Հայտարարություն

Հայտարարություն
Օրինակարգ իշխանությունը կարող է ձեւավորվել միայն  ընտրակեղծարարության մեքենայի ջախջախման, օրինական եւ թափանցիկ ընտրության անցկացման դեպքում։ Դա հնարավոր է իշխանության քաղաքական կամքի եւ որակյալ օրենսդրության պայմաններում։ Հայաստանում անցկացվող ընտրությունները քանիցս ցույց են տվել, որ ներկա վարչախումբը չի կարող նման կամք դրսեւորել։ Քաղաքական ուժերի եւ հասարակության ճնշմամբ համապատասխան օրենսդրության կատարելագործումը կարող է էականորեն կրճատել ընտրախախտումների ու կեղծիքների հնարավորությունը։



Հայ ազգային կոնգրեսը, նկատի ունենալով խնդրի կարեւորությունը,  հայտարարում է փետրվարի 17-ից հանրահավաքային ալիքի վերսկսման մասին, որի օրակարգը կլինի Սերժ Սարգսյանին հրաժարականի պարտադրումը, ինչպես նաեւ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն ապահովող մեխանիզմների ձեւավորումը։ Հայ ազգային կոնգրեսն ամեն ինչ անելու է հասարակական ճնշմամբ օրենքի ուժ տալ դեռ 2010թ. մարտի 1-ին ձեւակերպած ու հրապարակած օրենսդրական փոփոխությունների իր պահանջներին։ Ստորեւ ներկայացնում ենք այդ փաստաթղթի հետագայում վերամշակված տարբերակը։ Գոհունակությամբ արձանագրում ենք, որ հիշյալ փաստաթղթում ընդգրկված պահանջներից մեկը, այն է՝ խորհրդարանական ընտրությունները միայն համամասնական համակարգով անցկացնելու խնդիրը, այժմ հետապնդում են նաեւ խորհրդարանական երկու ուժեր։ Մենք ողջունում ենք քաղաքական այդ ուժերի ջանքերը, տվյալ օրակարգով հունվարի 20-ին կազմակերպված ֆորումի անցկացումը, նախատեսում ենք խնդիրը Ազգային ժողովում քննարկման օրերին հանրահավաքի անցկացում։



Կոչ ենք անում ֆորումի մասնակիցներին, այլ քաղաքական ուժերին, որոնք շահագրգռված են ազատ եւ արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման հարցում, իրենց աջակցությունը ցուցաբերել հետեւյալ պլատֆորմի նաեւ մյուս, ոչ պակաս կարեւոր պահանջների իրականացմանը։ Կոնգրեսը հակված է կառուցողական համագործակցության եւ այդ նկատառումով կաջակցի ֆորումի կայացրած՝ արդար ընտրությունների անցկացմանը նպաստող ցանկացած որոշման։



Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