Ներկուսակցական կռիվների ժամանակը

Ներկուսակցական կռիվների ժամանակը
ՀԱԿ-ի մաս կազմող 18 կուսակցություններից յուրաքանչյուրը,  ըստ լուրերի, այս օրերին փորձում է իր կուսակիցների հնարավորինս մեծ մասնակցություն ապահովել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղերում: Ասում են, որ, զորօրինակ, ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն իր կուսակցության համար անցողիկ երեք տեղ է պահանջել՝ իր, Գուրգեն Եղիազարյանի եւ եւս մեկ հոգու համար: «Իմ կարծիքով՝ դա ընդամենը ինտրիգ է, որ նետված է, նման բան չկա»,- երեկ մեր թղթակցին հայտնել է ՍԴՀԿ ատենապետը՝ ավելացնելով.



«Մենք շատ զուսպ մարդիկ ենք, որպեսզի նման առեւտրի մեջ մտնենք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ պետք է նախ մեխանիզմը լինի, որից հետո ամեն կուսակցություն կհասկանա, թե ինչ չափով եւ ինչ իրավունքներ ունի»: Տիկին Սարգսյանն ասաց, որ համամասնական ցուցակը ՀԱԿ-ում քննարկման չի էլ դրվել. «Դեռ մեծամասնականի մասին ենք քննարկում՝ առաջադրե՞լ թեկնածուներ, թե՞ ոչ, բայց դեռ վերջնական որոշում չենք կայացրել»: Վստահեցրեց նա՝ ասելով, որ անգամ տեղյակ չէ՝ ինքն անձամբ ընդգրկվելո՞ւ է ցուցակի անցողիկ տեղում, թե՞ ոչ: Հանգստացնենք տկն Լյուդմիլային՝ օրենքը կանանց 20 տոկոս մասնակցություն է պահանջում: Այնպես՝ որ ուզեն-չուզեն, ընդգրկելու են հենց առաջին տասնյակում: