Դատարանները մամուլի հանդեպ մտրակի քաղաքականություն են որդեգրել

Դատարանները մամուլի հանդեպ մտրակի քաղաքականություն են որդեգրել

Վերջին տարիներին Հայաստանում լրագրողների դեմ դատական գործերը շատացել են, որոնք ակտիվորեն սկսել են լուսաբանվել լրատվամիջոցների կողմից: Այս տարի լույս է տեսել «Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները և դատական գործերը 2010-2011 թթ. դեպքերի վերլուծությունները» գիրքը, որը հրատարակվել է հետաքննող լրագրողների ՀԿ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Գրքում ներկայացված է 37 դատական գործ: Գիրքը հասանելի է նաև օտարերկրյա ընթերցողին, քանի որ լույս է տեսել նաև գրքի անգլերեն տարբերակը:



    Գրքի առաջին բաժնում («Լրագրողները և ԶԼՄ-ն դատարանում») ներկայացված են 2010-11 թթ. դատավարությունները, որտեղ լրագրողները հանդես են գալիս պատասխանողի կամ հայցվորի դերում: Նրանց դեմ հայցերը հիմնականում ներկայացրել են հանրային անձինք:  Գրքի երկրորդ մասն ամփոփում է նույն ժամանակահատվածում լրագրողների դեմ բռնությունների դեպքերը և նախորդ տարիներին գրանցված բռնությունների բացահայտման հետ կապված զարգացումները: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ անդամ, գրքի խմբագիր Լիաննա Սայադյանը նշեց. «Կարծես օրինաչափորեն բռնությունների դեպքերր թիվը նվազում է ոչ ընտրական տարում և աճում նախընտրական շրջանում: 2010-11 թթ. դրանց թիվը նվազել է:



Գրանցվել է 9 և 4 դեպք ` նախորդ` 2008-2009-ի 18 և 11 դեմքի համեմատությամբ« և հավելեց, որ լրագրողների նկատմամբ կատարված գրեթե բոլոր լուրջ հանցագործությունները իրավապահները չեն բացահայտել:  Լ. Սայադյանը նշեց նաև, որ վերջին տարիներին կատարած հետաքքնությունների արդյունքում եկել են մի եզրահանգման` դատարանները մամուլի հանդեպ մտրակի քաղաքականություն են որդեգրել: Լրատվամիջոցները հարկադրված էին ընտրել ինքնագրաքննության ուղին, քանի որ փոխհատուցման գումարների չափերը իրական սպառնալիք դարձան լրատվամիջոցների գոյության համար:



    Խոսելով Հայաստանում լրագրողների ազատության մասին` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ղեկավար Օլիվեր Մակքոլը նշեց. «Լրագրողների իրավիճակի հետ կապված առաջընթաց կա, բայց դեռ շատ ճանապարհ պիտի անցնենք: Այս  գիրքը լավ հիմք է հանդիսանում Հայաստանում մամուլի և խոսքի ազատությանն առնչվող մարտահրավերները գնահատելու և իրավիճակի բարելավման ուղիներ մշակոլու համար»:



Վարդուհի Ստեփանյան