Դոկտոր բազեն կբժշկի ուսանողներին

Դոկտոր բազեն կբժշկի ուսանողներին
Պարզվում է՝ Հայաստանում ուսանող դառնալուց հետո մարդկանց մոտ սկսում է գլուխ բարձրացնել մի հիվանդություն, որը բնորոշ է ուսանողությանը: Սակայն մեր անսիրտ մասնագետներն այդպես էլ կանտեսեին այս չարաբաստիկ խնդիրը, եթե խոստումնալից ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը չմտահոգվեր երկրի ապագայի` հայ ուսանողության  առողջական վիճակի այդ օրհասական հիմնախնդրով: Այս սրտացավությունից է ծնվել նրա ատենախոսության թեման, ինչի շնորհիվ նա շուտով կստանա գիտությունների դոկտորի կոչում: Նրա` «Ուսանողների առողջական վիճակի հիմնախնդիրները եւ լուծման ուղիները» վերնագրով  աշխատանքն արդեն Բարձրագույն որակավորման հանձնաժողովի դատին է հանձնվել եւ մի քանի փուլ բարեհաջող անցել:



Ինչ խոսք, կասկած անգամ չկա, որ ՀՀԿ-ական հերթական վունդերքինդը կնվաճի դոկտորի կոչումը, ինչից հետո կհայտնվի ապագա ռեկտորների, նախարարների կադրային բանկում:



Ամեն դեպքում գովելի է չկայացած բժշկի եւ խոստումնալից պատգամավորի ձգտումը, թերեւս միայն այն պատճառով, որ երիտասարդը, ծանրաբեռնված լինելով կուսակցական, ներքին ու արտաքին քաղաքականության հարցերով, ինչպես նաեւ բազեաբուծությամբ, հասցնում է անգամ «գիտությամբ զբաղվել»: Հաշվի առնելով  ատենախոսության կարեւորությունն ու փրկիչ դերն առողջ սերունդ դաստիարակելու հարցում՝ մենք համարյա դոկտոր  պատգամավորին մի քանի հարց ուղղեցինք:



- Ինչո՞ւ ընտրեցիք այդ թեման: Ինչո՞վ էր արդիական, ի՞նչ բացահայտեցիք այդ աշխատանքով:



- Դա նոր չի ընտրվել, մոտավորապես 7-8 տարի առաջ, եւ արդեն 2004 թվականից տպագրված հոդվածներ կան համապատասխան թեմայով: Երիտասարդների առողջական վիճակը բերեց նրան, որպեսզի առանձին բլոկներով մենք հասկանանք, թե ինչ խնդիրներ կան, եւ դրա համար ընտրվեց ուսանողությունը` որպես խավ: Առանձին տարածաշրջաններում` սահմանամերձ գոտի, երկրաշարժի գոտի, մայրաքաղաքը` որպես ուսանողության կենտրոն, առանձին-առանձին դինամիկ հետազոտություն իրականացվեց, թե ինչ առողջական վիճակով է ընդունվում առաջն կուրս եւ հինգ տարի հետո ինչ առողջական վիճակով է դուրս գալիս բուհից:



- Այսինքն բացահայտեցիք հիվանդություններ, որոնք ձեռք են բերվում ուսանողության շրջանում:



- Չէ, ուսումնական հաստատություններից փորձեցինք հասկանալ բոլոր գործոններն առանձին-առանձին. սնունդից սկսած՝ ուսումնական ծանրաբեռնվածությունից վերջացրած, բազմակոմպոնենտ վերլուծություն է արվում:



- Ձեր գիտական  աշխատանքով ի՞նչն է կանխարգելվելու:



- Առաջարկություններ է արվել առողջապահության ու կրթության նախարարությունում, համապատասխան ցուցումներ է արվել, մեթոդականներն էլ օգնելու են ապագայում գտնել լուծման ուղիները:



- Հնարավո՞ր է ուսանողական տարիներին անձամբ այդ խնդիրներն զգալով` որոշեցիք հետագայում  այդ թեմայով էլ դոկտոր դառնալ:



- Անձամբ զգալով չէ: Այսօրվա երիտասարդության առողջական վիճակի հետ կապված՝ կոնկրետ թվեր գոյություն ունեն. դա է եղել հիմքը, որի պատճառով մենք սկսել ենք աշխատանքը:



- Ձեր աշխատանքի շնորհիվ ո՞ր սերնդի ուսանողությունն է փրկվելու:



- Դուք փորձում եք քաղաքականացնել, փրկության խնդիր չի լուծվել իմ աշխատանքով, որ Դուք էլ կիսահեգնական  հարցադրումներ եք անում: Ես հենց հիմա ավարտում եմ խոսակցությունը: Եթե կհետաքրքրի, ես ամբողջությամբ կարող եմ փոխանցել աշխատանքը` սպառիչ պատասխան գտնելու համար, եւ կտեսնեք որ սերունդն է փրկվում իմ աշխատանքի շնորհիվ:



- Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր թեզը հաստատվելու է միայն այն պատճառով, որ Դուք ՀՀԿ պատգամավոր եք եւ լծակ ունեք:



- Պաշտպանությունը բաց է եղել, բոլոր հետաքրքրված մարդիկ ներկա են գտնվել, ես չեմ կարծում, որ կուսակցական պատկանելությունը որեւէ դեր կխաղա:



ՀԳ - Ափսոս, որ Կարեն Ավագյանի գիտական աշխատության մեջ տեղ չի գտել այն վարակիչ հիվանդության` կուսակցական կարիերիզմի կանխարգելումը, որով տառապում է ՀՀԿ-ացվող ուսանողությունը: