Անգամ աստվածները չեն փրկի ադրբեջանցիներին. փաստերի լեզուն չի ստում

Անգամ աստվածները չեն փրկի ադրբեջանցիներին. փաստերի լեզուն չի ստում

«Աստվածներն իրենք--անզոր են--հիմարության դեմ»:



 Այզեկ Ազիմով



(Հրեա գրող)



«Հին Երևան» Ծրագրի «աջակիցներն» ավելանում են հանձինս մեր ադրբեջանցի հարևանների: Ադրբեջանը սենսացիոն հայտարարություն է արել` «օգնություն» առաջարկելով հայաստանյան մասնագետներին ծրագրի իրականացման համար: Մարդիկ ոչ մի կերպ չեն ուզում ընկրկել պատմական կեղծարարության մառազմատիկ գործընթացից: Ինպես տարիներ շարունակ մեծից փոքր հայտարարում էին, որ Երևանը ադրբեջանական հող է, այդպես էլ շարունակում են առ այսօր: Վերջերս էլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հեգնանքով հայտարարեց, որ իրենք պատրաստ են օգնել « Հին Երևան»-ը վերականգնելու հարցում (դե իհարկե մզկիթների և այլ իսլամական տարրերը վերակագնելու տեսքով): Ինչ արած, ուշ միջնադարում մեր տարածաշրջանում հայտնված քոչվոր ցեղերը որոշել են սեփականաշնորհել այն ամենը, ինչ հնարավոր է` այդպիսով հաստատուն հող նախապատրաստելով բնիկ ժողովրդի կարգավիճակի համար: Դե մեզ կարծես ոչինչ չի մնում, քան մի փոքր պատմական մեջբերումներ անելով, փորձել պատասխանել, բառի լայն իմաստով, ոչ թե այդ ներկայացուցչին` ոմն Ֆուադ Ախունդովին, այլև մեր «բազմադարյա», «հինավուրց», և որն ամենակարևորն է «բնիկ» հարևան ժողովրդին: 



Երևանի մասին խոսելիս կարելի է հասնել մինչև անտիկ ժամանակաշրջան, եթե, իհարկե, չխորանանք առասպելների մեջ: Կարելի է խոսել միանշանակ այն վայրիվերումների մասին, որի միջով ստիպված ենք եղել անցնել մենք, երբ միջնադարում  այն բազմաթիվ անգամ ավերվեց արաբների, սելջուկների, թաթար- մոնղոլների (Թամերլանի ժամանակաշրջան 1387թ.) կողմից, բայց պատմության խրոնոլոգիական ընթացքը թվարկելը և դրա ընթացքում տեղի ունեցող դեպքերի ամբողջական պատկերը ներկայացնելը կարող է ձանձրալի լինել, սակայն պատմական ճշմարտության հաստատման համար որոշ կոնկրետ փաստեր թվարկելն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, ի վերջո վերջնական նպատակի համար որոշակի զոհողությունների գնալը կարծում եմ արժե:



Այսպիսով, կարելի է միանգամից խոսել Քաղաքի օսմանա-պարսկական շրջանի մասին, որը պետք է, որ մեր ադրբեջանցի հարևաններին շատ հետաքրքրի, չէ որ այստեղ Պարսկաստանն էլ իր չափով որոշակի հաջողությունների է հասնում Օսմանյան Կայսրության հետ պայքարում, որոնք ադրբեջանցիք շատ լկտի, բայց և տակտով վերագրում են իրենց սեփական հաջողությունների շարքին` կարծես դրանով իսկ փորձելով ազգային հպարտության մեծ չափաբաժին ներարկել սեփական հասարակությանը:



16-17-րդ դարերում Երևանն, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանը, հանդիսանում էր թուրք պարսկական պատերազմների թատերաբեմ, որն այդ ընթացքում ձեռքից ձեռք անցավ 14 անգամ, իսկ այդ ամբողջ ընթացում հայությունը, աքսորվում, գերևարվում և սրի էր մատնվում, որին հետևում էր  մուսուլմանական բնակչության` տարածաշրջանում հեռահար նպատակների համար բնակեցումը: Այս մասին շատ պարզ խոսում է, ոչ ավել ոչ պակաս, քան 19-րդ դարի ազգությամբ ադրբեջանցի պատմաբան, գրող Աբասղուլու Բակիխանովը` ասելով հետևյալ ուշագրավ տողերը. «16-րդ դարի սկզբին, երբ Սեֆյան արքայատոհմի հիմնադիր շահ Իսմայիլը գրավում է Երևանը, հրամայում է Իրաքի Բայաթ ցեղախմբի մի մասը բնակեցնել Էրիվանում` որպես բնական հենարան տեղական իշխանավորների համար»: Համաձայնենք, որ այդքան էլ դժվար չէ պատկերացնել նմանօրինակ գործընթացների տրամաբանական արդյունքը:



