Էդձեւ բաների չեմ հավատում

Էդձեւ բաների չեմ հավատում
Գեղարքունիքից պատգամավոր դարձած ԲՀԿ անդամ Հրանտ Մադաթյանը կրկին առաջադրվելու է եւ կրկին նույն՝ 23 ընտրատեղամասից: Մամուլում գրվեց, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը եւս մտադիր է այստեղ թեկնածու առաջադրել: Մեր զրույցը Մադաթյանի հետ:



- Առաջադրվելու եմ, որովհետեւ իմ կուսակցության խորհրդի որոշումն ա, էդքան բան, համ էլ հաղթելու եմ:



- Խոսակցություններ կան, որ ոստիկանապետն է այդ ընտրատեղամասում թեկնածու առաջադրելու, չե՞ք մտահոգվում:



- Ըտենց բան չեմ լսել, առաջին անգամ Ձեզանից եմ լսում ու ընդհանրապես էդ ուղղությամբ չեմ էլ մտածում:



- Ամեն դեպքում, եթե առաջադրում լինի իր կողմից, էլի՞ մտահոգություն չեք ունենա: Վերջին շրջանում ԲՀԿ-ականների ձերբակալությունները հաշվի առնելով՝ չե՞ք կարծում, որ Վլադիմիր Գասպարյանն այնքան էլ չի սիրում ԲՀԿ-ականներին:



- Դե ինչ կա, մարդիկ են՝ ամեն մեկն էլ իրա ցանկությամբ կարող ա առաջադրվել: …Ես էդ կարծիքին չեմ, ըտենց բան չկա, ես ըտենց բան չեմ զգացել, ոստիկանապետն էլ շատ խելացի մարդ ա, իմ ընգերն ա, ըտենց խնդիրներ ես չեմ տեսնում: Ես իմ ընտրատարածքում ըտենց բան չեմ տեսել, ես իմ ընտրատարածքի մասին կարող եմ ասել՝ ստեղ չկա, ամեն ինչ նորմալ ա, ամեն ինչ հանգիստ ա, Վլադիմիր Գասպարյանին էլ ես շատ հարգում եմ, ինքը խելացի մարդ ա, ըտենց խնդիրներ ես չեմ տեսնում:



- Ձեր ընտրատեղամասում չեք տեսել, բայց տեղյակ է՞լ չեք ԲՀԿ-ականների ձերբակալությունների մասին:



- Ես չգիտեմ, էդի երեւի թե ասեկոսներ են, որին ես չեմ հավատում: Էդձեւ բաների ես չեմ հավատում:



- ԲՀԿ-ից հաստատեցին, որ այդ մարդիկ Ձեր կուսակիցներն են:



- Դե իմ կուսակցությունից ով որ հաստատել ա, իրան հարցը տուր: Դուք հիմա ինձ եք հարց տալիս, ես հայտարարում եմ՝ ըտենց բան չի եղել, ու հույսով եմ՝ չի լինելու:



- Իսկ գուցե համոզված եք նաեւ, որ Վլադիմիր Գասպարյանը Ձեր դեմ մարդ չի՞ հանի:



- Վլադիմիր Գասպարյանն ինքը քաղաքական գործիչ չի, ինքը մեր հանրապետության ոստիկանապետն ա, շատ լավ ոստիկանապետ ա եւ շատ լավ մարդ ա՝ առաջինը: Հիմա Վլադիմիր Գասպարյանը չի, որ թեկնածուներ ա առաջադրում, ես Ձեր հետ համամիտ չեմ: Ես ոչ մի վատ բան չեմ տեսել իրենից:



- Իսկ այլ թեկնածուների մասին տեղյա՞կ եք, որոնք մտադիր են Ձեր ընտրատեղամասում առաջադրվել:



- Չէ, ես ըտենց բան հիմա չգիտեմ, տեղյակ չեմ, ընդհանրապես էդ ասեկոսներից տեղյակ չեմ, ով էլ որ կլինի՝ մարդիկ են, որոնք իրենց ցանկությամբ կարող են առաջադրվել կամ էլ իրանց կուսակցությունների ցանկությամբ: Ես գիտեմ, որ ամեն ինչ նորմալ է լինելու, որովհետեւ այս տարիների ընթացքում աշխատել եմ, գլուխս կախելու տեղ չունեմ, ինձ թվում ա ըտենց:



- Եվ կարծում եք, որ ԱԺ-ում կիսատ գործե՞ր եք թողել, որ պիտի նորից գնաք-ավարտեք:



- Դե հիմա չեմ կարող ասել: Դուք ընենց պրովակացիոն հարց եք տալիս, ես ԱԺ-ում կիսատ գործեր չեմ թողել, բայց իմ ժողովրդի հանդեպ ոնց որ թե կիսատ գործեր թողել եմ, ուզում եմ ժողովրդիս էլի օգտակար լինել:



- Իսկ ժողովրդին օգտակար լինելու համար պարտադիր է պատգամավո՞ր լինել, Դուք հանգիստ կարող եք Ձեր մարզում օգտակար լինել:



- Պարտադիր չի, բայց դե հիմա արդեն իսկ ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվելու եմ եւ էդ կուսակցության մեջ եմ, գտնում եմ, տեսնում եմ էսօր, որ ես պետք է առաջադրվեմ: Այսինքն ես իմ ցանկությունը տվել եմ իմ կուսակցությանը, իմ կուսակցությունն էլ իրա կողմից հաստատել ա, որ անպայման ես առաջադրվելու եմ եւ իմ կուսակցության նախագահի կողմից:



- Դուք հիմա՞ էլ մարզի Եհովայի վկաների հետ ջերմ հարաբերությունների մեջ եք, այդ մասին մամուլում գրվեց…



- Դե գրողը մի քիչ էլ պիտի խելք ունենար, պտի մի քիչ կարդացած ըլներ, մի քիչ դաստիարակված մարդ լիներ, հասկանո՞ւմ ես: Եհովայի վկաներն ընդհանրապես ինձ չեն ընտրել՝ առաջինը ըտեղից սկսենք, երկրորդն էլ՝ Եհովայի վկաներից ընդհանրապես ոչ մեկին չեմ ճանաչում՝ գոնե մի հոգի ձեւի համար, չեմ էլ ուզում ճանաչեմ:



- Բայց Դուք հաստատել էիք, որ լավ հարաբերություններ ունեք, որովհետեւ նրանք էլ են Ձեր ընտրողները:



- Ոչ, ես էն ժամանակ չէի կարա նման բան հաստատել, դրա համար էդ աղջիկն իրա արժանի պատիժը ստացավ սուտ գրելու ու սուտ խոսելու համար: