Սպիտակում ՀՀԿ-ից վտարվածները չեն սատարի ՀՀԿ թեկնածուին

Սպիտակում ՀՀԿ-ից վտարվածները չեն սատարի ՀՀԿ թեկնածուին
Փետրվարի 12-ին Սպիտակ քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար մրցելու են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը եւ ընդդիմությունից ՀՀՇ-ական Անանիկ Նիկողոսյանը: Գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը ՀՀԿ թեկնածուն է, սակայն, ինչպես Հրազդանի պարագայում, այնպես էլ այստեղ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը` ԲՀԿ-ն, չի շտապում հայտարարել կոալիցիոն գործընկերոջ թեկնածուին սատարելու մասին: Գործող քաղաքապետը ՀՀԿ-ական պատգամավոր, սպիտակցի Հովհաննես Սահակյանի ազգականն է` ոչ հարազատ հորեղբոր տղան: Երեկ մեր դիտարկմանը, թե կոալիցիոն գործընկերները չեն հայտարարում Սպիտակում ՀՀԿ թեկնածուին աջակցության մասին, ՀՀԿ-ականը պատասխանեց.



«Դա իրենց խնդիրն է: Եթե կհայտարարեն, կաջակցեն, մենք իսկապես ունենք կարիքը, նաեւ ակնկալում ենք եւ շատ շնորհակալ եւ գոհ կլինենք: Բայց Սպիտակի շրջանային խորհուրդն ի զորու է նաեւ իր առջեւ դրված խնդիրը միայնակ լուծել»:



ԲՀԿ աջակցությունն ակնկալող պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ով նաեւ ՀՀԿ Սպիտակի շրջանային խորհրդի ղեկավարն է, եթե հիշում եք, մոտ երկու ամիս առաջ Սպիտակի ՀՀԿ կառույցում «բացահայտեց» ԲՀԿ-ի հետ համագործակցող 5-6 ՀՀԿ-ականների եւ մեծ հանդիսավորությամբ դուրս հանեց նրանց կուսակցությունից` թերեւս փորձելով իր հավատարմությունը հավաստել ՀՀԿ-ին: Ինչ խոսք, անհասկանալի է, երբ կոալիցիոն գործընկերոջ հետ համագործակցության մեղադրանքով մարդիկ են դուրս հանվում Հանրապետականից, իսկ ընտրության ժամանակ աջակցություն է ակնկալվում նույն այդ գործընկերոջից: Ուստի մի քանի հարց ուղղեցինք սպիտակցի պատգամավորին:



- Պարոն Սահակյան, Դուք Սպիտակում ՀՀԿ-ից դուրս հանեցիք ձեր կուսակցականներին` ԲՀԿ-ի հետ համագործակցության մեղադրանքով, իսկ հիմա ՀՀԿ-ն Սպիտակում ակնկալում է ԲՀԿ-ի աջակցությո՞ւնը:



- Ասեմ, որ դա կուսակցական աշխատանք է: Ես ընդամենը, որպես շրջանային խորհրդի նախագահ, արտահայտել եմ իմ վերաբերմունքը: Ինձ համար կապ չունի, թե որ քաղաքական ուժի հետ են համագործակցել կամ ինչ քայլեր են արել, ընդամենը ես կատարել եմ այն պարտականությունը, որը դրված է իմ վրա, եւ ես, որպես հանրապետական, որպես պարտաճանաչ կուսակցական, հաշվետու եմ իմ ղեկավարության, իմ կուսակցության նախագահի առջեւ, եւ եթե կա որեւէ խախտում, ես որեւէ հիմք չունեմ, որ աչք փակեմ, որ հետագայում ակնկալենք այս կամ այն կուսակցության աջակցությունը:



- Ի՞նչ էին արել այդ մարդիկ, ինչպե՞ս էին համագործակցել ԲՀԿ-ի հետ, որ Դուք նրանց վտարեցիք կուսակցական կառույցից: Կոալիցիոն գործընկերոջ հետ համագործակցելով, այդ ի՞նչ լուրջ հանցագործություն էր կատարվել:



- Որեւէ լուրջ հանցագործություն չի կատարվել: Ընդամենը Հանրապետական կուսակցությունն անաչառ է, հետեւողական է իր կանոնադրական խնդիրներն իրականացնելու հարցում: Եվ այստեղ պետք չի եզի տակ հորթ որոնել:



- Բայց փաստ է, որ Դուք մարդկանց հեռացրիք կուսակցությունից ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար:



- Դա մեր կանոնադրական խնդիրների եւ պարտականությունների շրջանակում է:



- Կանոնադրությունն ասում է, որ կոալիցիոն գործընկերոջ հետ համագործակցելու համար հեռացնո՞ւմ են կուսակցությունից: Նաեւ` ո՞նց էին համագործակցել. միասին սեղա՞ն էին նստել, թե՞ հանրահավաք էին կազմակերպել:



- Նման որեւէ խնդիր չի եղել: Դա մեր խնդիրն է. կուսակցության աշխատանքային եւ նմանատիպ միջոցառումներ կարող են մեկ ամսվա մեջ տարբեր շրջանային խորհուրդներում լինել:



- Չե՞ք կարծում, որ դա արդեն իսկ բացառում է Սպիտակում ԲՀԿ-ի աջակցությունը:



- Ոչ, իհարկե չի բացառում: