Իմիտացիա

Իմիտացիա

Այստեղ կարող է լինել քո նկարը



Հայաստանում տարվում է բացարձակ տնտեսական իմիտացիայի քաղաքականություն, որը չի բխում հայ ազգի շահերից:  Ի՞նչ է իրենից ներկայացնում տնտեսական իմիտացիան: Դա մեր իրականության մեջ մի դառը իրողություն է, որտեղ մեր ձախողված կառավարությունը ստեղծել է արհեստական տնտեսական հարթակներ, և այնտեղ հավաքագրել  մորթապաշտ ու նյութապաշտ այրերի, որոնք կառավարում են ավելի քան 6 միլիարդ դոլար ստվերային շուկա, այդպիսով թուլացնելով մեր հասարակության սոցիալական արժեքները, հասարակական բարոյականությունը, կամքի դրսևորումը, իսկ ցանկացած բանիմաց մարդ կասի ձեզ, որ կամայապես բարոլքված հասարակությանը հեշտ է կառավարել` թե տնտեսական, թե’ սոցիալական, և թե’ քաղաքական ոլորտներում:



Խոսենք փաստերով… Վերջերս Թեղուտում, Քաջարանում, Հանքավանում և Հրազդանում որոշել են հանքեր շահագործել: Զարմանալին այն է, որ մեր հասարակությունն այնքան է բարոյալքվել, որ չնչին ու կարճաժամկետ բարորության համար պատրաստ է ոտնահարել սեփական հողը, քանզի այդ խեղճ ու խաբված ժողովրդին համոզել են, որ այդպես նրանք ավելի լավ ապագա կունենան, իսկ սոցիալապես անապահով ապրող հայը իր կենսական գոյությունը պաշտպանելով և չհավատալով վաղվա օրվան` հանգիստ գնում է կործանման: Ինչ է սա, եթե ոչ տնտեսական իմիտացիա, որպեսզի հեշտ շահարկեն այն փառավոր հայ մարդուն, որը վաղուց ստրուկ է դարձել իր պապերից փափագած երկրում:



Այժմ դուք կասեք, որ ես խոսում եմ մի բանի մասին, որը որ դուք գիտեք: Իսկ ես կասեմ լռեք և ամոթ բոլորիդ, որ գիտեք ու ոչինչ չեք անում, քանզի դուք արդեն մեկ անգամ ենթարկվել եք քաղաքական իմիտացիայի: Կրկին խոսեմ փաստերով.   2008 թ.-ի մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները հարյուր հազարավոր հայերի հավատք ներշնչելով դուրս բերեցին փողոց: Իսկ կառավարությունը սեփական ժողովրդի առաջ կանգնեցրեց այն բանակը, որը պարտավոր էր պաշտպանել հենց այդ ժողովրդին: Շատերը մահացան: Լևոն Տեր-Պետրոսյանը առաջնորդին ոչ հարիր կերպով թաքնվեց իր առանձնատանը, իսկ բանակը ասպատակեց սեփական ժողովրդին: Այդ օրվանից հայ մարդը հուսալքվեց և հուսախաբվեց, բարոյապես ստորացավ և այլևս չի լինի այնպես, որ նրանք ուժ ու միասնականություն ունենան, քանզի դեռ մարտի մեկյան դառնության համը նրանց բերաններում է…



Ի՞նչ էր սա, եթե ոչ քաղաքական իմատացիա



Իշխանության մոլեռանդությունն այնքան է խեղդել մորթապաշտ, կուսակցամոլեռանդ ու ստահայրենասեր պետական այրերին, քաղաքական գործիչներին և այն երիտասարդներին, որոնք իրենց ապագան պատկերացնում են իշխանության ներսում, կորցրել են իրենց բարոյականությունը, և սոցալապես շահարկում են սեփական ժողովրդին: Մեկն ընտրակաշառքներ է բաժանում, մյուսները բարեգործության անվան տակ համախոհներ են հավաքում, իսկ բարոյալքված հասարակությունը հեշտությամբ տրվում է այդ գայթակղությանը: Այնքան ենք բարոյալքվել, որ ոտնատակ ենք անում այն նահատակներին, ովքեր ելան ու ընկան են հենց այսօրվա համար: Եվ դուք կասեք, թե սա սոցիալական իմիտացիա չէ՞ Հայեր, ի՞նչ է կատարվեց ձեզ հետ, որ  այդքան հեշտությամբ դավաճանեցիք ձեր նախնիներին: Ի՞նչ է կատարվում ձեզ հետ, որ այսօր լռում եք: Թե՞որոշել եք հանգիստ ապրել: Իսկ ի՞նչ եք ասելու ձեր սերունդներին: Ո՞րն է պատճառը, որ հանձնել եք նրանց թույլ ու աղքատ մի  երկիր, որը թուլացել և տնտեսապես քայքայվել է ձեր կենդանության ժամանակ: Թե՞ ամոթալի պատճառաբանություններ եք որոնելու ձեր անցած տարիների մեջ: Սակայն այս ամենը ձեր անմիասնականության հետևանքն է և անտարբերությունը հայրենիքի նկատմամբ, և դու’ք, հայ երիտասարդներ, բաժանվել եք հազարավոր թևերի և փորձում եք արատներ բուժել, սակայն դեռ արատը չբուժած` նոր արատներ են առաջանում,  և ոչ մի դրական արդյունք:



Մտորեք ինքներդ ձեր մեջ, թե ինչ երկիր կարղ եք ունենալ, եթե միասնական, սիրով ու հետագա բարորության ակնկալիքով ձեր բոլոր գործողություններն ուղղեք ձեր ազգի բարգավաճմանը, տենչաք վերականգնել ձեր երկրի վաղեմի պատմական փառքն ու կարգավիճակը: Ես այսքանը կասեմ, քանզի դուք էլ ամեն ինչ լավ գիտեք, բայց վախենում եք խոսել:  Մի բան լավ իմացեք, երբ կանգնեք արարչի առջև ու պատասխան տաք ձեր հոգու համար, չեք կարող ասել` ժամանակներն էին այդպիսին, և ես ստիպված էի լռել…



Արեն Արբերունի