Համամասնականը համադարման է, բայց ոչ ՀՀԿ-ի համար

Համամասնականը համադարման է, բայց ոչ ՀՀԿ-ի համար
Խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգության» եւ Դաշնակցության կազմակերպած երեկվա հավաքը «Էրեբունի պլազա» հյուրանոցում, կարելի է ասել, միավորել էր հայաստանյան ընդդիմությանը. ներկա էին նաեւ ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատները», ՄԱԿ-ը, ԱԻՄ-ը: Համամասնական ընտրակարգին անցնելուն այս կամ այն չափով կողմ արտահայտվեցին նաեւ ներկա գրեթե բոլոր ուժերը` անգամ իշխանական ՕԵԿ ու ԲՀԿ պատգամավորները: Օրինակ` ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, իսկ ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը հիշեցին, որ ժամանակին դա նաեւ իրենց պահանջն է եղել: Այլ հարց է, թե ինչպես կքվեարկեն այդ նույն պատգամավորները, երբ նախաձեռնությունը հասնի խորհրդարան: Ի դեպ, Վարդան Բոստանջյանը, մեր հարցին ի պատասխան, երեկ հայտարարեց, թե ինքը կողմ է քվեարկելու, իսկ ՕԵԿ-ից պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը չէր կողմնորոշվել: Նախաձեռնությանը դեմ է Հանրապետականը, որն ակնհայտ ջղաձգվում է կոալիցիոն գործընկերների պահվածքից: ՀՀԿ-ից երկու ներկայացուցիչ էր քննարկմանը մասնակցում ` համամասնական ցուցակով ընտրված Հովհաննես Սահակյանն ու մեծամասնականով ընտրված Կորյուն Նահապետյանը: Մեր հարցին, թե ինչու ՀՀԿ ղեկավարությունից որեւէ մեկը չի եկել, Հովհաննես Սահակյանը երեկ հայտարարեց. «Ճաշակի խնդիր է, եթե Ձեր ճաշակի որեւէ մեկը չի եկել, դա դեռ ոչինչ չի նշանակում»: Մինչ ՀՀԿ-ականները կլքեին հավաքը, հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ եզրակացության եկան: «Մենք եզրակացրած արդեն եկել ենք»,-հայտարարեց իշխանության ներկայացուցիչը: «Իշխանությունն ընդունելո՞ւ է ընդդիմության առաջարկը» հարցին ՀՀԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Ոչ: Եզրակացությունը հետեւյալն է, որ ընտրությունների նախաշեմին ջրբաժանները խորացնելը ոչ ճիշտ է»:



Դաշնակցական Արմեն Ռուստամյանն առաջարկեց հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցով անցկացնել պլեբեսցիտ՝ հանրաքվե: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այն կարծիքին է, որ համամասնական ընտրակարգը թույլ կտա քաղաքական խորհրդարան ձեւավորել։ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի խոսքով` ՕԵԿ-ը կողմ է, որ մեծամասնական տեղերի փուլ առ փուլ նվազումը շարունակվի: Կուսակցության անունից ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, որ իրենք եւս կմիանան հետագա քննարկումներին: Համաժողովի նախօրեին ՀԱԿ-ը հայտարարություն էր արել, որով աջակցել էր խորհրդաժողովի կազմակերպիչներին` խոստանալով աջակցել նաեւ դրա ընթացքում ընդունված որոշմանը, որը միտված կլինի ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը: Երեկ համաժողովին ՀԱԿ-ից ներկա էին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու Վլադիմիր Կարապետյանը: ՀԱԿ համակարգողն ասաց, որ սա Ընտրական օրենսգրքի հետ կապված իրենց 7 առաջարկներից մեկն է, եւ իրենք կողմ են դրա ընդունմանը: Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը եւս կողմ է 100 տոկոսանոց համամասնականին, սակայն չի կարծում, որ դա ընտրակեղծիքների խնդրի լուծում է: Արսենյանի խոսքով` մեծամասնական ընտրակարգն իշխանության համար դոպինգի հնարավորություն է, ու 100 տոկոսանոց ընտրակարգը կբացառի դոպինգի կիրառումը: Մինչդեռ վերջերս ՀՀԿ-ական դարձած պատգամավոր Կորյուն Նահապետյանի համար անհասկանալի էր, թե ինչու է այսօր քաղաքական օրակարգում այս հարցը դարձել առաջնային, քանի որ, ըստ նրա, մենք քաղաքական բարեփոխումների կարիք ունենք, եւ համամասնականը չէ, որ պետք է երաշխավորի ազատ եւ արդար ընտրությունները:



100 տոկոսանոց համամասնականին անցումը կուժեղացնի կուսակցությունները: Կնշանակի` առանց կուսակցականանալու որեւէ մեկը չի կարողանա խորհրդարան մտնել: Սա կբարձրացնի կուսակցությունների դերակատարությունը` որպես միակ ճանապարհ դեպի խորհրդարան, նաեւ ֆինանսական նոր աղբյուրներ կբացի կուսակցության համար. օլիգարխներն ու գործարարները կուսակցական ցուցակի միջոցով կմտնեն խորհրդարան` ֆինանսավորելով տվյալ կուսակցությանը, նաեւ տեղերում կփորձեն ձայն բերել կուսակցությանը: Այլ հարց է, թե որքանով կլուծի ընտրակեղծիքների խնդիրը: Երեկվա քննարկման վերջում «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանին հարցրինք, թե արդյոք համամասնական ընտրակարգի անցումը որեւէ կերպ կբացառի՞  ընտրախախտումները` հիշեցնելով, որ նույն Նոր տարվա տոպրակները բոլորովին վերջերս բաժանվում էին կուսակցությունների մակարդակով: «Սա ամբողջությամբ չի լուծում կեղծիքների հարցը, բայց սա այն գործիքներից մեկն է, որ համեմատաբար նվազեցնում է: Մեծամասնականը ընտրակեղծիքների օջախներից մեկն է, միգուցե գլխավորը»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը: Մեր դիտարկմանը, թե ասվում է, որ համամասնականին կողմ են այն ուժերը, որոնք մեծամասնականով հաղթելու շանս չունեն, ընդդիմության ներկայացուցիչը հայտարարեց. «Դա պարզ շահարկում է»: Հետաքրքրվեցինք, թե, օրինակ, «Ժառանգությունն» ունենալո՞ւ է մեծամասնականով թեկնածուներ: «Գուցե եւ մասնակցենք, հարցը դա չի: Մի բան հստակ է, որ մեծամասնականը դա ապաքաղաքական ընտրություն է, քաղաքական ընտրություն չի: Ապաքաղաքական ընտրությունները քաղաքական գործիչների համար չեն: Դա փողի համար է: Ուժ ունեցողի համար է, սափրագլուխներն են դերակատար լինում եւ այլն»,- ասաց Հակոբյանը: Թեեւ որեւէ երաշխիք չկա, որ նույն օլիգարխներն ու փողատերերը չեն մտնի համամասնական ցուցակ, ու ընտրություններում նույն պատկերը չի կրկնվի:



«Համաձայն եմ, որ միայն ընտրակարգի փոփոխությամբ ամբողջությամբ պատնեշ ընտրակեղծիքների առջեւ չես դնում»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` շարունակելով. «Հենց դրա համար մեր առաջարկությունը յոթ փոփոխություն էր, ինչը մենք վերահաստատել ենք երեկվա հայտարարությամբ»:



Այսպիսով, բացի ՀՀԿ-ից, գրեթե բոլոր ուժերն այս կամ այն  չափով կողմ են հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Մնում է պարզել՝ ինչո՞ւ չի այն ընդունվում: