Էլ ո՞վ կհամարձակվի Ձեր աշխատասենյակը մտնել

Էլ ո՞վ կհամարձակվի Ձեր աշխատասենյակը մտնել
Երեւի չեք մոռացել, թե Սյունյաց հերոսական մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, ինչպիսի սրտակեղեք նամակ էր  տարեսկզբին ուղարկել «Հրապարակի» խմբագրին՝ դժգոհելով մեր հրապարակումներից, որտեղ մենք հիմնականում կանխակալ վերաբերմունք ենք դրսեւորել՝ «պիտակավորելով» մարզպետին եւ աղավաղելով իր եւ իր մարզի մասին «իրականությունը»՝ առանց լսելու իր խոսքը: Մարզպետը նաեւ առաջարկել էր «երես առ երես հանդիպել» մեզ հետ եւ Սյունիքի մարզի, մարզպետարանի, մարզպետի մասին տեղեկություններ ստանալ անմիջապես մարզպետից: «Ընդ որում, պատրաստ եմ պատասխանել Ձեր՝ առանց բացառության բոլոր հարցերին՝ թույլատրելի եւ անթույլատրելի, կոռեկտ եւ ոչ կոռեկտ, սադրիչ եւ անկեղծ, ցինիկ եւ ողջամիտ, տնտեսական եւ քաղաքական, սոցիալական ու հոգեւոր-մշակութային: Ի վերջո՝ տեւական ժամանակ Դուք ինձ հայհոյում եք եւ չե՞ք ուզում գոնե մեկ անգամ երես-երեսի գանք ու պարզենք՝ այդ ի՞նչ եք անում Դուք Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, մեր պետականության, հայ մարդու արժանապատվության պաշտպանության համար, որ ես չեմ անում, եւ որը Ձեզ իրավունք է վերապահում դատավորի դեր ստանձնել ու անընդհատ վիրավորել իմ անձն ու արժանապատվությունը»,- սրտնեղել էր Խաչատրյանը: Մենք պատասխանել ենք մարզպետի նամակին ու հայտնել, որ չնայած նրա մեղադրանքներն անհիմն են, սակայն մենք այսուհետ էլ, հավատարիմ «Հրապարակի» սկզբունքներին, պատրաստ ենք տպագրել մարզպետի ինչպես հոդվածը, հայտարարությունը, այնպես էլ հարցազրույց անել նրա հետ: Բայց քանի որ Սյունյաց կտրիճը հաճախ է լինում Երեւանում, մարզպետին առաջարկեցինք հանդիպել երեւանյան հողի վրա: Խաչատրյանը, պարզվեց, միայն Սյունյաց աշխարհում է լրագրողների հետ շփվում:



- Չէ, չէ, մենակ ստեղ հարցազրույց կտամ: Բա վարչության պետերին պիտի կանչենք, տվյալներ վերցնենք:



- Հա, բայց ինչո՞ւ եք կարծում, որ դա մեզ պետք կգա, մենք ուզում ենք ոչ թե Ձեր մարզի, այլ Ձեր անձի մասին զրուցել, օրինակ՝ Ձեր հնարավոր առաջադրման մասին: Դուք չէի՞ք մեզ գրել, որ կարող ենք Ձեզ ամենատարբեր հարցերը տալ:



- Համ էլ ես ձեր գալը կապահովեմ:



- Եթե մեզ տվյալներ պետք լինեն, այստեղից գրավոր հարցում կանենք Ձեր վարչության պետերին. անհոգ եղեք:



- Ձեր գալը բերեք ես ապահովեմ, որ խնդիր չունենաք, ավտո ա, ինչ ա՝ ես էդ հարցը կլուծեմ: Խի՞ ես ուզում... վարչության պետը  ստեղ մի րոպեից տեղում կլինի ու տվյալները կներկայացնի, ու իրա հետ էդ տվյալները կքննարկենք ու կտանք թղթին:



- Բայց ինչի՞ եք համոզված, որ նման անհրաժեշտություն կառաջանա:



- Չէ, չէ, կառաջանա, անպայման կառաջանա, որովհետեւ մենք շատ լուրջ հարցազրույց ենք ունենալու: Հիմա խի՞ չես ուզում գաս՝ չեմ հասկանում, դա քեզ համար մեծ պատիվ է լինելու Սյունիք գալ:



- Ինչո՞ւ՝ Դուք պիտի որոշե՞ք, թե ես Ձեզ ինչ հարցեր եմ տալու:



- Չէ, չէ, ինչ հարցեր ուզում եք, ոնց ուզում եք՝ էդ հարցերը որոշեք, բայց նաեւ գալուց առաջ ես կապահովեմ՝ մի երկու օր առաջ ձեր հարցերը կուղարկեք մեզ, մենք բոլոր պատասխանները կպատրաստենք:



- Ինչի՞ց եք խուսափում, որ չեք ուզում հարցազրույց տալ:



- Խնդրում եմ ճիշտ հասկանաս, որ ես ոչ մի բանից խուսափած չկամ: Մասնավորապես ձեզ նման սիրուն աղջիկների հարցերին պատասխանելու հեչ խնդիր չունեմ: Ես հույս ունեմ, որ մենք մի անգամ հիմնովին հարցազրույց տանք, հետո նրանից հետո երբ կասեք, որտեղ կասեք՝ կկանգնենք ծառի տակ, փողոցում… չգիտեմ՝ պատշգամբում, չգիտեմ՝ այ էդ հարցազրույցները կանենք: Մի անգամ ուզում եմ, որ դուք իսկապես ծանոթանաք Սյունիքին, գործունեությանը, կատարված աշխատանքներին: Կարծում եմ՝ շատ բան կփոխվի:



- Բայց որ գամ Սյունիք, իմ անվտանգությունն ո՞վ է ապահովելու:



- Էէէէէէէէէէ… քո անվտանգությունն էլ կապահովենք, տուն-տեղն էլ, ի՞նչ խնդիր ունես:



- Դե, Սիլվա Համբարձումյանի դեպքից հետո մարդ վախենում է Ձեզ հետ հանդիպել:



- Մի վախի, մի վախի, ես կասեմ՝ վախդ կբռնեն: