հիշյալ համաձայնագրի շրջանակներում, քանի որ փաստացի հաստատվել է նրանց՝ քաղաքացիություն ունենալու հանգամանքը: Նրանք մեր երկրի քաղաքացիներ են: Սակայն մենք որեւէ ինֆորմացիա չունենք այդ ընտանիքից, որեւէ մեկը մեզ չի տեղեկացրել: Ես սա ասում եմ՝ պարզապես ենթադրելով, թե ինչ կարող է պատահած լինել այդ ընտանիքի հետ»,-ասաց Միգրացիոն ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հականուշ Չոբանյանը: Երբ հարցրինք, թե Միգրացիոն ծառայությունն այնուամենայնիվ հետաքրքրվե՞լ է այդ ընտանիքով, գիտի՞, թե որտեղ են եւ ինչ վիճակում, Չոբանյանը պատասխանեց. «Մենք այդպիսի հնարավորություն չունենք, որ տեղեկանանք նրանց ընտանիքի մասին: Նրանք հետ են վերադարձվել, եւ մենք չգիտենք, թե որտեղ են, ինչպես են: Այդպիսի տեղեկություն չունենք: Նրանք չեն եկել, որեւէ կառույցի չեն դիմել, որտեղի՞ց կարող էինք իմանալ նրանց մասին: Եթե այդ ընտանիքը մեզ դիմեր՝ դա ուրիշ հարց»:  Փորձեցինք այս ընտանիքի մասին ինֆորմացիա ստանալ նաեւ արտաքին գործերի նախարարությունից, սակայն այնտեղից մեզ ասացին, որ այդպիսի հարցերով չեն զբաղվում:



Փաստ է, որ մեր պետությունն ու իր կառույցներն իրենց նեղություն չեն տալիս հայազգիների խնդիրներով զբաղվելու համար: Մինչդեռ պետությունը հենց դրա համար է, որ աշխարհի որ անկյունում էլ լինի հայ մարդը, հոգա նրա մասին, լուծի նրա խնդիրները եւ նորմալ ապրելու ու աշխատելու պայմաններ ստեղծի: Այնպես է ստացվում, որ Դանիելյանների ընտանիքը ոչ շվեդական կառավարությանն է հետաքրքրում, ոչ հայկական: Ի վերջո ո՞վ պետք է զբաղվի այս ընտանիքի հարցով, մանավանդ որ այս ընտանիքում մանկահասակ երեխաներ են մեծանում: