Քաղաքացիական նախաձեռնությունների ու «քաղաքական ուժերի» «անհամաձայնության սեղան»-ին

Քաղաքացիական նախաձեռնությունների ու «քաղաքական ուժերի» «անհամաձայնության սեղան»-ին
Վերջին տարիներին, երբ հասարակական խնդիրները, նրանց շուրջ ծավալված քննարկումներն ու քաղաքացիների տեսակետներն ավելի լայն տարածում ու հասարակական հնչեղություն ստացան, Հայաստանում սկսվեց նոր` «քաղաքացիական շարժում»: Այն տեսակով ու էությամբ էր նոր մեր ժողովրդի համար, որովհետև, տեսակետ կա, որ հայերս «կոլեկտիվ» գործել չենք կարող: Միֆը կամաց-կամաց փլուզման է գնում, երբ տեսնում ենք քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը: Քաղաքացիական ակտիվիզմն, ըստ էության, քաղաքական շահերի համար ծառայել չի կարող, սակայն օգտագործել քաղաքական միջոցները նպատակին հասնելու համար` կարող է:  Եվ, մինչ համացանցում` սոցիալական ցանցերում խումբ-խումբ քաղաքացիներն «ակտիվանում» են, հավաքներ, քննարկումներ ու գործնական աշխատանքներ իրականացնում, չեն դադարում նաև հասարակության ու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նրանց պիտակավորումները .  ակտիվիստների ծավալած գործունեության հետևում անդադար քաղաքական ուժեր կամ շահեր փնտրելը ևս կարող է մեկնաբանություն ունենալ: Գուցե այս ամենն իրենց հիմնավորումը ստանում են այն ամենից հետո, երբ ասենք, <<Ժառանգություն>> կուսակցության անդամներն են ակտիվորեն մասնակցում որոշ քաղաքացիական նախաձեռնություններին, միասին ասուլիսներ հրավիրում և այլն: Գուցե և քաղաքացիական նախաձեռնության տեսակետներն ու ուղղվածությունը համընկնում են քաղաքական գործիչների տեսակետներին` <<շահերին>>:



Այսօր ամենաթեժ քննարկումները ծավալվում են երկու` շատ կարևոր հասարակական խնդիրների շուրջ: Քաղաքացիական նախաձեռնությունների ու «քաղաքական ուժերի» «անհամաձայնության սեղանին» երկար ժամանակ դրված են Թռչկանի և Քաջարանի խնդիրները:



Երբ Հայաստանի Հանրապետության կառավարության անցյալ տարվա ապրիլի 28-ի թիվ 627 որոշումն ընդունվեց, գուցե և հաշվի չառնվեց քաղաքացիական նման ակտիվության հանգամանքը: Իսկ այդ որոշումը Հայաստանի Հանրապետոթւյան Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին է:



Այլ կերպ ասած` որոշում է կայացվել, որ այդ հողերի հաշվին պետք է ընդլայնվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին տրամադրվող հողերի քանակը, որոնցից  Արծվանիի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունքի հողատարածքների հաշվին ընդլայնվելու է գործարանի պոչամբարը, իսկ սահմանամերձ Քաջարան գյուղի հողատարածքներն անմիջականորեն օգտագործվելու են հենց հանքի շահագործման համար: Այս ծրագրի իրականացումը հիմնավորվում է նրանով, որ տարածաշրջանը ընդերքաօգտագործման բնագավառում ունի համապետական նշանակություն, կապահովի պետության արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների էական աճ, մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը: Համապետակեն տեսակետի համաձայն` սրանք կարևոր դրույթներ են այնպիսի երկրի համար, ինչպիսին մենք ենք, հատկապես` եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երկագնդի մոտ 8% մոլիբդենի պաշարները Հայաստանում են գտնվում, դրա գերակշռող մասը՝ Քաջարանում: Բնապահպանների, քաղաքացիական ակտիվիստների ու գյուղացիների պնդմամբ` եթե սկսվի այդպիսի ծավալներով շահագործումը, բնակիչները չեն կարող մնալ իրենց բնակավայրում. կամ պետք է մնան ու մահանան, կամ էլ պետք է թողնեն ու հեռանան. «Փոխարենը բնակեցնենք սահմանամերձ տարածքները, մենք ասում ենք` դե պայմաններ չկան, թող գնան այդտեղից մարդիկ», - ասում է Մարիամ Սուխուդյանը: «Ըտեղ գյուղ չկա... 10-12 հոգով հո չես կարող գյուղ պահել,-«Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Մինչդեռ` գյուղապետի պնդմամբ գյուղում 150 ընտանիք է ապրում. «Ես 12 եմ ասել, էլի շատ եմ ասել, կներեք, 10 պիտի ասեի»,-զրույցը շարունակում է Մ. Հակոբյանը: «Էնտեղ գրանցված են 150 ընտանիք 2005-ից հետո, մինչեւ էդ մարդ չկար: Ես էդ գերմանացուն (խոսքը «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր բաժնետիրոջ՝ գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ՍՊԸ-ի տիրոջ մասին է) տարել էի համոզում էի, որ` բերեք էդ ծախսերն անենք, էս մարդկանց օգնենք, տեղափոխենք: Բնակարան են ուզում՝ բնակարան կառուցենք, առանձնատուն են ուզում՝ առանձնատուն կառուցենք, ինչ ուզում են՝ անենք, ապահովենք, մի քանի մարդ են, թող դժգոհ չլինեն: Էս ձեռնարկությունը պետության կարեւոր ձեռնարկություններից է, պարտավոր է էդ մարդկանց հոգսերով զբաղվել: Էդ որ իմացան, եկա՜ն… ինչքան մարդ կար՝ էստեղ-էնտեղ թափառող, բանտերում, փողոցներում, եկավ-գրանցվեց»:



