«Ազգային համաձայնությունն» ընդդեմ Ազգային կոնգրեսի

«Ազգային համաձայնությունն» ընդդեմ Ազգային կոնգրեսի
ՀՀԿ համամասնական ցուցակում կարող են հայտնվել այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: «Ազգային համաձայնության» ցուցակի մասին խոսակցությունները դադարել են, բայց կան գրեթե վերջնական «բյութի» պայմանավորվածություններ, ըստ որոնց՝ ՀՀԿ համամասնական ցուցակում կընդգրկվեն Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը եւ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Բանակցություններ են տարվել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ, բայց նրանք հրաժարվել են պատգամավոր ընտրվել ՀՀԿ ցուցակով: Ըստ նախնական պայմանավորվածության՝ նախագահ Սարգսյանին աջակցող արտախորհրդարանական ուժերը պետք է դաշինք կազմեին եւ առանձին դաշինքի միջոցով մասնակցեին խորհրդարանական ընտրություններին: Սակայն պարզ էր, որ այս ուժերը նույնիսկ իշխանության ամենալայն աջակցության շնորհիվ չէին կարող հաղթահարել 7 տոկոսանոց արգելքը, որը պետք է դաշինքներին խորհրդարան մտնելու համար: Բացի այդ, իշխանությունն այդքան ռեսուրս չունի, որը կարողանա բաշխել ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին, իսկ հիմա էլ՝ արտախորհրդարանական ուժերին:



Հենց այդ պատճառով ավելի արդյունավետ է համարվել այս անձանց ընդգրկել ՀՀԿ համամասնական ցուցակում եւ այդ ճանապարհով նրանց բերել խորհրդարան: Երբ պարզվել է, որ առանձին դաշինքով գնալու ծրագիրը «ջրվում է», որոշ գործիչներ հրաժարվել են մտնել ՀՀԿ ցուցակ:



Իսկ թե ինչու է իշխանությանը եւ անձամբ նախագահ Սարգսյանին պետք, որ Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Արտաշես Գեղամյանը լինեն ապագա խորհրդարանում՝ պարզից էլ պարզ է: Այս հարցի պատասխանը ոչ մի կապ չունի «ազգային համաձայնության» հետ եւ թելադրված է շատ պրագմատիկ հաշվարկներով: Իշխանությունը հասկանում է, որ ապագա խորհրդարանում որոշակի ներկայություն է ունենալու ՀԱԿ-ը, որի ներկայացուցիչները փորձելու են տապալել խորհրդարանի աշխատանքը եւ հանդես են գալու իշխանության հասցեին ուղղված ամենասուր քննադատությամբ: Ո՞վ կամ ինչպե՞ս պետք է պատասխանի այդ քննադատությանը, ի՞նչ պետք է անել, որ ՀԱԿ ներկայացուցիչներին զսպեն կամ հակակշռեն: Իհարկե, ՀՀԿ շարքերում կան պատգամավորներ, որոնք կարող են հայհոյել եւ սպառնալ ՀԱԿ ներկայացուցիչներին, գործի դնել բռունցքները, ինչպես դա տեղի ունեցավ 2004թ., երբ ընդդիմադիր պատգամավորները գրավում էին ԱԺ ամբիոնը եւ տապալում խորհրդարանի աշխատանքը: Բայց միայն հայհոյանքներով ու բռունցքներով հնարավոր չի լինի լռեցնել ընդդիմությանը: ԱԺ դահլիճում պետք է լինեն մարդիկ, ովքեր ՀԱԿ ներկայացուցիչներին կհիշեցնեն «ՀՀՇ-ական թալանի, մութ ու ցուրտ տարիների, թալանված արդյունաբերության, արհեստական էներգետիկ ճգնաժամի, պատվիրված սպանությունների, արտագաղթի ու կեղծված ընտրությունների» եւ տեր-պետրոսյանական իշխանությանը վերագրվող այլ այլանդակ դրսեւորումների մասին:



Ո՞վ կարող է կատարել այդ գործը: ՀՀԿ-ում այդչափ պատրաստված եւ հռետորական բացառիկ ձիրք ունեցող գործիչներ չկան: ՀՀԿ-ականները կարողանում են ամբիոնից սպառնալ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւին, բայց ավելի զգուշավոր են, երբ խոսքը վերաբերում է ՀՀ նախկին նախագահներին: Մինչդեռ վերոնշյալ գործիչները Տեր-Պետրոսյանի քննադատությամբ են հանդես եկել նրա իշխանության տարիներին, իսկ հիմա նրա եւ նրա թիմի ներկայացուցիչների դեմ խոսելու որեւէ խնդիր չունեն:



Ճիշտ է, ՀԱԿ ներկայացուցիչները եւս կարող են այս մարդկանց տարբեր մեղադրանքներ ներկայացնել, ասել, որ ժամանակին նրանք ընդդիմադիր էին Սերժ Սարգսյանին, իսկ հիմա դարձել են նրա իշխանության մոլի երկրպագուները, սազանդարներ, որ մի քանի արծաթով ծախել են իրենց խիղճը եւ քաղաքական հայացքները: Բայց այդ փոխադարձ մեղադրանքները ոչ մի վնաս չեն կարող պատճառել իշխանությանը, քանի որ դրանք որեւէ կերպ չեն ազդի խորհրդարանի աշխատանքի արդյունավետության վրա: Իշխանությունը խորհրդարանում կունենա բացարձակ մեծամասնություն, եւ երբ այդ փոխադարձ մեղադրանքները եւ վիրավորանքները կդադարեն, անհրաժեշտ օրինագծերը կդրվեն քվեարկության եւ կընդունվեն:



Իրադարձությունների զարգացման նման ընթացքը երկրին ոչինչ չի տա, բայց խորհրդարանը ներկայիս մեռած ու ճահճացած վիճակից կարող է վերածվել բավական հետաքրքիր եւ դիտարժան կառույցի՝ հայ հանրության համար ապահովելով հետաքրքիր տեսարաններ:



Ավետիս Բաբաջանյան