Մարզադպրոցներն այլեւս ինքնուրույն են գործելու

Մարզադպրոցներն այլեւս ինքնուրույն են գործելու
Ուրբաթ կայացված Երեւանի ավագանու որոշմամբ Երեւանի մարզադպրոցները նորից գործելու են որպես ինքնուրույն մարմիններ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հենց նույն ժամանակահատվածում որոշում ընդունվեց Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մարզադպրոցները հավաքել մեկ տանիքի տակ, ինչի արդյունքում ստեղծվեց «Երեւանի սպորտկոմիտե» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը, որի մեջ ընդգրկվեցին 25-ից ավելի մարզադպրոցներ: Այդ որոշումն առաջ բերեց դժգոհության մեծ ալիք: Մարզադպրոցների ղեկավարները դժգոհում էին ինքնուրույնությունից զրկվելու համար: Դրան զուգահեռ, որոշման արդյունքում մարզադպրոցների բազմաթիվ աշխատողներ ու հաստիքներ կրճատվեցին: Վերացվեցին հաշվապահությունները, այսինքն՝ մարզադպրոցները զրկվեցին ինքնուրույն տնտեսվարում իրականացնելու իրավունքից, ինչպես նաեւ մրցակցությունից: Մարզադպրոցների փոխարեն «Երեւանի սպորտկոմիտեն» էր որոշումներ կայացնում ու իրականացնում, եւ այդ մոնոպոլ կարգավիճակը սպորտդպրոցներին աստիճանաբար լճացման էր տանում:



Դեռեւս այդ որոշումն ընդունելուց հետո կրճատված աշխատողները մեծ աղմուկ բարձրացրին: Դիմումներով, նամակով դիմեցին քաղաքապետին՝ լուծարել այդ ՀՈԱԿ-ը: «Ձեզ, որպես քաղաքապետի, խնդրում ենք՝ առանց հապաղելու լուծարել մարզադպրոցների համար չարիք դարձած «Երեւանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ը եւ 25 մարզադպրոցներին շնորհել համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների կարգավիճակ` վերականգնելով հաշվապահների, բժիշկների ու մեթոդիստների հաստիքները: Խնդրում ենք նաեւ փոխել մարզադպրոցների ներկա անվանումները (դրանք համարակալված են 1-25)»,-քաղաքապետին ուղղված իրենց բաց նամակում գրել էին կրճատված մի խումբ աշխատակիցներ: Քաղաքապետը, սակայն, այդ ժամանակ ուշադրություն չդարձրեց այդ դժգոհություններին ու բողոքներին, եւ միայն մեկ տարի անց հանգեցին եզրակացության, որ իրենց որոշումը սխալ էր: «Այս որոշումը բխում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մարզադպրոցների աշխատանքի արդյունավետության բարձրացման, գործառույթների հստակեցման, մարզական ու տնտեսական մրցակցության ապահովման, ինչպես նաեւ մայրաքաղաքում մանկապատանեկան սպորտի զարգացման անհրաժեշտությունից»,- որոշումը փոխելիս հետեւության են եկել ավագանու նիստում: Այնուամենայնիվ, քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանից փորձեցինք պարզել, թե որն էր այս փոփոխության նպատակը, երբ դրա արդյունքում այդքան մարդ մնաց անգործ, եւ մեկ տարի անց վերադարձան հին համակարգին: «Կառույցն ուղղակի չարդարացրեց,- ասաց Մամիկոնյանը եւ անկեղծորեն խոստովանեց:- Մոնոպոլիզացված ինչ-որ հիմնարկ էր, որը կարող էր դառնալ նորմալ հիմնարկ, ուղղակի կյանքը ցույց տվեց, որ պետք չէր էդպես մեծ դպրոցներ ունենալ: Մի խոսքով, չարդարացրեց իրեն»: Մամիկոնյանի խոսքով, փոփոխվել է միայն ֆորմատը, իսկ սպորտկոմիտեն պահպանվել է: «Սպորտկոմիտեն պարզապես վերակազմակերպվել է: Հիմա այդ կառույցը նորմալ կաշխատի, այսինքն՝ նա կանի էն, ինչ ի սկզբանե դրված էր իր գաղափարի մեջ՝ զբաղվել մեծ սպորտով»:



Մամիկոնյանից հետաքրքրվեցինք՝ սկզբում, երբ փոփոխությունն արվում էր, ռիսկերը հաշվի չէի՞ն առնվում, մանավանդ որ դժգոհության ալիքն այդքան մեծ էր: «Դե, դժվարանում եմ ասել, այդ ժամանակ ես չէի այս պաշտոնում, սակայն կարծում եմ, որ պետք է հաշվի առած լինեին: Դա մի կառույց էր, որ փորձում էր բաց փակել, որը ոչ լիարժեք էր ստացվում: Հիմա կփորձենք այդ բացը փակել... Բայց դե, կյանքը շարունակվում ա, գետը հոսում ա, եւ սխալների  հետեւանքով գալիս ես ինչ-որ մի տարբերակի»,- նկատեց Մամիկոնյանը, ավելացնելով՝ «ես այս տարբերակի կողմնակից եմ»: Փորձեցինք լսել նաեւ մարզադպրոցների կարծիքն այս փոփոխության շուրջ: Դրանցից մի քանիսի ղեկավարները դեռեւս անտեղյակ էին Երեւանի ավագանու որոշումից, որոշներին էլ կարծես չէր հետաքրքրում: «Ես նախկինում չեմ աշխատել, չգիտեմ: Այս կարգավիճակն ինձ լիովին բավարարում է»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հովսեփ Մեսրոպյանը: