Մարգար Օհանյան. «Ես կապացուցեմ իմ անմեղությունը»

Մարգար Օհանյան. «Ես կապացուցեմ իմ անմեղությունը»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ ՃՈ նախկին պետը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ: Դատական նիստի ժամանակ, ինչպես եւ նախորդ նիստին, հարցաքննվեցին 4 վկա՝ 2-րդ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը, 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանը, 2-րդ գումարտակի, 2-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանը եւ ՃՈ տնտեսական բաժանմունքի ավագ տեսուչ Եփրեմ Ստեփանյանը:



Առաջին երեք վկաներն իրենց ցուցմունքների ժամանակ հայտարարեցին, որ ստացել են քիչ քանակությամբ բենզին, իսկ հաշվետվության մեջ համեմատաբար ավելի մեծ թիվ են նշել: Նրանք երեքն էլ ասացին, որ դա արել են 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի հանձնարարությամբ, եւ ավելացրին, որ Մարգար Օհանյանին երբեւէ չեն տեղեկացրել այդ չարաշահումների մասին, Կարախանյանի հետ խոսակցությունների ժամանակ Օհանյանի անունը որեւէ կերպ չի շոշափվել: Նրանք նաեւ նշեցին, որ Կարախանյանից հետաքրքրվել են, թե ինչու են քիչ բենզին ստանում, եւ Կարախանյանը պատասխանել է, որ մնացածը դեռ չեն ստացել, կստանան՝ կավելացնեն, բայց այդպես էլ չի ավելացվել: 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանն իր ցուցմունքում նշեց, որ ամսական ստացել է 4.500-5000 լիտր բենզին, սակայն հաշվետվություններում ստորագրել է, որ ստացել է 12.000-14.000 լիտր:



Նարգիզյանը նաեւ ավելացրեց, որ այդ ժամանակ նոր աշխատող է եղել, եւ իր տեղակալն է իրեն ասել, որ Կարախանյանի հանձնարարությամբ հաշվետվությունների մեջ ստացած բենզինի քանակից ավելի մեծ թիվ պետք է նշվի: Դատավոր Մխիթար Պապոյանի այն դիտարկմանը, թե ինքն է (Նարգիզյանը) վաշտի հրամանատարը, ինչո՞ւ է տեղակալի ասածով շարժվել, Նարգիզյանը կրկին պատասխանեց, որ նոր աշխատող է եղել եւ չի փորձել միջամտել: «Ասել են՝ տենց պիտի արվի՝ արել եմ»,- ասաց նա: Վկա Արամ Գալստյանն էլ իր ցուցմունքում հայտնեց, որ Կարախանյանն ասել է, որ եթե բենզինի քանակը շատ ցույց տան, կկարողանան մեքենաների անվադողեր ստանալ եւ փոխել: Իսկ թե մեկը մյուսի հետ ինչ կապ ունի՝ այդպես էլ պարզ չդարձավ:



Վկաներից երեքի խոսքով էլ՝ ստացած քիչ քանակի բենզինի պատճառով երբեք ծառայությունը չի տուժել, սակայն քրեական գործի հարուցումից եւ ձերբակալություններից հետո, նրանց խոսքով, բենզինի քանակն ավելացել է, եւ իրենք ստացել են այնքան, որքան ստորագրել են: Այդ դեպքում ինչի՞ է պետք ավել բենզինը, եթե ստացածով բավարարվում էիք, եւ ծառայությունն էլ չէր տուժում՝ վկաներից մեկից հետաքրքրվեց մեղադրող դատախազը: «Ավելի շատ ենք քշում: Էն ժամանակ «տռասների» վրա քիչ էինք քշում, հիմա՝ ավելի շատ»,-պատասխանեց վկան: Ի տարբերություն վերը նշված երեք վկաների՝ տնտեսական բաժանմունքի ավագ տեսուչ Ստեփանյանը շատ պատրաստակամ ու հստակ պատասխանեց եւ մեղադրողի, եւ դատավորի բոլոր հարցերին՝ պնդելով, որ երբեք հակասություններ չեն եղել բենզինի ստացման եւ բաշխման հաշվետվությունների միջեւ: Վկաների հարցաքննությունը կշարունակվի հունվարի 27-ին կայանալիք դատական նիստում:



ՀԳ - Մինչ Մարգար Օհանյանին կհասցնեին տանել դատարանի դահլիճից, նա կարողացավ կարճ շփվել լրագրողների հետ՝ նշելով, որ իր ցուցմունքների ժամանակ բացահայտումներ ու հայտարարություններ են լինելու: Ինչպես նաեւ, որ ինքն ապացուցելու է իր անմեղությունը, եւ դատարանում արդեն իսկ հնչած վկաների ցուցմունքները ցույց են տալիս, որ «ինքը կապ չունի այդ ամենի հետ, իր դեմ ոչ ոք չի խոսել»: