Փակ շուկան՝ առանց նախագծի

Փակ շուկան՝ առանց նախագծի
Հունվարի 17-ին մի շարք հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ բաց նամակ-հայտարարությամբ դիմել էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իրենց մտահոգությունը հայտնելով Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական ծածկված շուկայի շենքում կատարվող շինարարական աշխատանքների առիթով: Նամակում մասնավորապես նշված է. «Տեղում պարզվեց, որ ընթացքի մեջ են լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ այդ թվում եւ կանգուն շենքի միջնամասում ստորգետնյա հարկերի կառուցում։ Պարզվել է նաեւ, որ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում կատարվող աշխատանքները ոչ միայն չեն համաձայնեցվել Երեւանի քաղաքապետարանի հետ, այլեւ պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ մշակույթի նախարարության հետ։



Երեւանի կենտրոնական ծածկված (փակ) շուկան ունի թե՛ ճարտարապետական, թե՛ ճարտարագիտական մեծ արժեք, ինչպես նաեւ պատմական նշանակություն։



Ելնելով այս ամենից՝ պահանջում ենք.



- դադարեցնել Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (թիվ 1.6.152) շինության տարածքում սկսված աշխատանքները,



- համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի` քննարկել նախագծային միջամտությունները ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումներում,



- Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում լայն ու բազմակողմանի մասնագիտական քննարկման ներկայացնել նախագիծը, այդ թվում եւ հուշարձանի ներքին տարածությունում իրականացվող փոփոխությունները,



- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ իրականացնել հանրության իրազեկում եւ անհրաժեշտ քննարկումներ։



Լիահույս ենք, որ, ի պատասխան այս գրության, մեր հասարակությունը վկան կլինի նախորդ տարվա ընթացքում սկսված շրջահայաց եւ ըմբռնող մոտեցման եւս մեկ դրսեւորման»։



Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք տեղյակ է տարածված հայտարարությանը եւ շուկայում ծավալվող շինարարական աշխատանքներին: «Տեղյակ եմ, որ հողային աշխատանքներ են կատարվում, բայց քաղաքապետի կարգադրությամբ դադարեցվել է ամեն ինչ. մինչեւ փաստաթղթեր չլինեն, չեն շարունակվի: Ես սա լսելով չեմ ասում, դիմեցի քաղաքապետին, եւ կարգադրություն արեց, որ դադարեցնեն: Մի շաբաթ առաջ է եղել կարգադրությունը, եւ այնտեղ ոչ մի բան չի արվում: Պետք է նախագծային փաստաթղթերը լինեն, նոր որեւիցե աշխատանք կատարվի, իսկ իրենք երկու օր առանց այդ փաստաթղթերի էին հողային աշխատանքներ կատարել, եւ քաղաքապետն արգելեց առանց նախագծային փաստաթղթերի որեւէ աշխատանք կատարել»: Ըստ Մինասյանի՝ սա այն դեպքն է, որ դեռ պետք է սպասենք. «Եթե հնարավոր չի լինում որեւէ միջոց ձեռնարկել, այդ ժամանակ ենք բարձրաձայնում, իսկ եթե քաղաքապետն ուշադիր է լինում խնդրի վերաբերյալ եւ կարգադրություն է տալիս, կարիք չկա աղմուկ բարձրացնել»: Նշեց նաեւ, որ եւ «Քաղաքաշինության մասին», եւ «Հուշարձանների պահպանության մասին» օրենքներում թվարկված են բոլոր գործընթացները, թե ինչ պետք է անեն, մինչեւ շինարարական աշխատանքներ սկսելը: «Պայմանավորվածություն կա, որ գործընթացներն անելու են ըստ կանոնակարգի, եթե որեւէ շեղում, խախտում նկատվի, աշխատանքները կրկին կդադարեցվեն»,- վստահեցնում է Մկրտիչ Մինասյանը:



Չնայած քաղաքապետը կարգադրել է դադարեցնել աշխատանքները, սակայն հայտարարությամբ հանդես եկողները տեղեկացել են, որ, այդուհանդերձ, շուկայում աշխատանքներ են կատարվում, ինչն էլ ստիպել է նրանց դիմել վարչապետին, քաղաքապետին եւ հանրությանը:



Ֆելիքս Եղիազարյան