Հարևան Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի մասին, մասնավորապես, մինչ ռուս-պարսկական վերջին պատերազմը, իսկ ավելի կոնկրետ 18-րդ դարի կեսերի մասին, երբ, անխոս, այդ ժամանակ հայության թիվը կազմում էր շուրջ 20%, ի տարբերություն մուսուլմանների, որոնք լրացնում էին բնակչության մնացյալ 80%-ը: Սա փաստ է, և այս հարցում վիճելն անխոս անիմաստ է, սակայն մյուս կողմից էլ ինչու չի խոսվում այն մասին, որ 1604թ.-ին շահ Աբասը, չկարողանալով դիմադրել թուրքական ահագնացող վտանգին, հրամայել է տարհանել տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին (ներառյալ իհարկե հայերին)` թողնելով տարածքն ամայի, իսկ վերագրավման արդյունքում բնակցերել է բացառապես մուսուլմաններով` հայերին քշելով կայսրության խորքերը (խոսքը վերաբերում է արդեն մնացյալ հայերին, որովհետև այսպես կոչված տարհանվածների զգալի մասը սրի են մատնվել, խեղդվել Արաքսի ջրերում կամ էլ կրակի մատնվել իրենց իսկ տներում): Բայց չէ որ մինչ շահ Աբասի` Երևանի գրավումն այն պատկանում էր հայերին և գրեթե ամբողջությամբ բանկեցված էր հայերով, ինչպես ասել էր այն ժամանակների պորտուգալացի հեղինակ, բանագնաց, դեսպան Անտոնիո դե Գուվեյան, որի գրի առած նյութերի վրա է հիմնականում հիմնված եվրոպացիների պատկերացումը 17-րդ դարի Սեֆյան Պարսկաստանի վերաբերյալ:



Ինչևէ, 1639թ.-ին կնքված թուրք-պարսկական հաշտության պայմանագրի արդյունքում Երևանը վերջնականապես ընդգրկվեց Պարսկաստանի կազմում, իսկ ավելի քիչ քան 100 տարի անց` Սեֆյան Պարսկաստանի անկումից հետո (1723թ.) այն կրկին հայտնվեց թուրքերի ձեռքում. սրա մասին արդեն գրում է իտալացի պատմաբան, դեսպան Ջիովաննի Սագրեդոն, որը բառացիորեն ասում է հետևյալը. «Էրիվանի ուղղությամբ առաջացող թուրքական բանակը հանկարծահաս գրոհով գրավեց այդ տարածքը` ոչնչացնելով 30,000 հայերի:»



Խնդրում եմ ուշադրություն դարձնել նշված ժամանակաշրջանին, որից ընդամենը մի երկու տասնամյակ անց, հիմք ընդունելով կազմված ժողովրդագրական վիճակագրությունը, ադրբեջանցի բանախոսները, քաղաքական գործիչները և այլ մառազմատիկ դեմքեր ցինիկաբար խոսում են հայերի` այդ տեղում փոքրամասնություն լինելու մասին և դեռ մի բան էլ համարձակվում են դժգոհել վերջին ռուս-պարսկական պատերազմի արդյունքում կնքված Թուրքմենչայի պայմանագրից, որի 15-րդ կետի համաձայն 1 տարվա ընթացքում քրիստոնյա բնակչությանը իրավունք էր տրվում Արաքսից հյուսիս անցնել, իսկ մուսուլմաններին հակառակը: Արդյունքում, ինչ խոսք, զգալիորեն փոխվեց հայերի թիվը` կազմելով ընդհանուր բնակչության 40%-ը, իսկ 20-րդ դարի սկզբին այն արդեն կազմում էր շուրջ 50%: Ասացեք խնդրեմ, որն է մեր` հայերիս, մեղքը ռուս-պարսկական պատերազմի արդյունքների հաշվով և որ բարոյական իրավունքով են ադրբեջանցիները խոսում պատմական անարդարության մասին` մատնանշելով Թուրքմենչայի վերընշված 15-րդ կետը:



Ինչևէ, սա էլ մեր Երևանի դժբախտ, բայց և պատմական ճշմարտության հետևանքով իր հպարտությունը վերագտած պատմությունը: Միշտ էլ կարելի է պատմությունից մի քանի դրվագներ առանձնացնել և զբաղվել ինքնախաբեությամբ, բայց միթե դա կարող է լուրջ ընդունվել լուրջ մարդկանց կողմից և ինչ-որ լավ բանի հանգեցնել: Անձամբ ես խորապես կասկածում եմ, քանի որ նման բան ինձ ծանոթ չէ, սակայն չի էլ կարելի ժխտել այն համընդհանուր երևույթի առկայությունը, որը մշտապես հետապնդել է մարդկանց և կոչվում է հիմարություն: Այս մարդկային ամենամեծ արատը բավականին գեղեցիկ կերպով ամփոփել է աշխարհահռչակ գրող Այզեկ Ազիմովն իր գիտաֆանտաստիկ ժանրի գլուխգործոց «Աստվածներն իրենք» գրքի մեջ` բաժանելով այն երեք մասի. «Աստվածներն իրենք--անզոր են--հիմարության դեմ»:

Էրիկ Երիցյան