Երեւանում նորակառույցների կողքին «բնակվում» են տնակներ

Երեւանում նորակառույցների կողքին «բնակվում» են տնակներ
Երևանում դեռ կան այնպիսի մարդիկ, ովքեր ապրում են տնակներում: 45-ամյա Ռուզաննան 20 տարի ապրում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող մի հին և խարխուլ տնակում: Տնակը տեղադրված է ճամփեզրին,  կիսաթեք վիճակում, մի քանի քարերի օգնությամբ  կարողացել  են ամուր պահել: Տիկին Ռուզաննան մեզ հետ կիսվեց իր մտավախությամբ . «Դոմիկն էս վիճակում չի կարա երկար մնա, մի օր կփլվի»:



Կինն այստեղ մենակ է ապրում: Աղջիկներին ամուսնացրել է: Տիկնոջ խոսքերով՝ դա ոչ միայն իր կացարանն է, այլև աշխատավայրը .ապրում և պահակություն է անում տնակի մոտ կառուցվող շենքին, որի դիմաց էլ ստանում որոշակի գումար:



Տնակում ապրելու  ամենաանհրաժեշտ պայմաններ  անգամ չկան` բացառությամբ  էլկտրականության, անկողին հիշեցնող փայտե տախտակների, սովետական տարիներից պահպավնած հեռուստացույցի, որը  չի էլ աշխատում:Բարեհամբյուր և անմիջական  այս կինը տնակում տիրող չքավորությունը քողարկում է ծաղիկներով և իր կենսուրախությամբ: Ձմռան ցրտին դիմակայելու  համար  կնոջն օգնում են հարևաները `իրենց հնարավորության սահմաններում վառելափայտ տալով:



Պետությունից օգնություն խնդրել անգամ չի էլ փորձել և առհասարակ Ռուզաննան հպարտ կին է և ոչ ոքի չի պատմում իր խնդիրների մասին. «Անհարմար եմ զգում՝ ո՞ւմ դիմեմ,շնորհակալ եմ, որ էս էլ ունեմ: Արդեն սովորական ա դարձել: Ես էլ կուզենայի տուն  ունենայի, բաղնիք ունենայի: Անձրևի ժամանակ կաթում ա, ստիպված տազիկներ  եմ դնում, որ ամբողջովին չթրջվի: Թոռնիկներս որ գալիս են, ինձ վատ եմ զգում, ոչ մի հետաքրքիր բան չկա, բայց դե կարևորն էնա, որ թոռներս ինձ սիրում են»,- ասաց կենսուրախ տիկին Ռուզաննան:



Գոհար Փեփոյան