Խնդիրը, սակայն, նոր աղմուկ առաջացրեց, երբ վերջերս համացանցում տարածվեց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը տված հայտարարությունը. «Մենք դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին` իրենց երկրի կառավարության միջոցով ապահովել «Քրոնիմետ մայնինգ» ընկերության տնօրեն Պիլարսկու այցը Քաջարան գյուղ, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հենց այդ ընկերությունն է կոմբինատի գլխավոր սեփականատերը: Գյունտեր Պիլարսկին պետք է բացատրություն տա քաջարանցիներին, թե ինչու են անպայման հավակնում մեր գյուղի տարածքին, երբ գործող հանքավայրը կբավականացնի ևս 2 դար»(ըստ բնապահպան Ռուզան Գրիգորյանի` գյուղի բնակիչները ասում են, որ կոմբինատին պատկանող հանքում 200 տարվա պաշար կա, և միաբերան նշում են,  որ պարզապես գյուղի տարածքում գտնվող հանքը շահագործելը շատ ավելի հեշտ է, քան այն պահեստային պաշարները, որոնք գտնվում են պղնձամոլիբդենային գործարանի տարածքում):



Եվ ահա... «Քրոնիմետ մայնինգ» (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 %-ի սեփականատեր) ընկերության պաշտոնական պատասխանի համաձայն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստ է քննարկել քաղաքացիների ցանկացած դիմում` հնարավորինս շահավետ եւ ընդունելի լուծումներ տրամադրելու համար:



Պաշտոնական տվյալներով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանրապետության խոշորագույն հարկատուն է, ապահովում է ՀՀ արտարժութային հոսքերի զգալի մասը, իրականացրել է 400 մլն դոլարի ներդրումներ, աշխատանքով ապահովում է 3100 մարդու: Գլխավոր տնօրեն Մաքսի Հակոբյանն էլ «Առավոտ»-ի հետ զրույցում ավելացնում է` «...Այս տարի միայն 31,1 միլիարդ դրամ բյուջեին ենք փոխանցել: 3,650 մլրդ դրամի սոցիալական ծրագրեր ենք իրականացրել: Առողջապահական, կրթական, մշակութային, ինչ ծրագրեր ասես, որ չենք արել՝ աջակցել ենք Մատենադարանին, Երեւանի քաղաքապետարանին, ՊՆ տարբեր զորամասերի, էլ որն ասեմ, էլ որը…»:



Իր անհագստությունն է հայտնել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է  «Էկոլուր»-ը:  Հնարավոր է, նա առաջիկայում այցելի Սյունիքի մարզի Քաջարան գյուղ: Իսկ HayNews.am-ի տեղեկություններով` զայրացել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. նրան բավականին բարկացրել է այն, որ իրեն Քաջարան գյուղի հարցով ճիշտ իրավիճակը չեն ներկայացրել:



Ավելին, զրուցելով որոշ բնապահպանների հետ, վարչապետ Սարգսյանը, HayNews.am-ի աղբյուրների հավաստմամբ, Քաջարանի խնդրի հարցում առաջիկայում սենսացիոն հայտարարություն կանի:



«Իրականում էդ հողերը մեզ հիմա պետք չեն: Էդ գյուղի տարածքը կոմբինատին պետք չի: Ոչ էլ որեւէ մեկը ասում ա՝ տվեք ինձ, իրենք են հենց-նենց ոռնոցները գցել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշել է Մ. Հակոբյանը, իսկ թե ինչո՞ւ են կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչվում, պատասխանել է. «Որովհետեւ վաղը մեկը կարող ա գա՝ էդ հողի վրա ինչ ուզի՝ անի: Հանքի վրա գտնվող հողը չի կարելի այլ նպատակներով տալ: Էսօր էդ տարածքում աշխարհի մոլիբդենի 7-8% պաշարները կան, չի կարելի թողնել: Իրենք վերցրել էին 150 հեկտար վաճառել, ավելի ճիշտ՝ պայմանագրով տվել մեկին, հետ վերցրեցինք: Բայց իրենք կարող են էլի նույն բանը անել, տալ ու պրոբլեմներ առաջացնել»: «Ես վստահաբար կարող եմ ասել` այս ամենը մեկ-երկու մարդու անձնական շահի խնդիրն է.  նրանք, առիթն օգտագործելով, փորձել են մեծ փողերի տեր դառնալ, չի ստացվել, և այս ձևով անիմաստ շահարկում են: Ոչ մեկը ժողովրդին չի ասել` պիտի էստեղից գնաք»,- hetq.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա նաև ավելացրել է, որ կառավարության որոշումը նպաստավոր էր, և կարող էր շահավետ լինել գյուղական համայնքների համար:



Վրույր Թադևոսյան