Հնարավոր են նոր «Սարոյան եղբայրներ»

Հնարավոր են նոր «Սարոյան եղբայրներ»
Կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հարաբերությունները լարվածության նոր փուլ են մտնում, որը սրվեց այն բանից հետո, երբ այս երկու կուսակցությունները չկարողացան իրար մեջ բաժանել մեծամասնական ընտրատարածքները: ԲՀԿ ներկայացուցիչներն արդեն հայտարարում են, որ իրենք պատրաստվում են թեկնածուներ առաջադրել բոլոր 41 ընտրատարածքներում: «Եթե 41-ից 25-ում պարտվենք, գոնե 16-ում կհաղթենք»,- երեկ ասում էր ԲՀԿ-ական մի պատգամավոր:



ԲՀԿ-ականները հասկանում են, որ եթե իրենք պատգամավորության թեկնածուներ չառաջադրեն մեծամասնական ընտրատարածքներում, ապա դա իրենց կզրկի արդյունավետ պայքարել համամասնական ցուցակի համար: Այն, որ ԲՀԿ-ն որոշել է բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրել՝ նշանակում է, որ նախորդ տարվա փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագիրը կարելի է վերջնականապես լուծարված համարել, որի պայմաններում ուժի մեջ է մտնում Ծառուկյանի՝ խորհրդարանում 50 տոկոս գումարած 1 տեղ վերցվելու հայտարարությունը:



Սա նշանակում է նաեւ, որ մենք չենք ունենա 2007թ. խորհրդարանական ընտրություններում արձանագրված պատկերը, երբ ՀՀ բազմաթիվ ընտրատարածքներում ընտրությունները կայացան մեկ թեկնածուի մասնակցությամբ՝ դրանով արժեզրկելով ընտրության իմաստը:



Մենք արդեն անդրադարձել ենք մի քանի ընտրատարածքների, որտեղ ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուների միջեւ թեժ դիմակայություն է սպասվում: Երեկ գրել էինք, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում, որտեղից 2007-ին պատգամավոր էր ընտրվել Աշոտ Տոնոյանը, պատգամավորության թեկնածու է առաջադրվելու ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի ազգականներից մեկը: ԲՀԿ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Տոնոյանի փոխարեն առաջադրելու են Ռուբեն Սինոյանին, որը նախկինում զբաղեցրել է Քանաքեռ-Զեյթունի համայնքապետի պաշտոնը:



Թիվ 16 ընտրատարածքում, որտեղից 2007թ. պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը, ՀՀԿ-ն պատրաստվում է պատգամավորության թեկնածու առաջադրել Մուրադ Մուրադյանին: Մուրադյանն արդեն մեկ անգամ եղել է պատգամավոր: 1999թ. ընտրվելով ԱԺ պատգամավոր՝  2000թ. նա վարչապետ Արամ Սարգսյանի կողմից նշանակվեց բնապահպանության նախարար եւ կարճ ժամանակ աշխատելուց հետո պաշտոնաթող արվեց: Երկար ժամանակ Մուրադյանը մեկուսացել էր քաղաքական գործընթացներից, սակայն վերջին շրջանում անդամագրվել է ՀՀԿ-ին՝ ստանձնելով Մասիսում ՀՀԿ կառույցի պատասխանատվությունը:



Երեւանի Շենգավիթ համայնքի մի մասն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում իր թեկնածությունը կարող է առաջադրել ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանը, որը ժամանակին Շենգավիթի թաղապետն էր, այժմ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահն է: Մարտին Սարգսյանը նախորդ ընտրությունների ժամանակ ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով: Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 6-ին, Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար նշանակեց Մարտին Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին, որը կարելի է համարել Մարտին Սարգսյանի՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելուն ուղղված  նախապատրաստական քայլ: Այս ընտրատարածքում 2007թ. մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվեց ԲՀԿ ներկայացուցիչ Վերսանդիկ Հակոբյանը՝ ծախսելով զգալի ֆինանսական միջոցներ:



Դավիթաշեն համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքն ազատ է մնացել: Այս ընտրատարածքից նախորդ  ընտրությունների ժամանակ պատգամավոր էր ընտրվել Հարություն Փամբուկյանը: Փամբուկյանը, իշխանությունից նեղացած, լքել է Հայաստանը եւ դժվար թե ընտրություններին մասնակցելու համար վերադառնա: Այս ընտրատարածքում ԲՀԿ-ն պատրաստվում է առաջադրել Ռուբեն Գեւորգյանին, որը նախկինում եղել է Դավիթաշեն համայնքի ղեկավարը, իսկ պատգամավոր դարձել է ԲՀԿ համամասնական ցուցակով: Նրա դեմ ՀՀԿ-ն կարող է առաջադրել Դավիթաշեն վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արթուր Գեւորգյանին, որը Դավիթաշենի ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարն է: Արթուր Գեւորգյանը Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին է, եւ այս տարածքում կարող է խաղարկվել «Սարոյան եղբայրներ» սցենարի կրկնությունը: Մանավանդ տեւական ժամանակ է՝ Ռուբեն Գեւորգյանի եւ նրա եղբորորդիների միջեւ խիստ կոնֆլիկտային հարաբերություններ են: Սրանք դեռ նախնական սցենարներ են, բայց այս պահին քննարկվողների մեջ ամենահավանականը: Առաջիկայում մենք կներկայացնենք մյուս ընտրատարածքների շուրջ ընթացող նախընտրական քննարկումները եւս:



Ավետիս Բաբաջանյան